ՄԱԿ-ի փորձագետները՝ ալկոհոլի վնասների մասին

ՄԱԿ-ի փորձագետ Էմմանուելա Գակիդուն և նրա կոլեգաները լայնածավալ ուսումնասիրություն են իրականացրել և հոդված են պատրաստել, որի նպատակն է՝ բացահայտել ալկոհոլի ազդեցությունը մարդու առողջության և կյանքի վրա։ Նրանց ներկայացրած հոդվածի հիմքում ընկած են մոտ 1․5 հազար գիտական ​​հոդվածներ, որոնք բացահայտում են ալկոհոլի առաջացրած բացասական հետևանքները։

«Նույնիսկ քիչ քանակով ալկոհոլի գործածումը լուրջ վնաս է պատճառում մարդու առողջությանը և զգալիորեն մեծացնում է սրտի հիվանդություններից, քաղցկեղից և դժբախտ պատահարներից վաղաժամ մահվան հավանականությունը: Ընդհանուր առմամբ, ալկոհոլի գործածումն ամեն տարի մոլորակի 3 մլն բնակիչների և 82 հազար ռուսների կյանք է խլում»,- նշել են իրենց հոդվածում ՄԱԿ-ի փորձագետները։

ՄԱԿ-ի հովանու ներքո գիտնականները լայնածավալ հետազոտություն են իրականացրել՝ վերջին 25 տարիների ընթացքում 195 երկրներում ալկոհոլի չարաշահումների վիճակագրության վերաբերյալ։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամեն երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ալկոհոլ է օգտագործում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում մոտ 2 մլրդ մարդ ալկոհոլ է օգտագործում: Նրանց 63% -ը կազմում են տղամարդիկ:

Գիտնականները պարզել են, որ ալկոհոլ օգտագործող մարդկանց մեծ մասը բնակվում է Եվրոպայում: Վիճակագրության տվյալների համաձայն՝ ալկոհոլի չարաշահումից տառապող մարդկանց ամենաբարձր տոկոսը գրանցվել է Դանիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում: Մերձավոր Արևելքում ալկոհոլի գործածումը տարածված չէ։

ՄԱԿ-ի փորձագետներն իրենց հոդվածում պարզաբանել են, որ ալկոհոլի չարաշահման հետևանքով, հիմնականում, մահանում են տղամարդիկ՝ 16-ից մինչև 49 տարեկան հասակում: Աֆրիկայում և նախկին ԽՍՀՄ երկրներում գրանցվել է ալկոհոլի չարաշահման հետևանքով մահվան ամենաբարձր ցուցանիշը: Ամենաշատ քանակով ալկոհոլ օգտագործող երկրների ցուցակի առաջին տասնյակում տեղ են գտել Ռուսաստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Ուկրաինան, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը և Բելառուսը։ Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի այլ երկրներում ալկոհոլի սպառումը տղամարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկն է: Գիտնականները նաև նշել են, որ Չեխիայում և Պորտուգալիայում տղամարդիկ նույնպես հաճախ են ալկոհոլ օգտագործում, սակայն նախընտրում են ավելի թեթև ալկոհոլային խմիչքներ, քան նախընտրում են Ռուսաստանում։ Մյուս կողմից, գիտնականները չեն ժխտել, որ քիչ քանակությամբ գինի կամ գարեջուր օգտագործող մարդիկ չեն բողոքում առողջական խնդիրներից և կարող են երկարակյաց լինել։ Այնուամենայնիվ, նման հայտարարությունները բազմաթիվ քննադատությունների են արժանացել բժիշկների կողմից, քանի որ այդ երևույթը հակասական բացատրություններ ունի:

«Բոլոր երկրները պետք է ուշադրություն դարձնեն մեր վիճակագրության վրա և այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որոնք կօգնեն նվազեցնել ալկոհոլի չարաշահման հետ կապված վտանգները»,- եզրափակել են ՄԱԿ-ի փորձագետները։