ՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի․ պետբյուջեից՝ 259 հազար եվրո կվճարվի

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, հոկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է հրապարակել ընդդեմ Հայաստանի և պարտավորեցրել է կառավարությանը պետբյուջեից 259 հազար եվրո փոխհատուցում տրամադրել ՀՀ քաղաքացիներ Վերսանդիկ Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին: Ստորև ներկայացնում ենք սույն գործով մանրամասները, որոնց մասին հայտնել են փաստաբանները լրատվամիջոցներին։ 

Այս գործը Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի ընթացքում թույլ տված իրավախախտումներից է: Գործով փաստաբանական խմբի անդամ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասել է, որ դիմումը ՄԻԵԴ է հասել 2007-ին, երբ «Հայաստանում հաջողության հասնելու հավատ չկար»։ «2005 թվականին, երբ այս պատմությունը սկսվեց, իրավական նիհիլիզմ կար, հավատ չկար, որ որևէ հաջողություն կունենայինք, և պատկերացրեք, 2005 թվականին խախտված իրավունքի վերականգնման մասին խոսում ենք հիմա՝ 2019 թվականին: Ինչպես շատ քաղաքացիներ, Վերսանդիկ Հակոբյանը և իր կինը նույնպես դարձան այդ գործընթացների զոհը, որովհետև այն ժամանակ փաստորեն հանրային, հասարակության կարիքների անվան տակ գործընթացն էր տեղի ունենում»:
Հեղինե Ամիրխանյանն ու Վերսանդիկ Հակոբյանը ամուսիններ են: Վերսանդիկ Հակոբյանը գործարար է, Երևանի շամպայն գինիների գործարանի սեփականտերերից է: Մյուս սեփականատերը եղբայրն է: 2007-ից մինչև 2012 թվականը պատգամավոր է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Աբովյան փողոցի սկզբնամասում, Հյուսիսային պողոտայի դիմացի մայթին ունեցել է 222 քմ հողատարածք և մոտ 125 քառակուսի մետր մակերեսով տուն: 2005 թվականին այս տարածքը գերակա հանրային շահի ծրագրով օտարվել է: Ինչպես այս տարածքի շատ բնակիչներին, այնպես էլ Վերսանդիկ Հակոբյանին առաջարկվել է տարածքի իրական արժեքից ցածր փոխհատուցում: Արդար փոխհատուցում չէին տրամադրել: Արհեստականորեն շատ ցածր գներով գնահատում են և մարդկանց փաստի առաջ են կանգնեցնում», – նշել է փաստաբանը:

Ըստ դիմումի՝ Հակոբյանը տարածքը 2001-ին ձեռք է բերել՝ շուրջ 85 միլիոն դրամով, սակայն փոխհատուցում է առաջարկվել շուրջ 55 միլիոն դրամ: Հայաստանյան դատարաններում փոխհատուցման չափը հասել է մինչև 60 միլիոն դրամի: Սակայն դա չի բավարարել գործարարին:

Վերսանդիկ Հակոբյանն այս կապակցությամբ հայտնել է լրատվամիջոցներին, որ ՄԻԵԴ չի դիմել, որ բողոքի ֆինանսական հատուցման գումարի մասին, այլ բողոքել է, որ նրանց նկատմամբ սխալ են վերաբերել, և իրավունքները խախտվել են։ 

Հակոբյանն իր տարածքը վարձակալության է տվել, եկամուտ ստացել: Նաև այս պատճառով հայաստանյան փոխհատուցումը համարժեք չեն համարել: Այս տարածքում, Հակոբյանն ասել է, դեռ ոչինչ չի կառուցվել: Սիրիահայ Ավետիս Կարագուլյանին պատկանող «Ավո ՖՄՀ» ընկերությունը պետք է կառուցապատում իրականացներ:

«Պետք է ասեմ, որ դատավարությունը ուղղակի խախտումներով էր տեղի ունենում: Նույնիսկ համասեփականատեր Հեղինե Ամիրխանյանին չէին ներգրավել առաջին ատյանում, թեև ինքը համասեփականատեր էր, և իր անունը գրանցված էր սեփականության վկայականում: Վերաքննիչ դատարանում, երբ այդ փաստի մասով բողոքարկեցինք, դա նույնպես հաշվի չառնվեց: Ներպետական դատավարական խախտումները բազմաթիվ էին: Ընդ որում, այլ տեղ մենք վիճարկում էինք մեկ այլ խնդիր, և դա հիմք էր կասեցնելու այդ գործի վարույթը, դա էլ չկասեցրեցին: Եվրոպական դատարան բողոքը կազմելիս, իհարկե ամենակարևոր փաստը նա է, որ դիմումատուներն այդ գումարը չեն ստացել: Հետևյալ հիմքերով ենք բողոքը ներկայացրել․ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի խախտման հիմքով, դա վերաբերում է արդար դատաքննությանը և արդյունավետ իրավունքի պաշտպանության միջոցներին, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով, որը վերաբերում է սեփականության իրավունքին։ Մեր դեպքում ստացվում է, որ մասնավոր կազմակերպությունները հարստացան, և դրա հաշվին ալիմենտները վճարում է պետությունը: Սա, կարծում եմ, արդար չի»,-նշել է լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ փաստաբան Արա Ղազարյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուները շուրջ 530 հազար եվրո փոխհատուցման պահանջ են ներկայացրել, սակայն 259 հազար եվրոյի չափով է բավարարվել: Այսինքն՝ Հայաստանի բյուջեից կհատկացվի ավելի քան 130 միլիոն դրամ: Վճիռը հրապարակվել է հոկտեմբերի 17-ին, ուժի մեջ կմտնի երեք ամիս անց, ինչին կհաջորդի փոխհատուցման գործընթացը, մանրամասնել է Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Այս գործի քննության փուլում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն է եղել նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ավելի ուշ՝ Եղիշե Կիրակոսյանը:

«Երբ որ ես ներկայացուցիչ եմ նշանակվել, այս գործով կոմունիկացիան ավարտված է եղել: Անձամբ ես չեմ ներգրավված եղել»,-ասել է Կիրակոսյանը: Վերջինիս փոխանցմամբ, սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ սա 20-րդ վիճռն է ընդդեմ Հայաստանի, 12-ը միայն Հյուսիսային պողոտայի գործով է: Նրա տվյալներով, այս գործերով միայն Հայաստանի բյուջեից հատկացված գումարը 2 միլիոն 420 հազար եվրո է կազմում:

«Վստահ եմ, որ կան քաղաքացիներ, ովքեր ունեզրկման զոհ են եղել, բայց չեն դիմել Եվրոպական դատարան, և չեն արձանագրվել խախտումներ: Բայց դա չի նշանակում, որ իրենց իրավունքները չպետք է վերականգնվեն: Նախաձեռնություն մենք ինքներս որոշեցինք անել վերջերս։ Փորձելով այս հարցը նորից բարձրացնել՝ պետական մարմինների ուշադրությունը հրավիրելով դրան, խնդրեցինք վարչապետի հանձնարարական ուղարկվի բոլոր պետական կառավարման մարմիններին, և հավաքել տեղեկատվություն՝ արդյոք այս պահին առկա՞ են գերակա շահ ճանաչված գոտիներ, կամ որևէ նմանատիպ պ, ընթացակարգ կա՞, որպեսզի այս փուլում էլ նույնիսկ փորձենք կանխել»:

Նշենք նաև, որ 2000-ականների սկզբին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրերի իրականացման հետևանքով բնակիչների խախտված իրավունքների թեմայով մեկ ամիս առաջ խորհրդարանում լսումներ էր հրավիրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրների մասին բարձրաձայնեցին մեկուկես տասնամյակ անտուն մնացած բնակիչները, տուժածների փաստաբանները, հասարակական գործիչներ: Ազգային ժողովի նախագահը խոստացավ ելույթներն ուղարկել իրավապահ մարմիններին: