Ռուսաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռների ոդիսականը

Շատերը սխալմամբ կարծում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների իմաստը միայն փոխհատուցման վճարումն է: Իրականում, եթե ՄԻԵԴ-ի որոշումները ճիշտ կիրառվեն, կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ ոչ միայն կոնկրետ անձի ճակատագրում կոնկրետ գործով, այլև քաղաքացիական իրավունքի ոլորտում: 

Շատ երկրներում ՄԻԵԴ-ի որոշումներն այդպես էլ չեն իրագործվում։ Սույն վերլուծությունն անդրադառնում է Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԵԴ-ի որոշումների իրագործմանը։ ՌԴ իշխանությունները դեռևս չեն շտապում այդ հարցում քայլեր ձեռնարկել: Սակայն, եթե սևեռել հասարակության ուշադրությունը այդ թեմային, ապա իշխանություններն ավելի հետևողական կլինեն ՄԻԵԴ-ի որոշումների իրականացմանը, հետևաբար, հնարավոր կլինի բարելավել Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակը:

Ի՞նչ է կատարվում, երբ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում որևէ գործի վերաբերյալ: Նախ, Ռուսաստանի իշխանությունները վճարում են ՄԻԵԴ-ի կողմից որոշված փոխհատուցումը։ Այնուհետև, իշխանությունները պետք է ուսումնասիրեն ՄԻԵԴ-ի կողմից հայտնաբերված խախտումները և գտնեն դրանց լուծման միջոցները: Այն բանից հետո, երբ իշխանությունները ձեռնարկեն անհրաժեշտ միջոցները (ընդհանուր և անհատական), նրանք պետք է դրանց մասին զեկուցեն ԵԽ Նախարարների կոմիտեին, որը պատասխանատու է ՄԻԵԴ-ի որոշումների կատարման վերահսկողության համար: Կոմիտեն կարող է ընդունել որոշում, որը հավանություն է տալիս կամ դատապարտում է այդ միջոցները, ինչպես նաև կարող է իր առաջարկություններն ուղարկել երկրի իշխանություններին:

Այնուամենայնիվ, ընթացակարգն այդպես չի իրականացվում: Արդյունքում, այն միջոցները, որոնք իշխանությունները ձեռնարկում են ՄԻԵԴ-ի որոշումները կատարելու համար, հաճախ չեն համընկնում դիմումատուների, իրավապաշտպանների և փորձագետների սպասումների հետ: 

Ռուսաստանն ընդունում է ՄԻԵԴ-ի և Եվրոպայի խորհրդի մի շարք առաջարկություններ, բայց ձեռնարկվող միջոցները, որպես կանոն, բավարար չեն Եվրոպական դատարանի որոշումները լիարժեք իրականացնելու համար: Օրինակ, Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայում բանտային բնակչության թվաքանակի առումով, և նույնպես առաջին տեղն է զբաղեցնում բանտային բնակչության թվի նվազեցման առումով:

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանի իշխանությունները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, ի՞նչ է անհրաժեշտ անել: Դա պարզելու համար պետք է ուսումնասիրել մի շարք դեպքեր, ինչպես նաև Ռուսաստանի պաշտոնական մարմինների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների զեկույցները, որոնք հրապարակվել են Նախարարների կոմիտեի կայքում: 

2017 թվականից ի վեր Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքների թիվը կրկնապատկվել է՝ յոթ հազարից հասնելով տասնհինգ հազարի: 2020 թվականի հունվարին ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցի համաձայն, Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում ՄԻԵԴ-ում իր դեմ ներկայացված բողոքների քանակով:

Ընդհանուր 59.800 դեպքերից, որոնք քննվել են 2019թ․-ի վերջին, 15.050 բողոք ներկայացված է եղել Ռուսաստանի դեմ: Բողոքների թվի աղյուսակում հաջորդ տեղը զբաղեցնում է Թուրքիան, որի դեմ 9,2 (ընդհանուր թվի 15,5%) հազար բողոք է ներկայացվել, իսկ հաջորդը՝ Ուկրաինան՝ 8,8 հազար բողոքով (14,8%)։

2019 թվականին Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ կայացված 198 վճիռներից 186-ի դեպքում ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ հոդվածի խախտում: Ռուսաստանում տեղի ունեցող ամենատարածված խախտումներն ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումներն են։

Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքներով կայացված վճիռներում ՄԻԵԴ-ն առանձնացրել է հետևյալ հաճախ կրկնվող խախտումները․

  • Խոշտանգումներ, բռնությամբ անհետացում, նպատակային ​​սպանություններ
  • Քրեական անօրինական հետապնդումներ, կյանքից կամայականորեն զրկում, ապօրինի ազատազրկում
  • Ազատազրկված անձանց կալանքի պայմաններ
  • Հավաքների ազատություն
  • Մասնավոր և ընտանեկան կյանքի հարգանքի իրավունք

Ռուսաստանի իշխանությունների դեմ բողոքների թվաքանակը վկայում է այն մասին, որ քաղաքացիները վստահում են մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական մեխանիզմին և մեծ կարևորություն են տալիս դրան։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ պատրաստ են իրականացնել ՄԻԵԴ-ի որոշումները՝ ձեռնարկելով համակարգային միջոցներ զանգվածային խախտումների դեմ պայքարի համար։ Այնուամենայնիվ, տարեցտարի նույն տեսակի բողոքների ներկայացումը Եվրոպական դատարան վկայում է այն մասին, որ երկիրը չի կիրառում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ: