Նոր Գյուղի գյուղապետը մի շարք անօրինություններ է բացահայտել. գործը հանձնվել է Ոստիկանություն և դատախազություն

Գարիկ Սարգսյանը Նոր Կյանք համայնքի ղեկավար է նշանակվել 2016թ հոկտեմբեր ամսին՝ 70 ձայնով առաջ անցնելով նախկին գյուղապետ Մասիս Աբրահամյանից, որը գյուղը ղեկավարել էր ավելի քան 18 տարի:

Գյուղապետի պաշտոնը ստանձնելով, միանգամից ձեռնամուխ է եղել ՏԻՄ օրենքով իրեն վերապահված իրավունքների իրացմանը, որոնց շրջանակներում ուսումնասիրել է նախկինում համայնքում կատարված անցուդարձն ու մի շարք ուշագրավ փաստեր հայտնաբերել: Մասնավորապես, 2 ամիս անց՝ 5-ամյա ծրագիրը ներկայացնելու  ժամանակ, Գարիկ Սարգսյանը արձանագրել է մի շարք իրավական խախտումներ, որոնք քննարկելով «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Ռուստամ Բադասյանի հետ, որոշել է գործը հանձնել դատարանին և իրավապահ մարմիններին:

«Ներկայացրել ենք 2 հաղորդում հանցագործության մասին՝ յուրացման և պաշտոնական լիազորությունները անցնելու վերաբերյալ, որոնցից մեկը կապված է համայնքապետարանում կատարված չարաշահումների հետ, մյուսը՝ մանկապարտեզում թույլ տված իրավական խախտումների հետ»,- նշեց փաստաբան Բադեսյանը:

Ավագանու արձանագրությունները, որոնք կազմվել են 2000-2016թթ, կասկած են առաջացրել վերջիններիս մոտ, քանի որ ավագանու արդամներից մի քանիսի ստորագրությունները տեղ-տեղ չեն համապատասխանում և կեղծվածի տպավորություն են թողնում: Կազմվել է փաստաբանական հարցում, որին դեռևս ավագանու միայն մեկ անդամ է պատասխանել՝ ասելով, որ 2016թ-ից առաջ գրված մի շարք արձանագրություններում ստորագրություններն իրենը չեն:

Գարիկ Սարգսյանի խոսքերով, Նոր Գյուղի մանկապարտեզն ամեն տարվա նոյեմբեր ամսից մինչև փետրվար-մարտ (կախված եղանակային պայմաններից) ամիսները գնում է հարկադիր պարապուրդի, քանի որ մանկապարտեզի շենքը չի ջեռուցվում, սակայն, իր կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2013-2015թթ նոյեմբեր ամսին աշխատավարձի ցուցակ փաստաթուղթ է եղել այն մասին, որ աշխատավարձ է վճարվել և եկամտահարկ պահվել՝ հարկային մարմնին չներկայացնելով եկամտային հաշվարկ:

«Փաստաբանական հարցում ենք ուղարկել մանկապարտեզի աշխատակիցներից մեկին, ով հաստատել է, որ նոյեմբեր ամսին ինքն աշխատավարձ չի ստացել, իսկ իր անվան դիմաց դրված ստորագրությունը, ըստ էության, կեղծված է»,- իր խոսքում ասաց Ռուստամ Բադասյանը:

Ոստիկանություն է ներկայացվել նաև 2 քաղաքացիական հայց. վերոնշյալ արձանագրություններից մեկի հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող հողերն օտարվել են նախկին հայանքապետի ընտանիքի անդամներին, մասնավորապես մեկ մեծ հողատարածք գրանցված է կնոջ անունով, մյուսը՝ աղջկա:

«Մենք հայցով պահանջում ենք անվավեր ճանաչել նշված գործարքները, որոնց պատճառով հողերն օտարվել են: Այսօր datalex.am տեղեկատվական համակարգով իմացա, որ գործը մակագրվել է դատավորին: Սպասում ենք հետագա զարգացումներին»:

Գարիկ Սարգսյանի խոսքերով, նախկին ղեկավարը հստակ տեղյակ է եղել այս անօրինություններից, քանի որ առանց նրա իմացության և ստորագրության ոչ մի գործ իրականանալ չէր կարող:

«Ես պատրաստ եմ մինչև վերջ գնալ և համայնքի թե՛ գույքային, թե՛ ֆինանսական միջոցները ետ վերադարձնել համայնքին։ Ես կխուսափեի, որ համայնքում որևէ լարվածություն լիներ։ Այժմ ես բոլորին դիտում եմ որպես իմ համայնքի բնակիչներ։ Եթե դու ղեկավարում ես համայնք, և այդ համայնքում կատարվում են գործողություններ, դու պարտավոր ես վերահսկել և տեղյակ լինել, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասաց գյուղապետը:

Այն հարցին, թե  Նոր Կյանք համայնքի նախկին ղեկավարն այժմ ավելի բարձր պաշտոն ունի, արդյոք չի՞ վախենում նրանից, Գարիկ Սարգսյանը ժպտաց և պատասխանեց. «Ամենևին, շատ ուրախ եմ, որ հիմա ավելի բարձր պաշտոնում է։ Սա իր համար հնարավորություն է՝ բոլոր հնարավոր միջոցներով՝ իրավունքի տեսանկյունից, պաշտպանվելու և մեր կասկածները փարատելու համար»։

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի