Տղամարդը ճշտել է 30-ամյա կնոջ բնակության վայրը, գնալով նրա տուն՝ բռնություն գործադրել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 40-ամյա բնակիչը դեպքից օրեր առաջ ճշտել է 30-ամյա կնոջ բնակության վայրը, հետևել նրան և դեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել նրա տուն։ Ինքնազգացողությունը վատ լինելու պատրվակով տղամարդը մուտք է գործել կնոջ բնակարան, ապա՝ փակել դռան փականը, բռնություն գործադրել նրա նկատմամբ, այն է՝ բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել, գլուխը հարվածել գետնին և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ, ինչպես նաև՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ բռնաբարություն և 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ