Բժշկի կողմից սեռական ոտնձգության ենթարկված մարզիկներին 380 մլն դոլար փոխհատուցում կհատկացվի

ԱՄՆ մարմնամարզության ազգային հավաքականի նախկին բժշկի կողմից սեռական ոտնձգության ենթարկված զոհերը կստանան 380 մլն դոլար փոխհատուցում։

ԱՄՆ-ի մարմնամարզության կանանց հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարի զոհերը 380 միլիոն դոլարի փոխհատուցում ստանալու շուրջ համաձայնության են եկել ԱՄՆ մարմնամարզության ֆեդերացիայի, օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեների և նրանց ապահովագրական ընկերությունների հետ հինգ տարվա դատական պայքարից հետո:

Դատական հայցերը ներկայացվել են Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրներ Սիմոնա Բայլսի, Էլի Ռեյսմանի և Մաքքայլա Մարոնիի և այլ անձանց կողմից են, ովքեր Նասարի ամենահայտնի զոհերից են: Ավելի քան 500 տուժողներ փոխհատուցում են պահանջել։

Ըստ համաձայնության, ԱՄՆ մարմնամարզության ֆեդերացիան և Օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեները նաև համաձայնել են խորհրդի տեղերը հատկացնել տուժածներին և նոր կանոններ սահմանել՝ ապագայում մարզիկներին բռնություններից պաշտպանելու համար:

Նասարը 18 տարի եղել է օլիմպիական մարմնամարզիկների գլխավոր բժիշկը և 2017 թվականին դաշնային դատարանի կողմից դատապարտվել է 60 տարվա ազատազրկման՝ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին նյութեր պահելու մեղադրանքով: 2018 թվականին Նասարը Միչիգանի երկու տարբեր դատարանների կողմից դատապարտվել է 175 և 125 տարվա ազատազրկման՝ իր խնամքի տակ գտնվող մարմնամարզիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար: