Աքիֆ Հասանովն ընդդեմ Ադրբեջանի

Դիմումատուն՝ Աքիֆ Հասանովը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1955 թվականին, բնակվում է Բաքու քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ եղբորը և հարևանին փողոցում վիրավորելու համար իր դեմ հարուցված գործով դատավարությանը։

2007 թվականի նոյեմբերին Դիմումատուն մեղավոր է ճանաչվել մանր խուլիգանության (զազրախոսության, հասարակական կարգն ու անդորրը խախտող գործողությունների) համար։ Խաթայի շրջանի դատարանը որոշել է վարչական պատասխանատվության ենթարկել նրան և դատապարտել է վարչական կալանքի՝ 5 օր ժամկետով։ Դիմումատուին անմիջապես կալանավորել են։ Պատիժը կրելուց և կալանքից ազատվելուց հետո Դիմումատուն բողոքարկել է դատարանի կայացրած որոշումը։ Դիմումատուն Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքում նշել է, որ ենթադրյալ հանցագործության կատարման պահին գտնվել է հիվանդանոցում։ Բողոքին կից Դիմումատուն ներկայացրել է Բաքվի Թիվ 2 հիվանդանոցի 2007 թվականի նոյեմբերի 20-ին տրամադրած արձանագրությունը, համաձայն որի՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 20-ը Դիմումատուն բուժում է ստացել նշված հիվանդանոցում: Դիմումատուն նշել է նաև, որ 2-րդ խմբի հաշմանդամություն ունի, որի պատճառով պետք է բացառվեր կալանավորումը՝ որպես պատժի տեսակ։

2007 թվականի դեկտեմբերին Դիմումատուի ներկայացրած բողոքը մերժվել է։ Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան։ Դիմումատուի խոսքերով, 2007 թվականի դեկտեմբերին դատարանի կայացրած որոշման պատճենը նա ստացել է միայն 2009 թվականի օգոստոսին։ Դիմումատուն նաև բողոքել է, որ պատշաճ կարգով չի ծանուցվել Վերաքննիչ դատարանի նշանակած դատական նիստի մասին։ Նա բազմաթիվ դիմումներ և բողոքներ է ներկայացրել տեղի դատական և գործադիր իշխանություններին, սակայն, ապարդյուն։ Վճռաբեկ բողոքը նույնպես մերժվել է։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում և 34-րդ հոդվածի (անհատական գանգատները) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր գործով դատավարության արդարացիության և 2-րդ խմբի հաշմանդամ լինելու պայմաններում իրեն կալանավորելու որոշման մասին։ Նա նաև բողոքել է, որ ՄԻԵԴ ներկայացրած իր բողոքը և կից բոլոր փաստաթղթերը 2014 թվականին իշխանությունների կատարած խուզարկության ժամանակ առգրավվել են իր փաստաբանի գրասենյակից, երբ վերջինիս դեմ դատական գործ է հարուցվել մի քանի հոդվածների մեղադրանքներով, ի թիվս այլ բաների՝ նաև հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով:

Ելնելով սույն գործի քննության արդյունքներից և վերահաստատելով նախկինում արձանագրած իր վճիռներում հայտնած դիրքորոշումներն անհատական դիմում ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրականացման վերաբերյալ՝ ՄԻԵԴ-ը պարզել է, որ Պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները: ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ադրբեջանը պարտավոր է Դիմումատուին վճարել 500 եվրո գումարի չափով փոխհատուցում՝ դատական ծախսերի համար։