Համաշխարհային բանկի նախագահը հեռանում է պաշտոնից

Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 1-ին Համաշխարհային նախագահի պաշտոնից կհեռանա Ջիմ Յոն Քիմը։ Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն է վերադառնալու տնտեսության մասնավոր հատված: Նախագահի պաշտոնում նրան ժամանակավորապես կփոխարինի բանկի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:

Ամփոփելով աշխատանքը՝ Ջիմ Յոն Քիմն իր հիմնական ձեռքբերումներից մեկն է համարել կազմակերպության կանոնադրական կապիտալի ավելացումը՝ 13 մլրդ դոլար գումարի չափով:

Հիշեցնենք, որ Քիմը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում ընտրվել է 2016 թվականին: Նրա լիազորությունները պետք է ավարտվեին 2022 թվականին:

«Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այս հրաշալի կազմակերպությունը, որը միավորել է այն մարդկանց, ովքեր պատրաստ են վերջ դնել աղքատությանը»,-ասվում է Ջիմ Յոն Քիմի հայտարարության մեջ: Նա նաև հավելել է, որ Համաշխարհային բանկի գործունեությունն այսօր ավելի կարևոր է, քան երբևէ, քանի որ ամբողջ աշխարհում աղքատ մարդիկ հույս ունեն ազատվել աղքատությունից, սակայն մշտապես աճում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, սովը և փախստականների ներհոսքը:

Հիշեցնենք նաև, որ Համաշխարհային բանկը, որը հիմնադրվել է 1945 թվականին, ունի 189 անդամ պետություն: Հայաստանի Հանրապետությունը դարձել է Համաշխարհային բանկի անդամ պետություն 1992 թվականի սեպտեմբերի։