ՄԻԵԴ-ը հրապարակել է «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Դիմումատուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1945 թվականին, բնակվում է Երևանում։ 1991-1998 թվականներին Դիմումատուն հանդիսացել է Հայաստանի Հանրապետության նախագահ: Գործը վերաբերում է 2008 թվականի օգոստոսի 30-ին Հայաստանի նախկին նախագահի ներկայացրած բողոքին՝ 2008 թվականի մարտի 1-ին ընթացող մեծածավալ բողոքի ակցիայի շրջանակներում իր՝ հավաքների ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի և ենթադրյալ տնային կալանքի տակ գտնվելու հանգամանքին: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտման, այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայության մասին, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության և ազատ տեղաշարժի սահմանափակման մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ իր՝ հավաքների ազատության իրավունքը խախտվել է Ազատության հրապարակում ոստիկանության անօրինական և անհամաչափ միջամտության արդյունքում:

ՄԻԵԴ-ը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտում և կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոց) խախտում՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի զուգակցմամբ:

Ինչ վերաբերում է Դիմումատուի՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում) երաշխավորված իրավունքի ենթադրյալ խախտմանը, ապա ՄԻԵԴ-ը որոշել է Դիմումատուի բողոքը ճանաչել անհիմն և մերժել է այն։

ՄԻԵԴ-ը անհրաժեշտ չի համարել քննել Դիմումատուի Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) երաշխավորված իրավունքի ենթադրյալ խախտումը:

Սույն գործով Դիմումատուն չի ներկայացրել արդարացի փոխհատուցման պահանջ: