Քասաթն ընդդեմ Թուրքիայի 

Դիմումատուն՝ Ադեմ Քասաթը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1984 թվականին, բնակվում է Թուրքիայի Մերսին քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ բանակում ծառայության վատ պայմաններին և զինծառայության ընթացքում ստացած ֆիզիկական և բարոյական վնասների փոխհատուցման պահանջի մասին իր ներկայացրած հայցը մերժելու որոշմանը։ Դիմումատուն բողոքել է նաև Թուրքիայի Զինվորական գործերով Վարչական Բարձրագույն դատարանի անկողմնակալության բացակայության մասին։

2003 թվականի հոկտեմբերին Դիմումատուն ենթարկվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու համար նախատեսված անհրաժեշտ բժշկական հետազոտության։ Բժշկական հետազոտության արդյունքում Դիմումատուն զինծառայության համար ճանաչվել է պիտանի։ 2003 թվականի նոյեմբերին Դիմումատուն մասնակցել է Թուրքիայի բանակի Իսպարտա վիլայեթի ստորաբաժանման զորավարժություններին, իսկ հետո նշանակվել է Կայսերի նահանգի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար։ Զինծառայության ընթացքում Դիմումատուն սկսել է բողոքել մեջքի ցավից։ Զորամասի բժիշկները Դիմումատուի մոտ հայտնաբերել են սկոլիոզ հիվանդություն և ողնաշարի ծռումներ։ Բուժում ստանալու համար Դիմումատուն ուղարկվել է հիվանդանոց։ Այնուհետև, Դիմումատուին հիվանդանոցային արձակուրդ են հատկացրել և ժամանակավոր անաշխատունակության մասին հիվանդանոցային թերթիկ են տրամադրել։ Վիրահատության ենթարկվելուց հետո Դիմումատուն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։

2006 թվականի նոյեմբերին Դիմումատուն դիմում է ներկայացրել Թուրքիայի Պաշտպանության նախարարություն՝ զինծառայության ընթացքում իրեն պատճառված նյութական և ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջի մասին, սակայն իր ներկայացրած դիմումին պատասխան չի ստացել։ Այնուհետև, Դիմումատուն հայց է ներկայացրել Զինվորական գործերով Վարչական Բարձրագույն դատարան։ 2009 թվականի հունվարին Դատարանի կողմից հրավիրված փորձագետների հանձնաժողովը որոշել է, որ Դիմումատուի առողջական վիճակի հանկարծակի վատթարացումը որևէ կերպ կապված չէ վերջինիս զինվորական ծառայության հետ։ Այսպիսով, Զինվորական գործերով Վարչական Բարձրագույն դատարանը մերժել է փոխհատուցման պահանջի մասին Դիմումատուի ներկայացրած հայցը՝ հիմնավորելով, որ զինծառայության ընթացքում կամ բուժում ստնալու ժամանակ Դիմումատուի նկատմամբ խախտում տեղի չի ունեցել։ Հետագայում, Դիմումատուն նաև հայց է ներկայացրել փոխհատուցման պահանջի մասին Դատարանի կայացրած վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու պահանջի վերաբերյալ, սակայն, ապարդյուն։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում, 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում և 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)խախտում։ Դիմումատուն բողոքել է իր Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի խախտման մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ իր առողջական խնդիրներն առաջացել են պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ՝ զորամասի վատ պայմանների պատճառով։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 1․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։