ՀՀ-ում անձի պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ իրավակարգավորումները

Վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործող կարգավորումների, իրավակիրառ պրակտիկայի, փոխհատուցման չափի էական բարձրացում նախատեսող օրենսդրական նախագծի վերաբերյալ զրուցել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Արարատ Անտոնյանի հետ:

– ՀՀ-ում գործող իրավակարգավորումների շրջանակներում ի՞նչպես է երաշխավորվում անձի պատվի ու արժանապատվության իրավունքի պաշտպանությունը:

 Հայաստանի Հանրապետությունը անձի պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ իրավակարգավորումների ու իրավակիրառ պրակտիկայի զարգացման բավականին երկար պատմություն ունի։ Այսպես, սկզբնական շրջանում  ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում էր պատասխանատվություն  վիրավորանքի ու զրպարտության համար, այն համարելով անձի պատվի ու արժանապատվության դեմ ուղղված հանցագործություն, սակայն իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ վիրավորանքի ու զրպարտության քրեականացումը՝ որպես պատվի ու արժանապատվության պաշտպանության միջոց այնքան էլ արդյունավետ չէր։ Մասնավորապես՝ վիրավորանքի և զրպարտության հատկանիշներով հարուցված քրեական գործեր գրեթե չկային, ստացվում է, որ թեև առկա էր իրավակարգավորում սակայն, գործնականում անձի կողմից իր իրավուքների պաշտպանության տեսանկյունից այն անարդյունավետ էր, ինչը, կարծում ենք՝ առաջին հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ քրեական պատասխանատվությունը հիմնականում պատժիչ բնույթ ուներ և ըստ էության, տուժած անձին իր իրավունքների լիարժեք վերականգման հնարավորություն չէր ընձեռնում, օրինակ՝ զրպարտության դեպքում հերքում պահանջելու և այլն։ Մյուս կողմից՝ վիրավորանքի և զրպարտության քրեականացման պայմաններում առավել բարդ էր կարգավորել լրատվական դաշտի գործունեությունը՝ հաշվի առնելով, որ իրավաբանական անձի միջոցով գործունեություն ծավալող լրատվամիջոցները ենթակա չէին քրեական պատասխանատվության։ Արդեն, 2010 թվականի մայիսի 18-ին ընդունվեց վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացնող օրենքը, որին հաջորդեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ սահմանելով պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքից ու զրպարտությունից պաշտպանելու հնարավորություն և պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում պահանջելու իրավունք։ 

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անձի պատվի ու արժանապատվության իրավունքի խախտում արձանագրելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, հետևելով խոսքի ազատության իրավունքի իրացման համաչափ սահմանափակման մոտեցմանը, նախատեսեց «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունների սահմանումները և պայմանները, որոնց առկայության դեպքում կոնկրետ հայտարարությունը կամ արտահայտությունը կորակվի որպես վիրավորանք և զրպարտություն։ Այսպես, Օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը վիրավորանքը սահմանում է որպես խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն, իսկ զրպարտությունը՝ անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Հատկանշական է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքի և զրպարտության համար պատախանատվության սահմանմանը վերաբերող կարգավորումները միարժեքորեն չընդունվեցին տեսաբանների կողմից։ Մասնավորապես՝ առկա էր մոտեցում առ այն, որ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման նպատակով քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները սահմանափակեցին պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հնարավորությունը։ Այս տեսակետը հիմնավորող փաստարկների թվում նշվում էր այն, որ վիրավորանքի ու զրպարտության հրապարակային եղանակով կատարված լինելու պայմանը սահմանափակում է անձի հնարավորությունը պաշտպանվել ոչ հրապարակային եղանակով կամ գործողությունների միջոցով (անպարկեշտ ժեստերով, տուժողի երեսին թքելով, և այլն) պատվին կամ արժանապատվությանը պատճառված վնասից։ Այնուամենայնիվ, վիրավորանքի և զրպարտության համար քաղաքացիաիրավական պատասխանատվության սահմանումից հետո, հատկապես տեղեկատվական հոսքի ծավալների անհամեմատ մեծացման պայմաններում, աճեց պատվի ու արժանապատվության պաշտպանության հայցով դատարան դիմող անձանց թիվը։ Իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը իր հերթին հանգեցրեց արտահայտության կամ հայտարարության վիրավորանք կամ զրպարտություն որակելու համար անհրաժեշտ պայմանների առավել հստակեցման արդեն նախադեպային իրավունքի նորմերով։ Միաժամանակ գործող իրավակարգավորումների շրջանակներում անձը չի կարող պաշտպանվել ոչ հրապարակային եղանակով կամ գործողությունների միջոցով կատարված վիրավորանքից կամ զրպարտությունից։

-Վերջին շրջանում հատկապես շատ տարածված են դեպքերը, երբ պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտապանություն է հայցվում հասարակական, քաղաքական գործիչների կողմից։ Արդյո՞ք առկա  են կարգավորումների տարբերություններ, երբ խախտվում է պաշտոնատար անձանց կամ հասարակական, քաղաքական գործիչների պատվի, արժանապատվության իրավունքը։ 

Պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտապանությունը առանձնահատուկ բնույթ է ստանում, երբ հայցվում է պաշտպանություն հասարակական, քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց վերաբերյալ արված վիրավորանքից կամ զրպարտությունից։ Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք որոշումներում ամրագրել է՝ «Հանրային ու քաղաքական գործիչների  կողմից ընդունելի քննադատության ավելի լայն շրջանակ, քան մասնավոր անձանց պարագայում» սկզբունքը։ Միաժամանակ, նշված մոտեցումը որևէ կերպ չպետք է դիտարկել բացարձակ ու թեև հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող անձինք պետք է հանդուրժողաբար մոտենան իրենց հայացքներին ու գործունեությանը տրվող գնահատականներին, սակայն այդ գնահատականները չպետք է պարունակեն հանրային գործչի անձին  ուղղված վիրավորանք կամ զրպարտություն։ Այս առումով հետաքրքրական է մեր գրասենյակի պրակտիկայից հայտնի հանրության շրջանում լայն ճանաչում ունեցող երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ընդդեմ Արամ Անտինյանի դատական գործով  ՀՀ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, առ այն, որ «լրագրողական ազատությունը ենթադրում է որոշ աստիճանի չափազանցության, նույնիսկ սադրանքի դրսևորում լրագրողի կողմից» և գործի շրջանակներում քննարկվող «գիժ», «մեծամիտ», «ալամեզոն» արտահայտությունները կրելով քննադատական բնույթ, պարունակում են ոչ թե ուղղակի, այլ` փոխաբերական իմաստ` հետապնդող հանրային դեմքերի կյանքում որոշ տեղեկություններ ընդգծելու իրական նպատակ և Հայցվորը պետք է գիտակցի, որ իր մասին քննադատության ընդունելի շրջանակն ավելի լայն է, ուստի վերջինիս յուրաքանչյուր համերգային շրջագայություն, խոսքը և արարքը (որոշ դեպքերում արարքը կարող է ամբողջությամբ չհամապատասխանել իրականությանը) կարող է ենթարկվել քննադատության և բաց քննարկման՝ լրագրողների և հանրության համար վերլուծության համար և, հետևաբար, Հայցվորը` որպես ճանաչում ունեցող երգչուհի, պետք է ցուցաբերեր ավելի մեծ հանդուրժողականություն` նյութում տեղ գտած արտահայտությունները ոչ թե ուղղակի կերպով վերագրելով իր անձին, այլ գիտակցելով, որ դրանք կրում են հանրային տեսակետներ, կարծիքներ տարածելու նպատակ։ 

Միաժամանակ հետաքրքրական է արդյո՞ք առկա են կարգավորումների տարբերություններ, երբ անձի պատվի, արժանապատվության իրավունքը խախտվում է հենց պաշտոնատար անձանց կամ հասարակական, քաղաքական գործիչների կողմից։

Իրավական այլ մոտեցումներ են առկա հանրային գործիչների կողմից կոնկրետ անձանց վերաբերյալ արված հրապարակային արտահայտությունների ու հայտարարությունների դեպքում։ Սա հատկապես էական նշանակություն է ստանում այն դեպքերում, երբ հանրային կամ քաղաքական գործչի կողմից արվում է հայտարարություններ դեռևս չավարտված քրեական գործերով անցնող անձանց վերաբերյալ, քանի որ նման պայմաններում անձի պատվի ու արժանապատվության պաշտպանությանը ավելանում է նաև վերջինիս անմեղության կանխավարկածի պաշտպանության անհրաժեշտությունը։ Այսպես, Եվրոպական դատարանը իր որոշումներում միարժեքորեն հաստատել  է մոտեցումը` ըստ որի անմեղության կանխավարկածը խախտվում է, եթե այս կամ այն պաշտոնատար անձի պնդումը կարծիք է պարունակում կոնկրետ անձի մեղավոր լինելու մասին նախքան նրա մեղավորությունը կհաստատվի օրինական կարգով։ Եվրոպական Դատարանը հետևողականորեն ընդգծում է պաշտոնատար անձանց կողմից իրենց արտահայտությունների ընտրության կարևորությունը նախքան այն պահը, երբ անձը կկանգնի դատարանի առաջ և նրա նկատմամբ կկայացվի դատավճիռ կոնկրետ հանցագործություն կատարելու համար։ Այս առումով հետաքրքրական է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական գործը, որով ՀՀ վերաքննիչ դատարանը ներկայացրեց դիրքորոշում առ այն, որ ՀՀ վարչապետի կամ այլ պետական պաշտոնատար անձի արտահայտվելու ազատության՝ անմեղության կանխավարկածի պաշտպանության նպատակով սահմանափակման չափանիշները կիրառելի չեն, երբ հայցը ներկայացվել է առանց պաշտոնատար անձի կարգավիճակի մատնանշման, հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ անձը չի կորցրել իր` սովորական հիմունքներով քաղաքացիական շրջանառությանը մասնակցող ֆիզիկական անձի կարգավիճակը։ Դատարանը, փաստորեն ընդգծեց քաղաքացիական շրջանառության մասնակցող ֆիզիկական անձի ու պաշտոնատար անձի կարգավիճակի տարբերությունը որոշակի հրապարակային հայտարարությունների ու արտահայտությունների կատարման հետևանքների տեսանկյունից։ Այսինքն, եթե դատարանին ներկայացվեր հայցադիմում, որում որպես Պատասխանող Նիկոլ Փաշինյանի փոխարեն նշված կլիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ապա Դատարանը՝ վերջինիս  ազատ արտահայտման իրավունքի սահմանափակումը Եվրոպական դատարանի պրակտիկայի հաշվառմամբ  հնարավոր է իրավաչափ դիտարկեր։

-Արդյո՞ք սոցիալական ցանցերի միջոցով տարածված արտահայտությունները կարող են  որակվել որպես վիրավորանք կամ զրպարտություն:

Գործող հասարակական հարաբերությունների պայմաններում զրպարտությունը շատ հաճախ տարածվում է սոցիալական ցանցերի միջոցով, առավելապես՝ ֆեյսբուք սոցիալական  ցանցի միջոցով, որը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի իմաստով չի հանդիսանում զանգվածային լրատվության միջոց։ Այնուամենայնիվ,  դատական պրակտիկայում բազմաթիվ են  սոցիալական ցանցի միջոցով տարածված զրպարտության հերքման բավարարված պահանջները, ինչը կարծում ենք լիովին բխում է անձի պատվի, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունից։

-Արդյո՞ք վիրավորանքի ու զրպատության վերաբերյալ ՀՀ –ում գործող կարգավորումները չեն հակադրվում խոսքի ու մամուլի ազատության իրավունքին։

Խոսքի ազատության «առաջին սերնդի» իրավունքը և մամուլի ազատության իրավունքը դեմոկրատական հասարակության կառուցման և անհատի ինքադրսևորման համար կենսական նշանակություն ունեն։   Եվրոպական դատարանը խոսքի ազատության  ու պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հավասարակշռման առումով որդեգրել է այն մոտեցումը, որ երկու հիմնարար իրավունքներից ոչ մեկը բացարձակ չէ և ենթակա է համաչափ սահմանափակման: Դատարանը յուրաքանչյուն դեպքում (case by case basis) գնահատելով փաստերը դիտարկում է կոնկրետ դեպքում իրավունքի սահմանափակման համաչափությունը։ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի ազատության իրավունքի պաշտպանության առումով սահմանափակ կիրառում ունի անգամ լրագրողների համար, ովքեր օգտվում են խոսքի ազատության ավելի լայն իրավունքից: Անգամ խոսքի ազատության ամենալայն իրավունքով օժտված սուբյեկտների՝ լրագրողների վրա դրված է փաստերը նախապես և բարեխղճորեն ստուգելու պարտականություն: ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-997 որոշմամբ նշել է, որ լրատվության կարևորագույն առաքելություններից են՝ ասել միայն ճշմարտությունը և բարեխղճորեն ստուգել փաստերը: Իր հերթին Լինգեսն ընդդեմ Ավստրիայի գործով կայացված վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ չափազանց կարևոր է, որ զանգվածային լրատվության միջոցը իր կողմից տարածած տեղեկատվության արժանահավատությունը ստուգի մինչև համապատասխան տեղեկության տարածումը, այլ ոչ թե փորձի ապացույցներ հայթայթել դատական վեճի ընթացքում:  ՀՀ օրենսդրությամբ այդ հավասարակշռումը ապահովվում է նաև կոնկրետ հայտարարության վիրավորանք ու զրպարտություն որակվելու համար անհրաժեշտ պայմանների սահմանմամբ, որը ուղենիշային պետք է լինի ԶԼՄ-ների համար։   

Ի՞նչ պատասխանատվություն է առաջանում, երբ արձանագրվում է վիրավորանքի և զրպարտության միջոցով անձի պատվի և արժանապատվության իրավունքի խախտում:

Անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության  իրավունքի խախտում արձանագրվելու դեպքում շատ կարևոր է «խախտված իրավունքի վերականգնմանը» ուղղված օրենքով սահմանված  միջոցների արդյունավետությունը։ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված կարգի համաձայն՝  վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել  հրապարակայնորեն ներողություն խնդրել,  եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Ինչպես նաև պահանջել 1,000,000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարել: Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել  հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ինչպես նաև մինչև 2,000,000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարել:  Վիրավորանքի ու զրպարտության արդյունքում անձի կողմից խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված միջոցների կիրառման առումով ձևավորված դատական պրակտիկան ցույց է տալիս, որ հիմնականում ներկայացված դրամական փոխհատուցման պահանջները ամբողջությամբ չեն բավարարվում, ինչը կարծում ենք, արվում է լրատվամիջոցների ֆինանսական լուրջ վնանսները կանխելու նպատակով։ 

-Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացվել է նախագիծ, որով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել մինչև 5,000,000 ՀՀ դրամ, իսկ զրպարտության դեպքում՝ 10,000,000 ՀՀ դրամ փոխհատուցում։ Ի՞նչ կարծիք ունեք նախագծի մասին։

Իրականում նշված նախաձեռնությանը կողմ ենք և համարում ենք  արդիական խնդիր, սակայն ինչպես արդեն նշել ենք, խոսքի ազատության իրավունքը հիմնարար իրավունք է, որին միջամտությունը պետք է իրականացվի ծայրահեղ զգուշորեն։ Կոնկրետ քննարկվող նախագծում նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները կապահովեն լրացուցիչ երաշխիքներ անձանց արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար։ Կարծում ենք, նախագծով առաջարկվող փոփոխությունները  այդ նպատակին հասնելու ամբողջական երաշխիքներ չեն ստեղծում, քանի որ ԶԼՄ-ները վիրավորանք ու զրպարտություն տարածելու դեպքում կարող են կրել փոխհատուցման պարտականություն միայն այն դեպքում, երբ հրաժարվում են հրապարակել հեղինակի անունը։ Հեղինակի անվան հրապարակման պայմաններում պատասխանատվությունը կրում է վերջինս, իսկ հեղինակը կարող լինել այնպիսի անձ, օրինակ՝ որևէ գույք չունեցող կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող, որին պատասխանատվության կանչելը խիստ անհեռանկարային է։ Այսինքն, մեր կարծիքով, նախագիծով սահմանված փոփոխությունների  արդյունավետությունը զրպարտության և/կամ  վիրավորանքի եղանակով ընթերցողների թիվը արհեստականորեն բարձրացնող ԶԼՄ-ների  վրա ազդեցության տեսանկյունից լիարժեք հիմնավորված չի։ Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ նախագիծը դեռևս քննարկման փուլում է, գործադիրը իր հերթին ներկայացրել է առաջարկ փոխհատուցման չափի վերանայման վերաբերյալ, ուստի  հնարավոր է այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք առավել արդյունավետ լուծումներ կառաջադրեն նախագծի կարևոր նպատակին հասնելու համար։

-Արդյո՞ք գործող իրավակարգավորումները լիարժեք ապահովում են անձի պատվի արժանապատվության պաշտպանությունը վիրավորանքից ու զրպարտությունից:

ՀՀ օրենսդրությամբ անձի պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործող իրավակարգավորումները համահունչ են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին և հիմնականում ապահովում են անձի հնարավորությունը վերականգնել իր խախտված իրավունքները։ Գործող իրավակարգավորումների բացերը թեև որոշակիորեն լրացվել են իրավակիրառ պրակտիկայով, սակայն անձանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը առավել ամբողջական դարձնելու տեսանկյունից պահանջում են հստակ օրենդրական ամրագրում։ Օրինակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածը սահմանում է,  որ եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա անձը կարող է դատական կարգով պահանջել լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը։ Կարծում ենք անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակեցնել ոչ միայն լրատվական գործունեություն իրականացնողի կողմից, այլև սոցիալական ցանցերով տարածված զրպարտության դեպքում հերքման պահանջի հնարավորությունը։ 

Մեկնաբանություններ