ՄԱԿ-ը նշում է ծննդյան 73-ամյակը

Ամեն տարի հոկտեմբերի 24-ին նշվում է Միացյալ ազգերի կազմակերպության օրը: Այն հայտարարվել է 1947 թվականի հոկտեմբերին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի N168 բանաձևով և նվիրված է 1945 թվականին ՄԱԿ-ի կանոնադրության ընդունմանը։ Այս տարի ամենահայտնի համաշխարհային միջազգային կազմակերպությունը նշում է իր 73-ամյակը: Շատերը, հավանաբար, լսել են այս արտահայտությունը. «Եթե ՄԱԿ գոյություն չունենար, այն, միանշանակ, պետք է ստեղծվեր»…

ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշվում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և պարտավորվում է․

«փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը, և վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների, անհատի արժանապատվության և արժեքի, տղամարդու և կնոջ, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովեն արդարությունն ու դաշինքներից և միջազգային իրավունքի այլ աղբյուրներից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, և ավելի մեծ ազատության պայմաններում խթանել սոցիալական առաջընթացն ու կենսամակարդակի բարելավումը»։

73 տարվա ընթացքում ծավալած գործունեության ժամանակաշրջանում ՄԱԿ-ը և՛ մեծ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ է գրանցել: Այսօր ՄԱԿ-ը մասնագիտացված գործակալությունների և կազմակերպությունների մի ամբողջ ընտանիք է, որի գործունեությունը ներառում է մարդկային կյանքի բոլոր ասպեկտները` սկսած խաղաղության և անվտանգության, հումանիտար օգնության, տնտեսական և գյուղատնտեսության զարգացման ոլորտից, մինչև մարդու իրավունքների պաշտպանության, առողջապահության, գիտության, մշակույթի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտը: Հավանաբար, աշխարհում չկա այնպիսի մի հարց, որին լուծում չտրվի ՄԱԿ-ի համակարգում համապատասխան մասնագետի կողմից:

193 անդամ պետություններից բաղկացած այս կազմակերպությունը օգնություն է հատկացնում աշխարհի 80 երկրների ավելի քանի 80 միլիոն մարդկանց: ՄԱԿ-ը սնունդ է տրամադրում կարիքավոր ընտանիքներին, բժշկական օգնություն է հատկացնում հիվանդներին, օգնում է փախստականներին, պատերազմի հետևանքով տուժած անձանց և զոհերին, հետապնդումների և խոշտանգումների ենթարկվող անձանց: Ամեն տարի ՄԱԿ-ն օժանդակում է ավելի քան 50 երկրներում ընտրությունների իրականացմանը, ինչպես նաև՝ դիվանագիտական միջոցներով խոչընդոտում է հակամարտություններին: ՄԱԿ-ը նաև հատուկ ուշադրություն է դարձնում կանանց իրավունքների պաշտպանությանը և ամեն ամիս ավելի քան 1 միլիոն կանանց և մայրերի կյանք է փրկում: Այնուամենայնիվ, վերոգրյալը ՄԱԿ-ի կատարած բարի գործերի միայն մի մասն է կազմում: ՄԱԿ-ի գլխավոր նպատակն է՝ պաշտպանել մարդու իրավունքները և ապահովել ավելի քան 80 պայմանագրերով և համաձայնագրերով նախատեսված պարտականությունների իրագործումը։ Այդ գործում ամենակարևոր տեղն է զբաղեցնում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

Պարբերաբար ՄԱԿ-ի հասցեին քննադատություններ են հնչում: Մասնավորապես՝ որոշ պետություններ քննադատում են կազմակերպության և նրա հիմնական մարմինների անարդյունավետ գործունեությունը և կարծում են, որ ՄԱԿ-ի հիմնական մարմինները, ինչպիսիք են՝ Գլխավոր ասամբլեան և Անվտանգության խորհուրդը, պետք է բարեփոխվեն: Հենց այդ խնդրով էլ այժմ անհանգստացած է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը:

Անկախ խնդիրներից և դժվարություններից, ամեն տարի պետությունների ու կառավարությունների ղեկավարները ՄԱԿ-ի Նյու Յորքի գլխավոր գրասենյակում գտնվող Գլխավոր ասամբլեայի ամբիոնից դիմում են համայն աշխարհին, պատմում են իրենց երկրների ձեռքբերումների ու դժվարությունների և իրենց ժողովրդի կարիքների մասին՝ գործընկերների հետ քննարկելու և խնդիրներին լուծում գտնելու նպատակով: Անկախ նրանից, թե որքան շատ են տարաձայնությունները, նրանք իրենց ՄԱԿ-ի ընտանիքի մի մասն են զգում:

ՄԱԿ-ի ծննդյան օրվա նախօրեին Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը կոչ է արել համաշխարհային հանրությանը վերականգնել կազմակերպության նկատմամբ վստահությունը, ձեռնարկել մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցները և միասնական գործել՝ որպես կազմակերպության միասնական ընտանիք:

Նշենք, որ Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցում է 1992 թվականից։ Ներկայումս միջազգային այս կազմակերպության հետ համագործակցում են հայկական մի շարք գործակալություններ և հիմնադրամներ։