Վաղվանից Հայաստանում կդրվի փոփոխությունների սկիզբ: Այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Իշխանության ղեկն, ըստ էության, փոխանցվում է ընդիմությանը և երկրում տեղի է ունենում իշխանափոխություն»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք պետք է ամեն ինչ անեն մարդկանց հույսերն արդարացնելու համար:
Պատասխանելով լրագրողների հարցեն՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց կուսակցությունն ունեցել է դերակատարում շարժման հաղթանակի հարցում, սակայն չցանկացավ խոսել այդ մասին. «Մենք ինչ արել ենք, բոլորը տեսել են»:
Մարուքյանը նշեց, որ տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, որը աննախադեպ մի բան է:
«Այն անհամեմատելի է հետխորհրդային տարածքում եղած որևէ հեղափոխության հետ: Այսօր այն ինչը որ տեղի է ունեցել Հայաստանում, մենք առաջ ենք անցել բոլորից: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա կապիտալիզացնենք»,- իր խոսքում նշեց նա:
Այն հարցին, արդյո՞ք իրենք ունեն մեղավորության զգացում Փաշինյանին շարժման ընթացքում մենակ թողնելու համար, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ինքը և իր գործընկերները մեղավորոթյուն չեն զգում, քանի որ իրենցից յուրաքանչյուրն առաջնորդվել է իր գաղափարներով:
«Այն ինչ մենք արել ենք, արել ենք համաձայնեցված: Կարծում եմ, որ սխալ է այդպես ներկայացնելը, որ մենք որևէ մեկին միայնակ ենք թողել: Մենք բաներ ենք պայմանավորված եղել, և այդ բաները պահպանվել են, այսինքն՝ Փաշինյանը իմացել է, որ պահին ենք լինելու իր կողքին: Ես գիտեի, թե ինչ է անելու Փաշինյանը, բայց ես չգիտեի, թե ինչ է անելու իշխանությունը»,- նշեց նա: