Առևտրային պատերազմները վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար․ՄԱԿ

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Գրիգոր Աղաբեկյանը Նյու Յորքում զեկույց ներկայացնելու ժամանակ հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության համար հիմնական սպառնալիք են հանդիսանում առևտրային պատերազմները, որոնք ծագել են ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ապրանքների ներմուծման համար սակագները բարձրացնելուց հետո: Նրա խոսքերով՝ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները վտանգ են ներկայացնում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործունեության համար:

«Համաշխարհային տնտեսությանը սպառնացող բավականին մեծ ռիսկեր և վտանգներ կան։ Ներդրումների տեսանկյունից 2019-2020 թվականներին ավելի թույլ հեռանկարներ են սպասվում»,-նշել է Աղաբեկյանը՝ ՄԱԿ-ի զեկույցը ներկայացնելու ժամանակ։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ում ֆինանսական քաղաքականության հետևանքով գրանցված տնտեսական աճի հետ մեկտեղ գրանցվել է տնտեսության դանդաղ աճ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Արգենտինան, Կանադան, Չինաստանը, Ճապոնիան և Թուրքիան:

Համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերի թվում փորձագետը դասել է, առաջին հերթին, առևտրային ոլորտում առկա լարվածությունը և առևտրային վեճերը։ Հայազգի փորձագետի կարծիքով՝ մի շարք երկրների կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցները և սահմանափակումներն անորոշություն են ստեղծում միջազգային առևտրային համակարգում և բարդություններ են առաջացնում համաշխարհային տնտեսության ապագայի համար։ 

Գրիգոր Աղաբեկյանը պարզաբանել է նաև մի շարք այլ հարցեր և պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա նաև հավելել է, որ բացի վերոգրյալ խնդիրներից, կա նաև տարածաշրջանային ռիսկ, որը կարող է բացասական հետևանք թողնել նույնիսկ գլոբալ մակարդակում։ Նման ռիսկերից է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելքը։

Նշենք, որ 2018 թվականի հունիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը երեք տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։

ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցին անդամակցում է 54 երկիր։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական և սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին և ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար։