Սիրիական հակամարտության կողմերn առաջին անգամ բանակցության սեղանի շուրջ են

Ավելի քան ութ ու կես տարվա քաղաքացիական պատերազմից հետո սիրիական հակամարտության կողմերը առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել: Հոկտեմբերի 30-ին Ժնևում իր աշխատանքն է սկսել սիրիական սահմանադրական հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ պետք է մշակի Սիրիայի մայր օրենքի նոր նախագիծ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենը նիստի բացմանը հայտարարել է՝ տեղի է ունենում պատմական իրադարձություն: «Այն փաստը, որ Դուք պատրաստ եք երկխոսություն սկսել հզոր հույսի ազդակ է սիրիացիների համար», – հայտարարել է դիվանագետը:

Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը կազմված է 150 ներկայացուցիչներից՝ 50-ը սիրիական կառավարությունից են, 50-ը՝ ընդդիմությունից, 50-ը՝ քաղհասարակությունից: Այս մարմինը առաջիկա ամիսներին պետք է մշակի երկրի նոր սահմանադրության նախագիծ, որն էլ հետագայում պետք է հիմք դառնա ՄԱԿ-ի հովանու ներքո ազատ ընտրությունների անցկացման: ՄԱԿ-ը մեծ հույսեր է կապում Սահմանադրական հանձնաժողովի հետ, քանի որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցելու բոլոր փորձերը նախկինում ձախողվել են: