ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կփոխվի

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ մինչև տարեվերջ կլքի իր պաշտոնը: Դոնալդ Թրամփն ընդունել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հրաժարականը և այդ կապակցությամբ հայտարարել է, որ 6 ամիս առաջ Հեյլին հայտնել է իրեն հրաժարական տալու որոշման մասին։ ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ որոշ ժամանակ հանգստանալուց հետո Հեյլին կարող է աշխատել ԱՄՆ վարչակազմում։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին արդյունավետ համագործակցության և աջակցության համար: Այս մասին Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարրիկը։ Վերջինս նաև հավելել է, որ Գլխավոր քարտուղարը և Նիկի Հեյլին մեծ ջանքեր են գործադրել ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի միջև կառուցողական հարաբերություններ հաստատելու և համագործակցությունը զարգացնելու համար։ Նրա խոսքերով՝ Հեյլին մշտապես հետևել է ՄԱԿ-ի սկզբունքներին։ ՄԱԿ-ի մամուլի քարտուղարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր քարտուղարը կշարունակի համագործակցել Նիկի Հեյլիի հետ մինչև վերջինիս լիազորությունների դադարեցումը, իսկ հետո՝ նրա իրավահաջորդի հետ։

Օրեր առաջ հայտնի է դարձել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուի անունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է Կանադայում ԱՄՆ դեսպան Քելլի Քրաֆթի թեկնածությունը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում: ԱՄՆ նախագահն արդեն մի քանի հանդիպում է անցկացրել 56-ամյա Քելլի Քրաֆթի հետ և բանակցություններ է սկսել: Բացի այդ, դիվանագետ Քրաֆթին բարձր են գնահատում նաև Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները:

Նշենք, որ Հեյլին զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը 2017 թվականի հունվարից։ ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցչի անունը կհայտարարվի 2-3 շաբաթվա ընթացքում։