Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր Կառավարության ամբողջական կազմը

Մայիսի 12-ին ամբողջությամբ ձևավորվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվեցին բոլոր նախարարները:  Նշենք, որ 17 նախարարներից միայն երկուսն են կին՝ մշակույթի նախարարը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: 

ՀՅԴ կուսակցությունից նախարարի պաշտոնը զբաղեցնում են երկու նախարարներ՝ Արծվիկ Մինասյանը և Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը: Չորս նախարություններ կգլխավորեն ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչները՝ Արթուր Գրիգորյանը՝  Էներգետիկ ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Աշոտ Հակոբյանը՝ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար, Լևոն Վահրադյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար և Հրաչյա Ռոստամյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Նոր ձևավորված Կառավարության կազմի մեջ կան ինչպես նոր կադրեր այնպես էլ անդամներ, ովքեր վաղուց են ոլորտում և պաշտոններ էին զբաղեցնում նախկինում:

Ձեզ ենք ներկայացնում նոր կառավարության կազմի մեջ մտնող նախարարների կեսնագրությունները և լուսանկարները.

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975, Իջևան, Իջևանի շրջան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ

պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, ով 2018 թվականի մայիսի 8-ից ի վեր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Մասնագիտությամբ՝ լրագրող։

1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղվածության նշանավոր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։

Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։

2008 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես»-ի նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10-30 և վիրավորվում մոտ 300 մարդ։

Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։

2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ արձակվում։

ՀՀ  առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան  

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երևանում։

2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.-ին նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ պատմաբանության բաժին: 2004թ.-ին ավարտել է պետական կառավարման ակադեմիան։ Պետական ծառայող, պետական կառավարմանև տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005թ.-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու։

2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010թթ.՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ: 2011-2012թթ.՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան: 2012-2013թթ.՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2012թ. (հոկտեմբեր)-2013թ. (փետրվար) դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար,

2014-2017թթ.` Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թվականից կուսակցության վարչության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):

Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին, Երևանում։
2005թ․-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
2009թ․-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը, ստանալով բակալավրի կոչում։
2011թ․-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով, ստնալով մագիստրոսի կոչում:
2014թ․-ին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։

2009-2013թթ․-ին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում, որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։
2010-2011թթ.-ին հիմնադրել և ղեկավարել է Իրիգեյթ ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։
2014-2016թթ.-ին աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, իրականացրել տեղադրում Քոնթուր Գլոբալ ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի կասկադ)։
2014թ.-ից հիմնադրել և ղեկավարում է Սայբեր Վիժըն ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական և սինգապուրյան ընկերությունների հետ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին:

Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն:

Արդշինբանկում է 2011 թվականից:

Ֆինանսական համակարգում ունի ավելի քան 21 տարվա փորձ:

Նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայներարտբանկ (ներկայիս՝ Ամերիաբանկ), Ինեկոբանկ, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան և ՎՏԲ-Հայաստան Բանկ առևտրային բանկերում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյան

Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։

2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։
2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։
2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։
2014 -2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան 

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 2-ին Երևանում։
1986-1996թթ. սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։
1996-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։
1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:
2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։
Գիտական 6 հոդվածի հեղինակ է:
2007թ.-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:
2005-2006թթ. աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար, 2010-2011թթ.` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու, 2013-15թթ.` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։

2008թ. եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր:
2011թ.-ից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։
Հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, «Բանակն իրականում» խմբի անդամ է։
2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է:
2007-2010թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։
2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
2015-2016թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:
2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան 

Սովորել է 186 դպրոցում է, այնուհետև 127 ավագ դպրոցում:

2011-ին ԵՊՀ է ընդունվել, 2014-ին՝ մագիստրատուրա:

2011-15 երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամ է եղել:

2007-2011թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում:

2011-2013թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:

2013-ին ձևակերպվել է որպես հայցորդ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: Եղել է Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության անդամ:

Երկու գիտական հոդվածի հեղինակ է:

2012-ին թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ հիմնել է Թուրքագիտական պորտալը (AllTurkey.am): Հանդիսանում է ԵՔԳԱ-ի հիմնադիրներից մեկը:

Աշխատել է «Ախթամար տուր», «ArmActive – Youth Center», «Peace and Development Youth Club» և «Euphrates Research Center – ԵՓՐԱՏ կենտրոն» ընկերություններում:

Ախատել է Հայնյուզ, Արարտնյուզ և 1in.am լրատվական կայքում՝ որպես վերլուծաբան:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան

Ծնվել է 1979թ․ դեկտեմբերի 8-ին՝ Երևանում։

Արթուր Վանեցյանը սովորել է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում: Այնուհետև մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի համալսարանում, Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում:

Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից:

2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր:

2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ:

2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ:

2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Արթուր Վանեցյանը ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով, ՀՀ նախագահի հրամանով՝ Մարտական ծառայության մեդալով:

Արթուր Վանեցյանը ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյան

Անկուսակցական

Ծնվել է 1970թ. ապրիլի 17-ին Աշխաբադ քաղաքում:
2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «իրավագիտություն» մասնագիտությամբ /հեռակա ուսուցմամբ/:
25.05.1988 – 21.12.1990 թթ. ծառայել է զինված ուժերում,
17.05.1991 – 16.07.1992 թթ. Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ,
16.07.1992 – 12.01.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ,
12.01.1994 – 26.10.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար,
26.10.1994 – 09.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ,
09.12.2009 – 28.06.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար,
28.06.2012 – 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,
01.10.2012 – 10.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:
10.05.2018 – ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին:

Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրերով.

2009 թ.՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

2015 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան

Ծնվել է 1978թ․ ապրիլի 3-ին՝ Ալավերդիում։

1999թ․ ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։

2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան

2003 – 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։ 2004 – 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 – 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 թվականից մինչ այժմ աշխատում է «Սինոփսիս Արմենիա»  ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ:

2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։

2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան 

Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին՝ Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում։

1991թ․ ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։

1997թ․ ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան։

  • 1986-1988 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
  • 1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
  • 1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
  • 1998-2004 թթ. – ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
  • 2004-2007 թթ. – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
  • 2007-2008 թթ. – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
  • 2008-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
  • 2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
  • 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար  Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թ. ապրիլի 26-ին, Լոռու մարզի քաղաք Ստեփանավանում: 2003թ-ին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ:

Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր:

2009թ. ընդունվել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2009-2011 թթ գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը:

Ուսումանը զուգահեռ 2010-2016 թթ իբրև պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում,2011թ-ից՝ «Քվանտ» վարժարանում:

2012-2016թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

Պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով (2011) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով (2016):

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան

Ծնվել է 1969թ․ սեպտեմբերի 9-ին՝ Երևանում։ 1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը:

2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար:

1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում:

2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ

2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:

2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին:

2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:

2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում:

2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:

2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:

Արտակ Զեյնալյանը հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, ՄԻԵԴ ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է‌:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

1998-2004թվականներին սովորել է ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետում: 2004-2006թթ. սովորել է Առողջապահության ազգային ինստիտուտի արդինատուրա բաժնում՝ «Առողջապահության կազմակերպում և կառավարում»: 2007թվականին սովորել է  Հարվարդի Քենեդիի քաղաքագիտության դպրոցում: 2006-2009թթ. Առողջապահության ազգային ինստիտուտ, «Հանրային առողջություն և առողջապահության կառավարում» ասպիրանտուրա: 2008թ. INSEAD, «Եվրոպայի ա ռողջապահության առաջնորդության» ծրագիր, Ֆոնտենբլու, Ֆրանսիա: 2010թ. Վիեննայի բժշկական համալսարան, «Հանրային առողջապահությունը Ավստրիայում»: 2013թ. INSEAD, «Միջին արևելքի առողջապահության առաջնորդության ծրագիր», Աբու-Դաբի, ԱՄԷ:

2002թվականին աշխատել է Դասավանդող/Ծրագրի ղեկավարի օգնական, Հայաստանի բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիայում: 2003 – 2004 թվականներին եղել էՍոցիալական աշխատողների թիմի ղեկավար, Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ում:
2005 – 2008, Ծրագրի օգնական, ԱՄՆ ՄԶԳ ԱԱՊԲ ծրագիր, Emerging Markets Group:2008 – 2010թթ. եղել է Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող(ԱՄՆ ՄԶԳ ԱԱՊԲ ծրագիր):2010 – 2011թթ. եղել է Տնօրենի պաշտոնակատար Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում: 2011 թվականից ի վեր ՄԻԲՍ բժշկական կենտրոնի տնօրենն է:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան

Ծնվել է 1972թ., Երեւանում։
1994-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ֆիզիկոսի որակավորմամբ)։
1996թ. ավարտել  է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորում։
Նույն որակավորումը ստացել է 2001-ին՝ Լոնդոնի Իմփերիալ Քոլեջում։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։
Ազատ տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։
ՀՅԴ անդամ է 1991-ից։
2016 – 2017 թթ.  աշխատել է   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ։
2017-2018 թթ.-ին զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը: Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյան

Սովորել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։
Ավարտել է նաեւ Պետական կառավարման ակադեմիան:

Աշխատել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում (նախարարի օգնական, ապա՝ խորհրդական), ՀԱՕԿ-ում: Աշխատել է որպես Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան

Ծնվել է 1971 թվականին:

1987-1992 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1993-1995 թթ. – սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։ 1995-1997 թթ. – սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ Մեկ մենագրության, մի շարք հոդվածների և զեկույցների հեղինակ։

1992-1993 թթ. – աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ-ծրագրավորող։1993-1995 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ Նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության և սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր։

1995 թվականից աշխատում է ֆինանսների նախարարությունում: 1999-ից ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետն է: Ատոմ Ջանջուղազյանը դասավանդում է մի շարք բուհերում: Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ երկու որդի։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան

Ծնվել է 1979թ․ հոկտեմբերի 17-ին՝ Կապանում։

1995-2000թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտություն:

2004-2005թթ. Էգեյան համալսարան (Հունաստան), բնապահպանական գիտությունների ֆակուլտետ, Շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիր:

2007թ. Դրեզդենի տեխնիկական համալսարան (Գերմանիա), Շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիր:

2008-2009թթ. ԱՏԵԻ և Արիստոտելի համալսարան (Հունաստան), դոկտորական ուսում, շրջակա միջավայրի տնտեսագիտություն:

Աշխատել է որպես բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան

Ծնվել է 1969 թվականին Բջնիում:

1995թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Արդարադատության փոխգնդապետ է։

2010-2012թթ․ աշխատել է որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունց

Ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին` Երևանում:

2005թ. ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության մագիստրատուրան:

2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։

2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան

Ծնվել է 1972թ․ հունվարի 1-ին՝ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում։

1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ «տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։

1995-1998 սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

1997-1998 թվականներին կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, ԱՄՆ Վաշինգտոնում և Նյու Յորք քաղաքներում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։

2007 թ. հունիսի 19-ին ընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։

2012 թ. հունիսի 20-ին վերընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյան
Ծնվել է 1981թ․ մարտի 3-ին՝ Երևանում։

1998-2003 թվականներին սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։

2003-2006 թվականներին  սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։

2006-2010 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ:

1997-1999 թվականներին աշխատել է «Անի 90» ՍՊԸ-ում որպես ապրանքագետ։ 2003 թվականին թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայում բժիշկ-ինտերն։ 2006-2008 թվականներին դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։ 2006–2009 թթ. եղել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։ 2008–2009 թթ. Կենտրոն համայնքի ավագանու անդամ։ 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյան

Ծնվել է 1968թ. հունվարի 1-ին Հրազդանում:

1996 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1986-1988թթ. Ծառայել է Խորհրդային բանակում:

1998 թվականին աշխատել է  ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ վարչությունում որպես քննիչ, իսկ 2000թ. փետրվարից` ավագ քննիչ:

2005 -2008թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ:

2011-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետի տեղակալ:

2014թ. հոկտեմբերի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան

Ծնվել է 1966 թ. մարտի 20–ին՝ Երևանում։

1990 թ. սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում: Կրթություն է ստացել Մանչեսթերի Վիկտորիա համալսարանում՝ մագիստրոսի աստիճան:

1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։  Աշխատել է ԱԳՆ-ում, Վատիկանում, Լոնդոնում, Ժնևում, Ստրասբուրգում:

2014թ․ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանուցում:Պաշտոնյաների կեսնագրական հիմնական տվյալներ վերցված է Վիկիպեդիայից: 

 

 

Մեկնաբանություններ