Հակամարտություններում սեռական բռնության վերացման միջազգային օրն է

Հակամարտության իրավիճակներում սեռական բռնությունը երկարատև հետևանքներ է թողնում՝ հետտրավմատիկ սինդրոմ, աղքատություն, վատ առողջություն, վարակների փոխանցում, անցանկալի հղիություն: Նման խնդիրների դեմ պայքարելու համար 2015 թվականի հունիսի 19-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն իր A / RES / 69/293 բանաձևով հռչակել է յուրաքանչյուր տարվա հունիսի 19-ը Հակամարտություններում  սեռական բռնության վերացման միջազգային օր՝  նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածության մակարդակը հակամարտություններին առնչվող սեռական բռնության վերացման անհրաժեշտության մասին, հիշատակել աշխարհում սեռական բռնության ենթարկված զոհերին ու վերապրածներին և հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր արիաբար նվիրել և կորցրել են իրենց կյանքը՝ սատարել են  այդ հանցագործությունների վերացումը:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պահանջն է, որ հակամարտություններում սեռական բռնության ենթարկված զոհերը չենթարկվեն խտրական վերաբերմունքի, ստանան բժշկական և հոգեբանական խնամք, պաշտպանվեն խոշտանգումներից, չենթարկվեն դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ Հակառակ դեպքում՝ միջազգային իրավունքի լուրջ խախտումներ կարող են գրանցվել: ՄԱԿ-ը խրախուսում է անդամ պետություններին հակամարտության և հետկոնֆլիկտային իրավիճակներում հատուկ մոտեցում ցուցաբերել սեռական բռնության ենթարկված անձանց նկատմամբ, սեռական բռնության կախարգելման համար կոնկրետ գործողություններ ձեռնարկել, հարգել տուժած անձանց իրավունքները և հետևել դրանց իրականացմանը, ներառյալ՝ նրանց առողջության պահպանման և կրթության տրամադրման համատեքստում։

ՄԱԿ-ը աջակցություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր վերապրել են հակամարտություն, ենթարկվել են խտրականության և ոտնձգության, ովքեր ծնվել են հակամարտության իրավիճակներում բռնաբարության դեպքերի հետևանքով և նրանց մայրերին։ Հաճախ, այդ երեխաները և նրանց մայրերը դիտվում են ոչ թե որպես զոհ, այլ որպես ծայրահեղականների հանցակիցներ: Հակամարտության և հետխորհրդային հակամարտություններում սեռական բռնության կանխարգելման համար կենտրոնացված մոտեցումը կարող է օգնել լուծել այդ խնդիրները: Այսպիսով, ՄԱԿ-ը կոչ է անում համապատասխան երկրներում հակամարտության ժամանակ սեռական և գենդերային բռնության ենթարկված անձանց օգնություն տրամադրել և հոգալ նրանց կարիքները՝ առանց որևէ խտրականության: