Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի լիազորությունները ժամանակվորապես դադարեցվել են:

«ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն Օհանյանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք: Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Դ. Համբարձումյանի և Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան, մաժամանակ իրազեկելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը»,- այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար, իսկ Կարեն Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը։ Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: