Սոլակ գյուղում հայտնաբերված տղամարդը ստացած վնասվածքներից 3 օր անց հիվանդանոցում մահացել է

Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ոստիկանությունը, օգոստոսի 31-ին՝ ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 35-40 տարեկան անձը չպարզված տղամարդ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով սեպտեմբերի 1-ին պարզվել էր տղամարդու ինքնությունը՝ Երևանի բնակիչ, նախկինում դատապարտված, 1991 թ. ծնված Արմեն Սարգսյան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ օգոսոտոսի 31-ին Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի թաղապետարանի և «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայում Արմեն Սարգսյանի գլխին բռունցքներով հարվածել և դիտավորությամբ մարմնական վնասվածքներ էին պատճառել 1992 թ. ծնված Տիգրան Գ.-ն, 1972 թ. ծնված Մանվել Հ.-ն և 1999 թ. ծնված Արման Ս.-ն, այնուհետև նշված անձինք նույն ավտոմեքենայով Արմեն Սարգսյանին տեղափոխել էին Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամաս և թողել ճամփեզրին:
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13.00-ին, Ա.Սարգսյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է: