«Փաստաբանի նկատմամբ նրա մասնագիտական գործունեութան հետ կապված որևէ ոտնձգություն և ճնշում անթույլատրելի են և պետք է ստանան խստագույն իրավական գնահատական»․ Է․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իր գլխավորած խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել փաստաբանի համար:
«Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով մասնավորապես նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել փաստաբանի համար: Այսինքն, առաջարկվում է խիստ պատիժ՝ փաստաբանի գործունեությանը ապօրինի միջամտելու, նրան սպառնալու, վիրավորելու, զրպարտելու կամ այլ ձևով փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու համար։

Նախագծի մշակումը պայմանավորված է վերջին շրջանում հաճախակի դարձած փաստաբաններին վիրավորելու դեպքերով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հավատացած է, որ փաստաբանի նկատմամբ նրա մասնագիտական գործունեութան հետ կապված որևէ ոտնձգություն և ճնշում անթույլատրելի են և պետք է ստանան խստագույն իրավական գնահատական. իրավական պետություն կառուցելուն ձգտող հասարակությունում փաստաբանը պետք է լինի հարգված և պաշտպանված ու անխոչընդոտ իրագործի անձին պաշտպանելու իր առաքելությունը »։