ԶԼՄ-ները հաղորդել են թիվ մեկ ահաբեկիչ ալ-Բաղդադիի սպանության մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որ հայտնի է իր ծայրահեղ դաժանությամբ, սպանվել է ամերիկյան զինվորականների հատուկ գործողությունների արդյունքում: Այս մասին նախօրեին իր տեսաուղերձում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով անձամբ է հետևել այդ գործողություններին՝ հատուկ հեռարձակմամբ:

Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ թիվ 1 ահաբեկիչը սպանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ առանց հստակեցնելու հատուկ գործողությունների անցկացման ճշգրիտ վայրը: Ըստ արևմտյան լրատվամիջոցների, դա տեղի է ունեցել Իդլիբում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու:

Թրամփը որոշ մանրամասներ է ներկայացրել. ամերիկացի զինվորականները վայրէջք են կատարել ութ ուղղաթիռներից, ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարությունը իրական ռեժիմով հետևել է այդ գործողություններին, հրաձգության արդյունքում նախ սպանվել են ալ-Բաղդադիի մերձավորները: Ինքը՝ ահաբեկիչ առաջնորդը, փորձել է թաքնվել տնից տանող թունելներից մեկում, սակայն անխուսափելի գերեվարման վտանգից ելնելով՝ ինքն իրեն պայթեցրել է։ Նրա հետ միասին սպանվել է երեք անչափահաս երեխա:

Միացյալ Նահանգների նախագահը չի հիշատակել ալ-Բաղդադիի կանանց, ովքեր, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, նույնպես ինքնասպան են եղել: Թրամփը, սակայն, հայտնել է, որ այդ տնից տարհանվել են 11 երեխաներ, նրանք չեն վնասվել։

Ինչ վերաբերում է հատուկ գործողություններն իրականացրած ամերիկացի զինվորականների, ապա նրանց շրջանում կորուստներ չկան, նաև հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Թվարկելով ալ-Բաղդադիի գլխավորած խմբավորման հանցագործությունները՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ այդ մարդու մահից հետո աշխարհն այժմ ավելի անվտանգ է դարձել։

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Իրաքին, Սիրիային և սիրիացի քրդերին՝ այդ գործողությանը նպաստելու համար: Ռուսաստանը, մասնավորապես, Թրամփի խոսքով, ամերիկացի զինվորականների համար օդային միջանցք է բացել դեպի Սիրիա, թեև, Սպիտակ տան ղեկավարի հավաստմամբ, Վաշինգտոնի գործընկերները տեղյակ չեն եղել գործողության ճշգրիտ նպատակին:

Դոնալդ Թրամփը տեղեկացրել է նաև, որ ամերիկյան զորքը ալ-Բաղդադիին գտնվելու վայրը հայտնաբերել է մի քանի շաբաթ առաջ և այդ ընթացքում հետապնդել նրան: Մինչ այդ Վաշինգտոնը տասը միլիոն դոլար էր խոստանում աշխարհի ամենափնտրվող հանցագործներից մեկը համարվող ալ-Բաղդադիի գտնվելու վայրը հայտնողներին, սակայն ենթադրաբար 47-ամյա իսլամիստ ահաբեկչին 2014 թվականի հուլիսից ի վեր ոչ ոք չէր տեսել: Պարբերաբար լուրեր էին հայտնվում նրա մահվան մասին, սակայն դրանք հետագայում հերքվում էին:

Այս տարվա ապրիլին, հինգ տարվա ընդմիջումից հետո, ալ-Բաղդադին հանդես էր եկել տեսաուղերձով, հայտարարելով, թե «Իսլամական պետություն»-ը վրեժ է լուծելու իր մարտիկների սպանության և ձերբակալության համար, ինչպես նաև վստահեցնելով, որ իր գլխավորած ահաբեկչական խմբավորման գործողությունները Արևմուտքի դեմ «երկար ճակատամարտ է»: Համացանցում տարածված 18 րոպե տևողությամբ տեսանյութում Աբու Բաքր ալ-Բաղդադին սև հագուստով էր, կարմիր մորուքով, գետնին նստած, աջ ձեռքի տակ՝ ինքնաձիգ: