ՀՀ Քրեական դատավարությունում հեռակա դատական քննության նախատեսման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լույսի ներքո

ՀՔրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները հետապնդում են երկու հիմական նպատակ՝ ենթադրյալ հանցագործությունների արդյունավետ քննության ապահովում և անձի իրավունքների ու ազատությունների լիարժեք պաշտպանության երաշխավորում: Ներկայումս արդարադատության մատչելիության և արդյունավետության հիմնախնդիրները առավել արդիականներից են` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների համատեքստում:

Ազգային օրենսդրություններում արդյունավետ կառուցակարգեր ներդնելու տարածված միջոցներից է դատավարական ձևի տարբերակումը (դիֆերենցիացիան), որի արդյունքում առաջանում են միասնական քրեական դատավարության իրականացման և դրա նպատակների նվաճման տարբեր` կոնկրետ իրավիճակին համարժեք եղանակներ: Այլ կերպ ասած` քրեական դատավարության ձևի տարբերակումը քրեական վարույթի կոնկրետ տեսակի իրականացման մեկից ավելի ձևերի գոյությունն է: Ընդհանրապես քրեական դատավարության փուլերի համակարգում դատական քննությունը համարվում է հիմնական և կենտրոնական։ Այս փուլում դատարանն ըստ էության քննում և լուծում է քրեական գործը՝ հիմնվելով ապացույցների հետազոտման արդյունքների վրա և տալիս է քրեական գործի բոլոր հիմանական հարցերի պատասխանները: Դատաքննության արդյունքում, կայացնելով դատավճիռ, դատարանը լուծում է ոչ միայն բուն դատական քննության առջև ծառացած խնդրիները, այլև քրեական դատավարության և արդարադատության անմիջական և համասոցիալական խնդիրները։ 

Հաշվի առնելով այն փաստը, որ դատավարական ձևը քրեական դատավարության հիմնարար հասկացություններից է՝ պայմանավորված քրեական դատավարության էությամբ և սկզբունքներով, անհրաժեշտ է նշել, որ իրավաբանական գրականության մեջ միասնական մոտեցում չկա քրեական դատավարությունում դատավարական ձևի տարբերակման հիմնահարցի վերաբերյալ: Այսպես, Ա. Սիչևը դատավարական ձևի տարբերակումը և ունիֆիկացումը դիտարկում է որպես քրեական դատավարության մեթոդաբանական սկզբունքներ: Հեղինակի կարծիքով ունիֆիկացումը դատավարության սկզբունք է, որն ուղղված է քրեական դատավարության կատարյալ կառուցվածքի ստեղծմանը, ընդհանուր ունիվերսալ կանոնների ձևավորմանը: Ըստ Ա. Սիչևի, դատավարական ձևի տարբերակման սկզբունքը, հիմնվում է առավելապես արդի պատմական ժամանակաշրջանին համապատասխանող էմպիրիկ հիմնավորումների վրա: Տարբերակման միջոցով փորձ է արվում հեռանալ միասնականության սկզբունքից՝ հանուն ընթացիկ կենսական հանգամանքների: Այսպիսով, տարբերակումը սկզբունք է, որն ի սկզբանե ուղղված է ընդհանուր կանոններից բացառություններ նախատեսելուն։

Դատավարական ձևի տարբերակման կողմնակիցները որպես դրա անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկ նշում են հիմնականում դատավարական միջոցների և վարույթի ընթացքում ծախսվող ժամանակի խնայումը: Նրանք գտնում են, որ պետությունն ի վիճակի չէ անսահմանափակ ուժեր և միջոցներ տրամադրել հանցավորության դեմ պայքարին, իսկ այդ պայքարի արդյունավետությունն ու օպերատիվությունն ապահովելու համար անհրաժեշտ է դատավարական ձևից հանել բոլոր ավելորդությունները: Ներկայումս արտասահմանյան շատ երկրներ որդեգրել են օպտիմալացման ճանապարհը` հետևողականորեն քրեական դատավարություն ներմուծելով տարբերակված վարույթները, որոնք հնարավորություն են տալիս կրճատել մինչդատական վարույթը` խնայելով բավականին մեծ ռեսուրսներ: Դատավարական ձևի պարզեցումը ինչպես հանցագործություններին առավել արագ և օպերատիվ արձագանքելու, այնպես էլ առավելագույն տնտեսման պայմաններում գործերը արագ և արդյունավետ քննելու և լուծելու նպատակ է հետապնդում:

Միևնույն ժամանակ որոշ դատավարագետներ, դեմ արտահայտվելով քրեադատավարական ձևի տարբերակման անհրաժեշտությանը և թույլատրելիությանը, կարծիք են հայտնում, որ դատավարական ձևի տարբերակման բացասական արդյունքներն ի չիք են դարձնում դրա դրական հետևանքները: Այսպես, Մ.Ս. Ստրոգովիչը նշում է. «Դատավարական ձևի պարզեցումը քննչական և դատական պրակտիկայի ամենավտանգավոր երևույթն է, ինչն արտահայտվում է քրեական դատավարության օրենսգրքի հետ կամայական վերաբերմունքի, դրա խախտման, օրենքով սահմանված դատավարական ձևերը շրջանցելու տարբեր փորձերի մեջ այն պատրվակով, որ կարևորը ոչ թե ձևականություններն են, այլ գործի, ըստ էության, ճիշտ լուծումը» : Պետք է նշենք, որ տեսության մեջ առանձնացվում են քրեադատավարական ձևի տարբերակման հիմնականում երկու, որոշ դեպքերում երեք ուղղություն, դրանք են. 1. Համարժեք դատավարական ձև, որը հիմնական դատավարական ձևից չի տարբերվում պարզությամբ կամ բարդությամբ, 2. Դատավարական ձևի բարդեցում` իրականացվում է նոր, լրացուցիչ ընթացակարգերի նախատեսման, կամ գոյություն ունեցող ընթացակարգերի փոփոխման միջոցով` նպատակ հետապնդելով լրացուցիչ երաշխիքներ ստեղծել դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար 3. Դատավարական ձևի պարզեցում` իրականացվում է որոշակի ընթացակարգերի, կամ դրանց մի մասի պարզեցման, կամ այլ եղանակի նախատեսման միջոցով` նպատակ ունենալով քրեական դատավարությունը դարձնել ավելի էժան և արագ։

Հատկանշական է, որ դատավարական ձևի պարզեցման նշանակությունը շեշտվում է նաև Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 1987թ. սեպտեմբերի 17-ին ընդունված «Քրեական արդարադատության պարզեցման վերաբերյալ» N6R(87)18 հանձնարարականում, որտեղ մասնավորապես նշվում է, որ հանցագործության բացահայտման ձգձգումները հանգեցնում են քրեական իրավունքի հեղինակազրկմանը, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև արդարադատության պատշաճ իրականացման վրա։ Ընդհանուր առմամբ դատավարական ձևի պարզեցումը միտված է քրեական դատավարության օպտիմալացմանը և նպատակ ունի պարզեցնել, արագացնել, առավել խնայողական դարձնել այն։ Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է արձանագրել, որ դատավարական ձևի պարզեցման դեպքում պետք է նախատեսվեն հավելյալ երաշխիքներ մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։ Ոչ մի պարագայում գործի քննության արագությունն ու խնայողականությունը չեն կարող գերադասվել տուժողի և (կամ) մեղադրյալի (ամբաստանյալի) իրավունքներից և օրինական շահերից, հակառակ դեպքում դատարանը չի կարող իրականացնել արդարադատություն, որը նրա բացառիկ սահմանադրական լիազորությունն է։ Նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով սահմանել արդյունավետ կառուցակարգեր, որոց միջոցով ժամանակին կկանխվեն հնարավոր չարաշահումները և արագ կվերացվեն հայտնաբերված խախտուների հետևանքները:

Քրեական արդարադատության ոլորտում որպես տարբերակված դատավարական ձև հիշատակման ենթակա է հեռակա դատավարությունը (in absentia), որը որոշ տեսաբանների կողմից դիտարկվում է որպես առանձին քրեադատավարական ինստիտուտ։ Մի շարք հեղինակներ, ինչպիսիք են օրինակ Ն.Վ.Մասլիկովան, Մ.Չ.Կոգամովը, Լ.Ա.Երալինան, քրեական գործերով հեռակա դատավարությունը դիտարկում են որպես պարզեցված դատավարական ձև։ Միևնույն ժամանակ, Խ.Ու.Ռուստամովը, Ա.Ս.Տուկիեվը գտնում են, որ հեռակա դատավարությունը առավել բարդ ընթացակարգային ձև է։ Այսպիսով, այս հարցում նույնպես միասնական մոտեցում չկա։ Հեռակա դատավարության էությունը բացահայտելու համար, անհրաժեշտ է տալ նաև դրա հասկացությունը։ Այսպես, տեսաբաններ Լ.Վ. Տիխոմիրովան և Մ. Յ. Տիխոմիրովը տալիս են հետևյալ ձևակերպումը. «Քրեական դատավարությունում հեռակա դատավարության տակ հասկանում ենք դատարանի կողմից գործի քննությունը՝ ամբաստանյալի բացակայության պայմաններում»։ Օ.Վ. Վոլինսկայան և Օ.Ն. Գրաշիչևան իրենց համատեղ աշխատության մեջ նշում են. «Հեռակա դատավարությունը դատաարանի գործողություններն են՝ ուղղված քրեական գործերի դատական քննությանը, ամբաստանյալի բացակայության պայմաններում, որի հետևանքն է դատարանի կողմից հեռակա որոշման կայացումը՝ համապատասխան ակտի ընդունման միջոցով»։

 Ընդհանրապես քրեական դատավարությունում «հեռակա» հասկացությունը կարող է օգտագործվել դատավարական գործողության, դատավարական փուլի կամ դրա իրականացման ձևերից մեկի դատական վարույթի առնչությամբ: Միևնույն ժամանակ, ավանդաբար, դատավարական այս ձևի պարտադիր պայմանը կասկածյալի կամ մեղադրյալի բացակայությունն է: Հետևաբար, քրեական գործերի հեռակա դատաքննություն պետք է համարվի առաջին ատյանի դատարանի կողմից գործի ըստ էության քննությունը, որում մեղադրյալը ուղղակիորեն ներգրավված չէ: Անհրաժեշտ է ընդգծել, որ դատական վարույթի ընթացքում այլ մասնակիցների բացակայությունը չի նշանակում, որ այն ձեռք է բերել «հեռակա» բնույթ:

Պետք է նշել, որ քրեական դատավարության տեսության շրջանակներում հեռակա դատավարության նախատեսման անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը մշտապես գիտական վեճերի առարկա է եղել, քանի որ քրեական դատավարության տվյալ ձևը ենթադրում է որոշակի հետնահանջ մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքներից։ Բացի վերոնշյալից, հիմնական խնդրիներից է նաև այնպիսի հավասարակշռված մոդելի ձևավորումը, որը մի կողմից կապահովի մեղադրյալի բացակայության պայմաններում նրա իրավունքների առավելագույն երաշխավորումը, մյուս կողմից՝ կապահովի հանրային շահի, այն է՝ արագ և արդյունավետ արդարադատության իրականացումը։  

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (այսուհետ՝ Դաշնագիր) հոդված 14-ում, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի հոդված 6-ում, երաշխավորվում է մեղադրյալին իր ներկայությամբ դատվելու և դատավարությանը լիարժեք հավասարության սկզբունքով մասնակցելու իրավունքը: Հեռակա դատական քննության ինստիտուտին անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Ամբաստանյալի բացակայությամբ վարույթը կարգավորող չափանիշների մասին» 1973 թ. հունվարի 19-ի 75 (11) բանաձևում և Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության պարզեցման վերաբերյալ» 1987թ.-ի  սեպտեմբերի 17-ի N R (87) 18 հանձնարարականում: Դրան գումարած, որոշ միջազգային կազմակերպություններ և առանձին պետություններ հնարավոր են համարում քրեական գործի ըստ էության դատաքննությունը՝ ամբաստանյալի բացակայության պայմաններում։ Այսպես, օրինակ՝ ԱՊՀ երկրների քրեկան դատավարության մոդելային օրենսգրքի 353-րդ հոդվածում նշվում է.

«1. Դատական քննությունը տեղի է ունենում ամբաստանյալի մասնակցությամբ, որի ներկայությունը պարտադիր է:

2. Մեղադրյալի բացակայության պայմաններում դատական քննությունը կարող է իրականացվել բացառիկ դեպքերում.

1) երբ ամբաստանյալը խուսափում է դատարան ներկայանալուց;

2) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքերում, եթե ամբաստանյալը միջնորդում է՝ գործը քննել իր բացակայության պայմաններում և պայմանով, որ հեռակա դատական քննությունը չի խոչընդոտի գործի հանգամանքների համապարփակ, ամբողջական և օբյեկտիվ քննությանը:

3. Եթե դատական քննությունը իրականացվում է ամբաստանյալի բացակայության պայմաններում, նրա պաշտպանի մասնակցությունը պարտադիր է»։

Հեռակա դատավարական ձևի տարածվածությունը ԱՊՀ անդամ երկրներում, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ արդեն 1960թ.-ի ՌԽՖՍՀ քրեական դատավարության օրենսգրքը (այստեղ պետք է նշել, որ ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում գործում էին նույն կարգավորումները), բացառիկ դեպքերում, նախատեսում էր դատավարություն ամբաստանյալի բացակայության պայմաններում։ Այսպես՝ «Ամբաստանյալի մասնակցությունը դատական վարույթին» վերտառությամբ հոդված 246-ում նախատեսված է. «(…) Մեղադրյալի բացակայության դեպքում դատաքննությունը կարող է թույլատրվել միայն բացառիկ դեպքերում, եթե դա չի խանգարում գործով ճշմարտության հաստատմանը. 1) Երբ ամբաստանյալը գտնվում է ԽՍՀՄ տարածքից դուրս և խուսափում է դատարան ներկայանալուց։  2) Երբ այն հանցագործության վերաբերյալ գործով, որի համար չի կարող նշանակվել պատիժ ազատազրկման ձևով, ամբաստանյալը միջնորդում է, գործի քննությունն իրականացնել իր բացակայությամբ: Դատարանը, սակայն, իրավունք ունի ճանաչել ամբաստանյալի ներկայության պարտադիր լինելը»։

Քննարկվող թեմայի համտեքստում չափազանց կարևոր են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև ՄԻԵԴ) համապատասխան որոշումներում արտահայտած դիրքորոշումները։ ՄԻԵԴ-ը իր մի շարք որոշումներում նշում է , որ առանց ներկա գտնվելու դժվար է ենթադրել, թե ինչպես անձը կարող է իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված հատուկ իրավունքները, մասնավորապես՝ «պաշտպանելու իրեն անձամբ», «հարցաքննելու վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության» և «օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն, կամ չի խոսում այդ լեզվով»: Ավելին, նիստին ներկա լինելու իրավունքը մեղադրյալին թույլ է տալիս հաստատել իր պաշտպանության ճշմարտացիությունը և համեմատել այն տուժողների և վկաների ցուցմունքների հետ։ Ներպետական դատարանները պարտավոր են պատշաճ ջանասիրություն գործադրել մեղադրյալի ներկայությունն ապահովելու ուղղությամբ՝ հավուր պատշաճի դատակոչի ենթարկելով, ինչպես նաև, պարտավոր են որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի չխրախուսվի նրա չհիմնավորված բացակայությունը նիստից։

Չնայած նրան, որ 1950թ. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև ՄԻԵԿ) 6-րդ հոդվածում ուղղակիորեն նախատեսված չէ ամբաստանյալի՝ դատավարությանը մասնակցելու իրավունքը, ընդհանուր առմամբ ՄԻԵԿ-ի դիրքորոշումը հանգում է նրան, որ դատավարությունը պետք է իրականացվի ամբաստանյալի ներկայությամբ։ «Ստենֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործում դատարանը արձանագրել է. «(…)ընդհանուր առմամբ Հոդված 6-ը ճանաչում է մեղադրյալի իրավունքը իրականում մասնակցելու իր գործով դատավարությանը»։

«Վոդել ընդդեմ Ֆրանսիայի» գործով ՄԻԵԴ-ը նշել է. «(…) կարևոր է, որ մեղադրյալը անձամբ ներկա գտնվի իր գործով դատավարությանը առաջին ատյանում»։ Վերջապես, «Մեդենիկան ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ը արձանագրեց, որ ամբաստանյալի ներկայությունը ունի էական նշանակություն, ինչպես դատարանի կողմից լսված լինելու իրավունքի տեսանկյունից, այնպես էլ նրա կողմից բերված փաստարկների հավաստիությունը ստուգելու և տուժողների ու վկաների ցուցմունքների հետ համեմատելու տեսանկյունից։

Սույն թեմայի վերաբերյալ դասական օրինակ է «Կոլլոցան ընդդեմ Իտալիայի» գործը։ Տվյալ գործով Իտալիայի քաղաքացի Կոլլոցան քրեական պատասխանատվության էր ենթարկվել խարդախության համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ անձը չէր բնակվում այն հասցեով, որը նշված էր դատարան ներկայացված փաստաթղթերում, Հռոմի շրջանային դատարանը Կոլլոցային համարեց արդարադատությունից խուսափող անձ և հեռակա դատապարտեց վեց տարվա ազատազրկման ու պարտավորեց վճարել տուգանք։ ՄԻԵԴ-ը նշել է. «Եթե պետության օրենսդրությունը հեռակա դատավորություն անցկացնելու համար լեգիտիմ պայման է համարում ամբաստանյալի դատավարությունից խուսափելը կամ նրա գտնվելու վայրի անհայտ լինելու փաստը, ապա երկրի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պարզելու համար բոլոր այն հանգամանքները, որոնք կապված են մեղադրյալին «արդարադատությունից խուսափող» հայտարարելու հետ»։ Ընդհանուր առմամբ  ՄԻԵԴ-ը ընունում է, որ կողմերը ընթացքում կարող են հրաժարվել իրենց լսված լինելու իրավունքից, բայց այդ դեպքում հրաժարվելու փաստը պետք է լինի միանշանակ և կողմերի շահերը պետք է լիարժեք ներկայացված լինեն դատարանում, ինչպես նաև, պետք է երաշխավորված լինեն նրանց նվազագույն իրավունքները։ Նույն «Կոլոցան ընդդեմ Իտալիայի» գործով՝ դատարանը նշել է, որ եթե ներքին օրենսդրությունը նախատեսում է դատական նիստի անցկացումը առանց հանցագործության մեջ մեղադրվող անձի մասնակցության, ապա, տվյալ անձը, այն պահից սկսած, երբ իրեն հայտնի է դառնում փաստը դատական քննության վերաբերալ, պետք է գործին կրկին վերադառնալու հնարավորություն ստանա՝ իր գործը քննող դատարանի կողմից։ ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ անձի չներկայանալու պատճառով դատական նիստն անցկացնելու անհնարինությունը կարող է պարալիզացնել քրեական վարույթի ընթացքը, քանի որ դա կարող է հանգեցնել, մասնավորապես, ապացույցների անհետացման, քրեական հետապնդման վաղեմության ժամկետի լրանալուն կամ արդարադատության սխալի։ Ուստի, նիստը մեղադրյալի բացակայությամբ անցկացնելն ինքնին չի հակասում 6-րդ հոդվածին:

«Լենա Աթանասովան ընդդեմ Բուլղարիայի» գործով ՄԻԵԴ-ը ընդգծել է, որ դատական նիստը կարող է անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նա հրաժարվել է դատական նիստին ներկա լինելու իրավունքից։ Այդ հրաժարումը կարող է լինել բացահայտ կամ ենթադրյալ՝ բխեցված անձի վարքագծից, օրինակ՝ երբ նա խուսափում է դատական քննությունից։

Հատկանշական է ՄԻԵԴ-ի դիրքորոշումը «Սեժդովիչն ընդդեմ Իտալիայի» գործով, որտեղ արձանագրված է որ, թեպետ մեղադրյալի բացակայությամբ տեղի ունեցող դատական քննությունն ինքնին անհամատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, այնուամենայնիվ, տեղի է ունենում արդարադատությունից զրկում, երբ in absentia դատապարտված անձն անկարող է հետագայում իրեն լսած դատարանից հասնել մեղադրանքի էության վերաբերյալ նոր քննության անցկացման՝ և՛ իրավունքի, և՛ փաստի մասով, եթե չի հաստատվել, որ նա հրաժարվել էր դատաքըննությանը ներկա գտնվելու և իրեն պաշտպանելու իրավունքից, կամ, որ նա ունեցել էր դատաքննությունից խուսափելու դիտավորություն։

Փաստորեն, համաձայն ՄԻԵԴ-ի ձևավորած իրավական դիրքորոշումների՝ հեռակա դատավորությունը հանդիսանում է բացառություն մրցակցության և ապացույցների հետազոտման անմիջականության սկզբունքներից։ Դրա հետ մեկտեղ ՄԻԵԴ-ն ընդունում է, որ ազգային օրենսդրական մակարդակում և որոշակի իրավիճակներում, կարող է նախատեսվել հեռակա դատավարական կարգ, միևնույն ժամանակ նշելով, դատապարտյալի ցանկության դեպքում, դատարանում գործի ըստ էության քննության կրկնակի հնարավորության մասին։ Նմանատիպ դիրքորոշում է արտահայտել նաև Մարդու իրավունքների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե)։ «Մբենգեն ընդդեմ Զաիրի» գործով Կոմիտեն համաձայնեց՝ հեռակա դատավարության անցկացման հետ՝ ամբաստանյալի բացակայության պայմաններում, արձանագրելով. «(…) Դաշնագրի (հոդված 14, կետ 3) դրույթը (…) չի կարող մեկանբանվել այնպիսի ձևով, որ անկախ անձի ներկա չգտնվելու պատճառներից՝ in absentia ընթացակարգը ցանկացած դեպքում դառնում է անթույլատրելի»։ «Ալի Մալեյքին ընդդեմ Իտալիայի» գործով Կոմիտեն հաստատեց, որ in absentia դատավարությունը համահունչ է Դաշնագրի հոդված 14-ի հետ, եթե ամբաստանյալը ժամանակին կանչվել է և տեղեկացվել է իր դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ  ընթացող դատական քննության մասին։

Հատկանշական է, որ ի տարբերություն առաջին ատյանի դատարանում գործի քննությանը մեղադրյալի մասնակցությանը, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմինները, անհրաժեշտ չեն համարում նույնը վերաքննիչ և վճռաբեկ դատավարությունների համար։ Ըստ ՄԻԵԴ-ի վերաքննիչ դատարանում դատական լսումների իրականացումը  մեղադրյալի բացակայության պայմաններում, չունի որոշիչ դեր այն դեպքում, եթե, վերաքննիչ դատարանը կքննարկի միայն իրավունքին վերաբերելի հարցերը, այլ ոչ թե փաստերին,  և ամբաստանյալի շահերը կներկայացնի պաշտպանը։

Այսպիսով, ուսումնասիրելով միջազգային իրավական պրակտիկան, գալիս ենք այն եզրահանգմանը, որ եթե երկիրը ներդնում է հեռակա դատավարական կարգ, ապա այն պետք է պահպանի հետևյալ պայմանները.

1. Օրենսդրական մակարդակում հստակ սահմանել այն հիմքերը որոնց առկայության դեպքում է միայն հնարավոր հեռակա դատաքննության կարգը։

2. Ապահովել արդար դատաքննության մյուս բոլոր բաղկացուցիչ մասերը, որոնք նախատեսված են ՄԻԵԿ հոդված 6-ով, այդ թվում՝ պաշտպանի պարտադիր մասնակցությունը։

3. Մեղադրյալի ցանկության դեպքում, ապահովել գործը կրկին ըստ էության դատարանում քննելու հնարավորությունը՝ առկա կարգով։

Ըստ էության, հեռակա դատաքննությունը՝ թույլատրելի, բայց ոչ ցանկալի քրեադատավարական ինստիտուտ է, որի կիրառման դեպքում վերապահում է կատարվում մեղադրյալի արդար դատաքննության իրավունքից ի օգուտ տուժողի իրավունքների պաշտպանության և հանրային շահի գերակայության։

Նախկինում Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրությունը որդեգրել էր իրավահարաբերությունների կարգավորման միասնական (ունիֆիկացված) ձևը, սակայն, հաշվի առնելով նաև պարզեցված քրեադատավարական ձևերի ներմուծման այն միտումը, որն առկա է գրեթե բոլոր այն պետություններում, որտեղ իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ՝ 21.02.2007 թվականի ՀՕ-93-Ն օրենքով, որով քրեական դատավարության օրենսգիրքը լրացվեց 9.1 բաժնով, ՀՀ քրեական արդարադատության համակարգ ներմուծվեց նոր դատավարական ինստիտուտ՝ դատական քննության արագացված կարգը, ինչը տարբերակված (պարզեցված) վարույթ նախատեսելու առաջին փորձն էր։ Այս փաստը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում տեղ գտած մի շարք նորամուծությունների և նոր ինստիտուտների առկայությունը, հիմք հանդիսացան ՀՀ քրեական արդարադատության համակարգ հեռակա դատաքննության ինստիտուտը ներդնելու նպատակահարմարության քննարկումների համար։ Ինչպես գիտենք ներկայիս ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) չի նախատեսում հեռակա դատավարության հնարավորություն։ Ավելին, օրենսդրական մակարդակում առկա են մի շարք դրույթներ, որոնք ուղղակի բացառում են հեռակա դատական քննության անցկացման հնարավորությունը։ Այսպես, Օրենսգրքի «Մրցակցությունը քրեական դատավարության ընթացքում» վերտառությամբ հոդված 23-ում նշված է. «(…)Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը, (…) Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է»։

Օրենսգիրքը, որպես մրցակցության սկզբունքի իրականացման երաշխիք, դատական քննության ընդհանուր պայմանների մեջ ներառել է դատավարության մասնակիցների դատական քննությանը մասնակցելու և նրանց չներկայանալու հարցերը։ Այս տեսակետը հաստատել է նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը (ԵՄԴ/0072/01/16)արձանագրելով, որ ամբաստանյալի պարտադիր մասնակցությունը դիտարկում է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքի տեսանկյունից։ Դրան համապատասխան, Օրենսգրքի 301-308-րդ հոդվածները սահմանում են նաև ամեն մի մասնակցի չներկայանալու հետևանքները։ «Ամբաստանյալի մասնակցությունը դատական քննությանը» վերտառությամ հոդված 302-ը սահմանում է. «Դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է, բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի»։ Ի դեպ  Օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվել է կանոն առ այն, որ ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է՝ անկախ նրանից թե ինչ պատճառով չի ներկայացել ամբաստանյալը։ Ընդհանուր կանոնից բացառություն է նախատեսված 314.1-րդ հեդվածի 6-րդ մասով միայն այն դեպքում, երբ ամբաստանյալի նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ նիստերի դահլիճից հեռացնելը, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է նրա բացակայությամբ՝ պաշտպանի պարտադիր մասնակցությամբ։

Օրենսդրիրը ամբաստանյալի մասնակցությունը դատական քննությանը մեկնաբանվում է որպես. 1) ամբաստանյալի իրավունք` դատական քննությանը նրա մասնակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրան հնարավորություն է տրվում անմիջականորեն մասնակցել իր դեմ առկա ապացույցների հետազոտմանը և դրանով իսկ իրացնել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից պաշտպանվելու իր իրավունքը, 2) ամբաստանյալի պարտականություն` սա նախ և առաջ վերաբերում է վարույթն իրականցնող դատարանին, որպեսզի որևէ պատճառաբանությամբ դատական քննություն չիրականացնի առանց ամբաստանյալի՝ նրան զրկելով իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու հնարավորությունից։

ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որտեղ առաջարկվում է քննությունից կամ դատից մեղադրյալի խուսափելու կամ թաքնվելու դեպքում նախատեսել բացակա մեղադրյալի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու հնարավորություն: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքում ավելացնել նոր գլուխ՝ «Հեռակա դատական քննությունը» վերտառությամբ, որի ներքո կանոնակարգել նշված կարգով գործերի քննության դեպքում քրեական վարույթի առանձնահատկությունները։

Նախագծով նախատեսվում է, որ հեռակա դատական քննություն կարող է կիրառվել դատարանի որոշմամբ՝ մեղադրողի միջնորդության դեպքում, երբ մեղադրյալը (ամբաստանյալը) խուսափում կամ թաքնվում է քննությունից կամ դատից։

Մեր կարծիքով, հեռակա դատական քննություն կիրառելու համար, խնդրահարույց է նման պայման սահմանելը, որը ոչ միայն հայեցողական չափազանց լայն դաշտ է ստեղծում մեղադրանքի կողմի համար, այլև ինքնին կարող է հակասել ՄԻԵԴ-ի կողմից այս հարցի շուրջ ձևավորված դիրքորոշմանը։ Այսպես, վերլուծելով ՄԻԵԴ-ի արդեն իսկ հիշատակված որոշումները, գալիս ենք  եզրահանգման, որ անձը կարող է հրաժարվել իր՝ անձամբ դատական քննությանը մասնակցելու իրավունքից, միևնույն ժամանակ, իրավունքից հրաժարվելը պետք է լինի ինքնակամ, աներկբա և զուգորդվի պետության կողմից անհրաժեշտ երաշխիքների տրամադրմամբ։ Այս առումով, հատկանշական է ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը՝ իրավաբանական օգնությունից հրաժարվելու վերաբերյալ, որտեղ Վճռաբեկ դատարանը (ՀՔՐԴ/0436/01/08) նշում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի հրաժարումը պետք է ընդունվի միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը կգա այն համոզման, որ. ա) նման ցանկություն նա հայտնել է ինքնակամ, սեփական նախաձեռնությամբ և այն պարտադրված չէ գործի քննության հանգամանքներով, բ) նա կարողանում է ամբողջությամբ գիտակցել իր վարքագծի հետևանքները, (…) ։ Անձամբ դատական քննությանը մասնակցելու իրավունքից կարելի է հրաժարվել ինչպես ուղղակի (օրինակ՝ համապատասխան դիմում ներկայացնելով), այնպես էլ անուղղակի ձևով (օրինակ՝ չներկայանալ դատարան կամ թաքնվել դատից և այլն)։ Սակայն, ՄԻԵԴ-ը հստակ նշել է, որ մինչև մեղադրյալի կողմից անուղղակի ձևով իր՝ անձամբ դատական քննությանը մասնակցելու իրավունքից հրաժարվելու մասին պնդելը, անհրաժեշտ է ապացուցել, որ մեղադրյալը կարող էր, հիմնավոր կերպով, կանխատեսել իր գործողությունների հետևանքները: Ավելին, եթե հանցագործության մեջ մեղադրվող անձը՝ անձամբ չի տեղեկացվել դրա մասին, ապա միայն այն փաստը, որ մեղադրյալը չի ներկայացել դատական քննությանը, դեռ չի նշանակում, որ տվյալ անձը հրաժարվել է իր` դատարանում անձամբ ներկա գտնվելու և անձամբ պաշտպանվելու իրավունքից։

Բացի այդ, սույն ինստիտուտի ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ հեռակա դատական քննությունը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում։ Նախագծում «Հեռակա դատական քննության հիմքերը» վերտառությամբ հոդվածում ուղղակիորեն նշված չէ հեռակա դատաքննության բացառիկության հանգամանքը, որը նույնպես խնդրահարույց է, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի որոշումներում արտահայտած դիրքորոշումները, ինչպես նաև, հեռակա դատաքննության կիրառման փորձ ունեցող երկրների օրենսդրական կարգավորուները։ Այսպես, օրինակ Ռուսաստանի Գերագույն դատարանը գտնում է, որ բացառիկ դեպքերի տակ, երբ դատարանը իրավասու է անցկացնել հեռակա դատաքննություն, պետք է հասկանալ օրինակ՝ հանցագործության որի մեջ մեղադրվում է ամբաստանյալը, հատուկ հանրային վտանգավորությունը, հնացագործության հետևանքով տուժողին հասցված վնասի փոխհատուցման անհրաժեշտությունը, դեպքեր, երբ մեղադրյալի հետախուզումը չի տվել դրական արդյունք, էքստրադիցիա իրականցնելու անհնարինությունը։

Նախագծով նախատեսվել է նաև հեռակա դատական քննության արդյունքում կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման հետևյալ մեխանիզմները. 1) Հեռակա դատական քննության արդյունքում կայացված օրինական ուժի մեջ չմտած գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկվելու է ընդհանուր կարգով: 2) Հեռակա դատական քննության արդյունքում օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը մեղադրյալի կողմից կարող է բողոքարկվել վերաքննության կարգով այդ ակտը ստանալուց հետո եռամսյա ժամկետում։ Ընդ որում՝ եթե վերադաս վերանայման ընթացքում դատարանը պարզի, որ հեռակա դատական քննությունը կիրառվել է ոչ իրավաչափորեն, ապա նշված հանգամանքը հիմք է լինելու դատական ակտն անվերապահորեն բեկանելու և գործի լրիվ ծավալով նոր քննության ուղարկելու համար։ Որպես հեռակա դատկան քննությունը բացառող հանգամանքներ են նախատեսվել հետևյալ դեպքերը. ա) մեղադրյալը տեղյակ չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին կամ դատական քննությանը չմասնակցելը պայմանավորված չէ իր կամքով, բ) չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ դատական քննությանը մեղադրյալի ներկայությունն ապահովելու համար, գ) մեղադրյալը չունի պաշտպան, դ) մեղսագրվող արարքի կապակցությամբ մեղադրյալի նկատմամբ առկա է այլ պետության իրավասու մարմնի գործն ըստ էության լուծող օրինակնա ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ կամ ե) մեղադրյալն անչափահաս է:

Ընդհանրացնելով՝ կարող ենք փաստել, որ չնայած թերություններին` հեռակա դատական քննության ինստիտուտը կարող է զարգացման լուրջ հեռանկարներ ունենալ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում: Առանձին պետություններում հեռակա կարգով կայացվող դատավճիռները արդեն իսկ կայուն դատական պրակտիկա են ձևավորել, ինչպես նաև տարբեր գործերի շրջանակներում գնահատման արժանացել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Իհարկե, ամբաստանյալի դատական քննությանը մասնակցելու իրավունքն ունի միջազգային իրավական հիմնավորումներ, քանի որ այն դատական պաշտպանության հիմնական իրավունքի կարևոր երաշխիքներից է և ոչինչ (այդ թվում՝ պետության, արդարադատության, տուժողի շահերը) չի կարող արդարացնել անձանց՝ դատաքննությանը ներկա գտնվելու իրավունքի, ամբողջական և անվերականգնելի սահմանափակումը։ Սակայն մեղադրյալի դատական քննությանը մասնակցելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և, այնուամենայնիվ, կարող է սահմանափակվել: Այսպիսով, հեռակա դատական քննությունը, ըստ էության, մեղադրյալի արդար դատաքննության իրավունքից կատարված վերապահում է հանուն տուժողի իրավունքների պաշտպանության և հանրային շահի գերակայության, որի ազգային օրենսդրության նախատեսումը թույլատրելի է:

Գիտական հոդվածի հեղինակ՝ Դավիթ Ղուկասյան
ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրանտ