Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության բողոքը

Այսօր ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած բողոքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրառում է արել խմբակցության փորձագետ իրավաբան Ռուզաննա Ավագիմյանը.

«Քիչ առաջ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանից ստացանք վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշումը ՎԴ/4203/05/20 գործով։Մասնավորապես, վերաքննիչ բողոքի առարկան էր այն հարցը, թե արդյո՞ք Ազգային ժողովի խմբակցությունը կարող է լինել վարչական ակտի բողոքարկման սուբյեկտ ՀՀ վարչական դատարանում (այսինքն՝ դատարանում վարչական գործով լինել հայցվոր կողմ), քանի որ առաջին ատյանի դատարանը մերժել էր ԿԸՀ դեմ հայցի ընդունումը՝ պատճառաբանությամբ, որ խմբակցությունն իրավաբանական անձ չէ։Ըստ էության, վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը կայացրել է շատ կարևոր որոշում՝ իրավունքի զարգացման տեսանկյունից, քանի որ չի առաջնորդվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի սահմանափակ մեկնաբանմամբ, այլ հաշվի է առել հանրային իրավահարաբերությունների շատ ավելի բազմաբնույթ և խորքային շերտերը։Կարծում եմ՝ ԿԸՀ-ն չի բողոքարկի այս ակտը, քանի որ իր իսկ որոշման եզրափակիչ մասում նշել է, որ այդ որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան։Ակտը խորը բովանդակային է, դրանից կարելի է շատ բան քաղել։ Առաջարկում եմ ծանոթանալ datalex համակարգից»։