Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի Միջազգային դատարանում

2016 թվականին Հնդկաստանը հայց է ներկայացրել Պակիստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Հայցը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացի Կուլբուշան Սադհիր Ջադհավին լրտեսության մեղադրանքով մահապատժի ենթարկելու մասին Պակիստանի իշխանությունների կայացրած որոշմանը։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի (Ջադհավի գործով) հայցի քննությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 19-ից մինչև 21-ը։ Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նաև նշվում է, որ դատական լսումները Հաագայի Խաղաղության պալատից ուղիղ եթերով կհեռարձակվեն Միջազգային դատարանի պաշտոնական կայքում՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։

Ավելի վաղ, Պակիստանը մեղադրել է Ջադհավին՝ Հնդկաստանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատարին, Պակիստանում լրտեսություն և ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։ Հնդկաստանն ամբողջովին հերքել է Պակիստանի հնչեցրած բոլոր մեղադրանքները։ Հնդկաստանի իշխանությունների խոսքերով՝ Ջադհավը Հնդկաստանի ռազմածովային ուժերում աշխատանքից ազատվելուց հետո մեկնել է Իրան՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար։ Այնուհետև, Ջադհավն առևանգվել է Իրանից։ Պակիստանն իր հերթին հայտարարել է, որ Ջադհավը ձերբակալվել է Պակիստանի սահմանին։

Հնդկաստանում համոզված են, որ Ջադհավը երբեք լրտեսության գործունեություն չի ծավալել։ Հնդկաստանը նաև հավելել է, որ Պակիստանը տեղեկացրել է Հնդկաստանին Ջադհավի ձերբակալման մասին դեպքից մի քանի շաբաթ անց: Հիմք ընդունելով 1963 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան՝ Հնդկաստանը դիմել է Պակիստանի իշխանություններին՝ Ջադհավի հետ հանդիպման և նրան Հնդկաստան վերադարձնելու պահանջով։ Այնուամենայնիվ, Պակիստանի իշխանությունները մերժել են Հնդկաստանի պահանջը և Ջադհավի գործով հետաքննություն են նախաձեռնել։ Այնուհետև, Պակիստանի Գերագույն դատարանի Զինվորական գործերի դատական կոլեգիան դատապարտել է Ջադհավին մահապատժի՝ լրտեսական գործունեություն ծավալելու համար։

Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի գործով դատական լսումների առաջին փուլը Հաագայի Միջազգային դատարանում ավարտվել է 2017 թվականին։ Նույն թվականի մայիսի 18-ին Միջազգային դատարանը վճռել է Պակիստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառել՝ մինչև սույն գործով դատավարության ավարտը։ Գործի շրջանակներում կողմերի փաստաբանները ներկայացրել են իրենց փաստարկները և պահանջները։ Հնդկաստանը բողոքել է, որ Պակիստանը Ջադհավին մահապատժի դատապարտելու մասին կայացված որոշմամբ խախտել է 1963 թվականի Վիեննայի կոնվենցիան՝ դիվանագիտական հարաբերությունների մասին։ Մասնավորապես՝ Հնդկաստանը բողոքել է, որ ընդունող պետությունը՝ Պակիստանը, չի ապահովել հյուպատոսական պաշտոնատար անձի ազատ այցելությունը հավատարմագրող պետության քաղաքացուն:

Այսպիսով, Հնդկաստանը պահանջել է Միջազգային դատարանից անմիջապես դադարեցնել Ջադհավին մահապատժի դատապարտելու վճռի կատարումը, մեղավոր ճանաչել Պակիստանին միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ և չեղյալ հայտարարել Հնդկաստանի քաղաքացուն մահապատժի ենթարկելու վերաբերյալ Պակիստանի Գերագույն դատարանի Զինվորական գործերի դատական կոլեգիայի կայացրած որոշումը։