Կաշառքի մեջ մեղադրվող դատավորը խնդրում է 25 օրով հետաձգել դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ այսօրվա նիստին ևս Իշխան Բարսեղյանը չէր ներկայացել։ Դատավոր Վաչե Մարգարյանը հայտնեց, որ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից Բարսեղյանը գրություն է ուղարկել, որով հայտնում է, որ ինքը վատառողջ է և խնդրում է նիստը հետաձգել 20-25 օր ժամկետով, այլ ոչ թե 1 շաբաթով։

«Հարգելի′ Մարգարյան, խնդրում եմ ճիշտ հասկանալ․ ես ոչ թե չեմ ցանկանում, այլ օբյեկտիվորեն չեմ կարող ներկայանալ նիստին»,- դիմումի մեջ նշել է նա։

Նշենք, որ սա արդեն 3-րդ դեպքն է, երբ Իշխան Բարսեղյանը չի ներկայանում նիստին և նմանատիպ դիմում է ուղարկում դատարանին։ Իշխան Բարսեղյանի պաշտպան Կարեն Հովհաննսիյանն էլ դատարանին հայտնեց, որ տրամաբանական չէ, եթե Իշխան Բարսեղյանը նիստերի դահլիճ գա և ձևական մասնակցի նիստին. «Մենք նիստեր ունենք, որոնք նշանակվում են 20 օրը մեկ, շտապելու տեղ չունենք։ Կարծում եմ, որ նիստը պետք է հետաձգվի»։

Դատախազ Կարեն Բիշարյանն էլ հայտնեց, որ չկա տեղեկատվություն այն մասին, թե Իշխան Բարսեղյանի բուժման կուրսը որքան է տևելու և արդյոք առկա առողջական վիճակով Բարսեղյանն ի վիճակի կլինի մասնակցել հետագա դատական նիստերին։ Վերջինս նշեց, որ անհրաժեշտ է այս առումով հարցում հղել Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ։

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատավոր Վաչե Մարգարայանը որոշեց դատական նիստը հետաձգել 1 շաբաթով՝ հայտնելով, որ համապատասխան հարցում կուղարկվի Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ։ Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը: