Շարունակվում է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների մրցույթը

800px-European_court_of_human_rightsՇարունակվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլը: Հոկտեմբերի 6-ին՝ մրցութային փուլի առաջին օրը, հարցազրույցն արդեն անցել են Արմեն Հարությունյանը (Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր), Արա Ղազարյանը («Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից), Նելիկ Հարությունյանը (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ), Վիգեն Քոչարյանը (ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս), Լիզա Գրիգորյանը (Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր): Թեկնածուներից Հակոբ Ղարախանյանը երեկ չի ներկայացել հարցազրույցին՝ դուրս մնալով մրցույթից: 

Թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի կազմում են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը:

Համաձայն թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի՝ հարցազրույցը բաղկացած է երեք մասից: Հարցազրույցի առաջին մասում հարցազրույցի մասնակիցը ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում ներկայացնում է մարդու իրավունքների ոլորտում իր գործունեությունը, փորձառությունը և ձեռքբերումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պարզաբանումներ է տալիս իր ներկայացրած տեղեկությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ հարցազրույցի մասնակցին՝ նրա կենսագրության, մասնագիտական գործունեության, հեղինակության և դրանց առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Հարցազրույցի այս մասում հարցազրույցի մասնակցին տրվում են հարցեր, որոնց տրված պատասխանների միջոցով բացահայտվում են անձնական հատկանիշները:

Հարցազրույցի առաջին մասը կարող է տևել առավելագույնը 30 րոպե:   Հարցազրույցի առաջին մասի արդյունքներով գնահատվում են հարցազրույցի մասնակցի անձնական հատկանիշները, ինչպես նաև՝ մասնագիտական որակներից մասնագիտական փորձառությունը և հեղինակությունը:

Հարցազրույցի երկրորդ մասում հարցազրույցի մասնակցին տրվում են հարցեր, որոնց պատասխանները պետք է բացահայտեն նրա մասնագիտական գիտելիքները և հմտությունները: Հանձնաժողովի անդամները կարող են պատասխանի առնչությամբ հարցազրույցի մասնակցին հարցեր տալ: Հարցազրույցի երկրորդ մասը կարող է տևել առավելագույնը 45 րոպե:

Հարցազրույցի երրորդ մասում ստուգվում է հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները: Այդ նպատակով հրավիրվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների մասնագետներ: 

Հարցազրույցի փուլի անցկացումից հետո սահմանված ժամկետում պետք է ընտրվեն առավելագույն միավորներ ստացած երեք թեկնածուներ, որոնց ցուցակը ներկայացվում է ՀՀ նախագահին: Այդ թեկնածությունները Նախագահի կողմից հաստատվելու դեպքում դրանք կուղարկվեն ԵԽԽՎ, որտեղ հատուկ ընթացակարգով կընտրվեն ՄԻԵԴ դատավորներ»: