«Սանիթեք»-ի պարզաբանումը աղբահանության հետ կապված խնդիրների վերաբերյալ

«Սանիթեք» ընկերությունն այսօր հայտարարություն է տարածել Երևանում աղբահանության հետ կապված խնդիրների վերաբերյալ:

«Ընկերությունը եւս մեկ անգամ հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի  ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար: «Սանիթեքը», Երեւանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետեւանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:

Հարկ ենք համարում անդրադառանալ նաեւ վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում եւ չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով:

Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Երևանի շատ փողոցներում չի իրականացվում աղբահանություն: Ինչի հետևանքով առաջացած աղբի կույտերն ու գարշահոտությունը քաղքացիներին պատճառել են բազմաթիվ տհաճություններ: Քաղաքացիներից շատերն անգամ  սկսեցին իրենց բողոքն արտահայտել իրենց ֆեյսբուքյան էջերի միջոցով, տարբեր լուսանկարներ տեղադրելով և կոչ անելով «Սանիթեք» ընկերությանը պատշաճ իրականացնել իրենց առջև դրված պարտականությունները: