ՄԱԿ-ը կօգնի պետություններին պայքարել ահաբեկիչների դեմ, բացահայտել հանցագործությունները և կանխել մաքսանենգության դեպքերը

 Ինչպես պետք է պետությունները պաշտպանեն իրենց ավիացիան ահաբեկիչների և այլ հանցավոր խմբերի հարձակումներից, ինչպես պայքարել օդային փոխադրումների միջոցով իրականացվող թմրանյութերի առուվաճառքի և մաքսանենգության դեմ, ինչպես կանխել մարդկանց թրաֆիքինգն ամբողջ աշխարհում։ Այս և այլ հարցերի պատասխանները գտնելու նպատակով ՄԱԿ-ի գրասենյակներն այս շաբաթ նոր համաձայնագիր են ստորագրել։

Այս շաբաթ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը և ՄԱԿ-ի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Ֆան Լյուն ստորագրել են համագործակցության հուշագիր։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աջակցություն ցուցաբերել պետություններին և օգնել նրանց բացահայտել հանցագործության դեպքերը, պայքարել ահաբեկիչների դեմ, բացահայտել և կանխարգելել մաքսանենգության դեպքերը և ձերբակալել հանցագործություններ կատարող անձանց օդանավակայաններում և մարդատար օդանավերում։

Պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականին ամբողջ աշխարհի ավիաընկերությունների իրականացրած չվերթերի քանակն օդային ավիաուղիներով կազմել է 37 միլիոն, և ուղևորների օդային փոխադրման ռեկորդային թիվ է գրանցվել։ Օդային փոխադրումների և ավիաթռիչքների ծառայությունից ամբողջ տարվա ընթացքում օգտվել է ավելի քան 4,1 միլիարդ մարդ։ ՄԱԿ-ի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2030 թվականին ինքնաթիռների չվերթերից օգտվող ուղևորների թիվը կարող է հասնել 8 միլիարդի։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը նշել է, որ համագործակցության համաձայնագրի գլխավոր նպատակն է՝ օդային փոխադրումների ոլորտում բարեփոխումներիիրականացումը, ուղևորների անվտանգության ապահովումը, պետության ներսում գործող օդանավակայաններում հանցագործության դեպքերի կանխարգելումը։ Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև հսկողություն սահմանել պետական կառույցների և իրավապահ մարմինների վրա։

«ՄԱԿ միջազգային կազմակերպության գլխավոր նպատակն է՝ պահպանել միջազգային խաղաղությունը և անվտանգությունը։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում օգնել պետություններին իրենց երկրի ներսում նվազեցնել հանցագործության դեպքերի թիվը և պետք է ձեռնարկենք հնարավորինս ամեն բան՝ մեր արդյունավետ համագործակցությունը զարգացնելու համար», – նշել է Յուրի Ֆեդոտովը։ Նա նաև հավելել է, որ շատ մտահոգված է՝ ահաբեկիչների և տարբեր հանցավոր խմբավորումների կողմից իրականացվող հանցագործությունների պատճառով։ Նա համաձայնագրի առաջնային նպատակն է համարում ահաբեկիչների դեմ պայքարը։ Նման մտահոգությունը կապված է այն փաստի հետ, որ վերջին տարիներին շատ պետություններում գործող օդանավակայանների մաքսային ծառայության աշխատակիցները ՄԱԿ-ի օգնությամբ բացահայտել են ահռելի թվով մաքսանենգության դեպքեր, ապօրինի փոխադրումներ, մարդկանց թրաֆիքինգի դեպքեր, մաքսանենգ ճանապարհով կոկաինի և այլ տեսակի թմրանյութերի առուվաճառքի դեպքեր, ահաբեկչական հարձակումների և նման հանցագործություններ։