ՍԴ-ն ինքնուրույն պետք է որոշի խորհրդատվական կարծիքի նշանակությունը սահմանադրական վարույթի նկատմամբ


Վերլուծությունը՝ «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյանի հետ։

2019 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանը տարածեց հայտարարություն, որի համաձայն․ «Սահմանադրական դատարանը ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ։»: Հարկ է նշել, որ խորհրդատվական կարծիք ստանալու հնարավորությունը նախատեսվել է վերջերս, այսպես՝

2013 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետությունը Ստրասբուրգում ստորագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը։ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն կոնվենցիան փոփոխող 16-րդ արձանագրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

2016 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովը ձայների 94 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ համամասնությամբ վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 16-րդ արձանագրությունը։ Այսինքն՝ կարելի է եզրահանգել, որ արձանագրությամբ նախատեսված որևէ իրավական դրույթ չի հակասել ՀՀ Սահմանադրությանը, ավելին՝ ՀՀ Ազգային ժողովի քվեարկության արդյունքները նույնպես վկայում են այն մասին, որ ամենայն հավանականությամբ կողմ են քվեարկել նաև այդ ժամանակահատվածի ընդդիմության ներկայացուցիչները։ Հիմա ուսումնասիրության առարկա դարձնենք կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը։ Արձանագրությունը բաղկացած է ներածությունից և 11 հոդվածներից, փորձենք ներկայացնել արձանագրության հիմնական ուղղությունները։ 

  1. Անդամ-պետությունների բարձրագույն դատարաններն ու տրիբունալները իրավունք ունեն դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների տրամադրման համար։  Հետևաբար՝ եվրոպական դատարան դիմելու և խորհրդատվական կարծիք ստանալու համար հարկավոր է կոնվենցիայի և կից արձանագրություններից բխող իրավունքների և ազատությունների մեկնաբանման անհրաժեշտություն լինի, իսկ Սահմանադրական դատարանի հայտարարությունից չի երևում, թե կոնկրետ ինչ իրավունքի կամ ազատության մեկնաբանման անհրաժեշտություն կա, քանի որ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը ծագել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից։ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանում է․ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` ․․․։»։ Ակհայտ է, որ սույն նորմատիվ պատվիրանը ուղղված է ներպետական իրավահարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե վերպետական մակարդակով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և երաշխիքներին։ 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ  2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը 1-6 հոդվածները վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, որոնք սահմանում են պետության դեմքը, սահմանադրական մշակույթը, պետական, քաղաքական, իրավական և հասարակական համակարգերը։ 

Թերևս այսքանը, քանի որ Սահմանադրական դատարանի պաշտոնական էլեկտրոնային կայքում չի հրապարակվել դատարանի աշխատակարգային որոշումը։

  1. Խորհրդատվական կարծիք ստանալու համար Եվրոպական դատարան խորհրդատվական կարծիք հայցելու հնարավորություն նախատեսվել է ոչ միայն  սահմանադրական և գերագույն դատարանների համար, այլ նաև նման հնարավորություն ընձեռնվել է բարձրագույն դատարաններին՝ որոշակի նշանակության գործերով։ Ավելին, յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում այն դատարանների շրջանակը, որ կարող են խորհրդատվական կարծիք հայցել։ Դատական ատյանների ցանկը սահմանափակ չէ և յուրաքանչյուր պետություն կարող է սահմանված ընթացակարգով դիմել այդ ցանկը փոփոխելու և լրացնելու համար։
  2. Խորհրդատվական կարծիքը չի կարող լինել վերացական բնույթի, այսինքն դատական ատյանը կարող է դիմել խորհրդատվական կարծիք ստանալու համար, եթե իր վարույթում քննվող գործի շրջանակներում անհրաժեշտ է կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների գծով խորհրդատվական կարծիք։
  3. Եթե պետությունը դիմում է խորհրդատվական կարծիք ստանալու համար, Եվրոպական դատարանը իրավունք ունի մերժել կարծիք տրամադրելը, ինչի կապակցությամբ  կայացվում է հիմնավորված որոշում։ Խորհրդատվական կարծիք տրամադրելու համար Եվրոպական դատարանի Մեծ պալատի անդամ հինգ դատավորներից կազմված խորհուրդը որոշում է  կայացնում բավարարել կամ չբավարարել խորհրդատվական կարծիքի տրամադրման մասին հարցումը։
  4. Եթե Եվրոպական դատարանի խորհուրդը հարցման ընդունման մասին կայացնում է դրական որոշում, ապա տալիս է խորհրդատվական կարծիք, ինչը պարտադիր բնույթ չի կրում ազգային դատարանների և տրիբունալների համար։ Եվ յուրաքանչյուր դեպքում հայցող դատարանը ինքն է որոշում խորհրդատվական կարծիքի նշանակությունը ազգային դատական վարույթի համար։ Խորհրդատվական կարծիքները կրում էին հրապարակային բնույթ։

Այսինքն՝ ելնելով վերոգրյալից, կարելի է եզրակացնել, եթե Եվրոպական դատարանի Մեծ պալատի դատավորներից բաղկացած խորհուրդը բավարարի ՀՀ Սահմանադրական դատարանի հարցումը և տրամադրի խորհրդատվական կարծիք, դա չի նշանակում, որ այն ունի պարտադիր բնույթ Հայաստանի Հանրապետության համար և Սահմանադրական դատարանը ինքնուրույն պետք է որոշի խորհրդատվական կարծիքի նշանակությունը սահմանադրական վարույթի նկատմամբ։

Մեկնաբանություններ