ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ երկու գործերով որոշում է կայացրել

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղբանտարկյալների գործերին։  

Վճիռներից մեկը վերաբերում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործին, որով ՄԻԵԴ-ը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 1-ին և 3-րդ կետերի, 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի և 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտումներ։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանը երեք ամսվա ընթացքում պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար Ջհանգիրյանին վճարել 14․000 եվրո փոխհատուցում և 12․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ 

Երկրորդ վճիռը վերաբերում է Սմբատ Այվազյանի գործին, որի համաձայն, ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի և 11-րդ հոդվածի խախտումներ: Սույն վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ Հայաստանը պարտավոր է բարոյական վնասի հատուցման համար Այվազյանին նույնպես վճարել 14․000 եվրո փոխհատուցում և 12․000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Գագիկ Ջհանգիրյանն ու Սմբատ Այվազյանը դատապարտվել էին 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար և դատապարտվել ազատազրկման։

Մինչև ՄԻԵԴ-ի կողմից վճռի հրապարակումը ՀՀ վճռաբեկ դատարանը արդարացրել էր Գագիկ Ջհանգիրյանին։ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչել նրա անմեղությունը և արդարացրել նրան։ Քրեական գործի վարույթը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ 

Դատախազության վճռաբեկ բողոքի հիման վրա ճանաչվել էր նաև Սմբատ Այվազյանի անմեղությունը, ու նա հետմահու արդարացվել էր: