Կենտրոնական բանկի կողմից սահմանված գնային չարաշահման չափանիշների առանձնահատկությունները արժեթղթերի շուկայում

Ներկայումս արժեթղթերի շուկայի զարգացումը պայմանավորվում է նրանով, որ մի կողմից արժեթուղթը ներդրողների համար դարձել է եկամտի կարևոր աղբյուր, իսկ մյուս կողմից, ձեռք բերելով արժեթղթեր, մարդիկ իրենց ներդրումն են անում կազմակերպությունների զարգացման գործում՝ դրանց ընձեռելով հնարավորություն կայանալու և ձեռք բերած գումարը դնելու շրջանառության մեջ: Այսինքն` արժեթղթեր ձեռք բերելը շահավետ է ոչ միայն  ձեռք բերողների, այլև դրանք թողարկողների համար, ինչը արժեթղթերի շուկայի զարգացման համար ունի առանցքային նշանակություն, քանի որ արժեթղթերի շրջանառությունը իրականացվում է արժեթղթերի շուկայի միջոցով: Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 31-րդ կետի՝ կարգավորվող շուկա է համարվում հանրության համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն մատչելի կազմակերպական, իրավական և տեխնիկական միջոցների համակարգը, որը կանոնավոր կերպով արժեթղթերի, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների առքի և վաճառքի առաջարկների հանդիպման վայր կամ միջոց է կազմակերպում, տրամադրում, ապահովում կամ իրականացնում է արժեթղթերով, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպման սովորաբար իրականացվող գործառույթներ: Կարգավորվող շուկան ներառում է ֆոնդային բորսան և այլ կարգավորվող շուկաները: Փաստորեն Արժեթղթերի շուկան հարթակ է, որտեղ գնվում և վաճառվում են թողարկված արժեթղթերը: Օրենքի 1-ին հոդվածը նշում է, որ սույն օրենքի հիմնական նպատակներն են ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն և արդյունավետ զարգացման ապահովումը, արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը, արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:Այսինքն` օրենքը կարևորություն է տալիս մի շարք հանգամանքների, որոնք առանցքային նշանակություն ունեն արժեթղթերի շուկայի համար: Որպեսզի ներդրողները վստահ լինեն, որ ապահովագրված են չարաշահումներից, նախ պետք է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն, քանի որ դա ստեղծում է հուսալի ֆոն արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու և հնարավոր եկամուտ ապահովելու համար: Բացի այդ, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նաև բարձրացնում է արժեթղթերի շուկայի նկատմամբ վստահությունը, արժանահավատությունը և ապահովությունը: Հուսալիության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև արժեթղթերի շուկայի թափանցիկությունը: Այն հնարավորություն է տալիս տեղեկանալ արժեթղթերի գների և հնարավոր եկամտի մասին: Թափանցիկությունը երաշխավորում է վստահելի լինելու կարևոր երաշխիքը: Արժեթղթերի շուկան քարացած շուկա չէ, այն պետք է ունենա կայուն և արդյունավետ զարգացում: Հենց սա է ստիպում և ներգրավում ներդրողներին ավելի մեծ ներդրումներ կատարելու. այն նաև նոր ներդրողներ ներգրավելու կարևոր երաշխիք է: Արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը անմիջականորեն առնչվում է գների օրինական գոյացման, արդարացի և օրինական մրցակցություն ստեղծելու հետ: Արժեթղթերի շուկան պարունակում է նաև ռիսկեր: Ռիսկը տվյալ պարագայում ներդրողների և արժեթղթեր թողարկողների հնարավոր կորուստների չափերն են: Արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցման սկզբունքի որդեգրումը նույնպես հուսալիություն է ստեղծում:

Սակայն արժեթղթերի շուկան զերծ չէ չարաշահումներից: Արժեթղթերի շուկայում չարաշահումները կարգավորվում են Օրենքով: Ըստ Օրենքի 158-րդ հոդվածի՝ շուկայի չարաշահում է համարվում ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը շուկայում գործարքներ կնքելու համար, ինչպես նաև գնային չարաշահումները: Իսկ ըստ Օրենքի 171-րդ հոդվածի 2-դ մասի՝ սույն օրենքի իմաստով գնային չարաշահում է համարվում՝

1) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել շուկայում արժեթղթի գնի, դրա նկատմամբ պահանջարկի կամ առաջարկի ծավալի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծմանը կամ ազդակների հաղորդմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարք կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձը գործել է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշմանը համապատասխան,

2) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղումների կամ արժեթղթի գնի արհեստական մակարդակի սահմանմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարք կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձը գործել է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշմանը համապատասխան,

3) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որն իրականացվում է կեղծ, անբարեխիղճ կամ թյուրիմացություն առաջացնող և (կամ) ապակողմնորոշիչ մեխանիզմների գործադրմամբ,

4) այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք սխալ կամ ապակողմնորոշիչ ազդակներ են հաղորդում շուկայի մասնակիցներին արժեթղթերի գների վերաբերյալ, այդ թվում՝ տվյալ արժեթղթի մասին խեղաթյուրված տեղեկությունների տարածումը, եթե այդ տեղեկությունները տարածող անձը գիտեր կամ բավարար ուշադրություն ցուցաբերելու դեպքում կարող էր իմանալ դրանց՝ իրականությանը չհամապատասխանելու փաստի մասին,

5) սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված գործողություններ չհանդիսացող, սակայն նույնաբնույթ գործողությունները:

Այսպիսով՝ գնային չարաշահումը շուկայի մասնակիցների կողմից անբարեխիղճ գործողություններն են, որոնք հանգեցնում են անբարենպաստ հետևանքների շուկայի այլ մասնակիցների համար և զրկում նրանց պոտենցիալ ձեռքբերումներից:

Արժեթղթերի շուկան ունի մասնակիցներ, որոնք իրականացնում են տարբեր գործառույթներ, այդ թվում` ներդրումային ծառայությունների մատուցման, վերահսկողական, արժեթղթերի վաճառքի կազմակերպման, շուկայի կարգավորման և այլն: Վերահսկողական գործառույթներ իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը[: Օրենքի 171-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է՝

1) սույն հոդվածի 2-րդ մասում նշված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները և դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների առավել մանրամասն նկարագրությունը,

2) այն դեպքերը, երբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված կամ դրանց նման գործողությունները գնային չարաշահում չեն համարվում:

Այլ երկրներում նույնպես կենտրոնական բանկերը կարևոր տեղ են զբաղեցնում արժեթղթերի շուկայում: Օրինակ` Ռուսաստանի Բանկը ունի հատուկ գործառույթ՝ պատասխանատվության միջոցների ինքնուրույն կիրառում իրավախախտների նկատմամբ: Ռուսաստանի Բանկը նաև մեգակարգավորող է, ներառյալ արժեթղթերի շուկայում. այն շատ լծակներ ունի ֆինանսական շուկաներում, որոնք օգտագործվում են` ապահովելու արժեթղթերի շուկայի սուբյեկտների իրավունքներն ու օրինական շահերը[:

Օրենքը ուժի մեջ է մտել 2008 թվականին, իսկ Կենտրոնական բանկը սահմանել է չափանիշները 2014 թվականին՝ 4/17 «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները,  գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» Կանոնակարգով (այսուհետ՝ Կանոնակարգ), և փաստորեն մոտ 6 տարի այս ոլորտը չէր կարգավորվում Կենտրոնական բանկի կողմից:

Միջազգային արժեթղթերի շուկայում տարբերակվում են շուկայի չարաշահումների երեք տեսակ՝ Insider trading (ներքին առևտուր), unlawful disclosure of inside information (ներքին տեղեկատվության ապօրինի բացահայտում) և market manipulation (շուկայի շահարկում):

Ներքին առևտուրը կազմակերպության արժեթղթերի առևտուրն է՝ հիմնված կազմակերպության չհանրայնացված, գաղտնի պահվող տեղեկության վրա: Ինսայդերն այն անձն է, ով տիրապետում է ներքին ինֆորմացիային: Ինսայդերի վերաբերյալ կարգավորումներ պարունակում է նաև Օրենքը[:

Ներքին տեղեկատվության ապօրինի բացահայտումը պահպանվող տեղեկատվությունը տիրապետող անձանց կողմից որևէ կերպ հայտնելն է երրորդ անձանց:

Շուկայի շահարկումը շուկայի չարաշահման տեսակ է, որի ժամանակ կատարվում է դիտավորյալ փորձ` միջամտելու շուկայի ազատ և արդար գործունեությանը, որի մեջ մտնում է նաև գնագոյացումը: Թերևս երրորդը  վերաբերում է գնային չարաշահմանը:

Քանի որ բացակայում է տեսական գրականությունը արժեթղթերի շուկայում գնային չարաշահումների վերաբերյալ, ուստի անդրադարձ կկատարենք ԱՄՆ-ի և Եվրոպական միության կարգավորումներին: ԱՄՆ-ն աշխարհում առաջիններից մեկն էր, որ պայքար սկսեց նման չարաշահումների դեմ, իսկ Եվրոպական միության արժեթղթերի շուկայի գնային չարաշահումների ուսումնասիրությունը պայմանավորված է ԵՄ-ի յուրահատուկ կարգավիճակով և ժողովրդավարության բարձր մակարդակ ունենալու հանգամանքով:

 Շուկայի շահարկումը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում` նաև ԱՄՆ-ում: ԱՄՆ-ն այս չարաշահումների դեմ պայքարը սկսեց դեռևս 1933 թվականից, երբ 1929 թվականի աշնանը տեղի ունեցավ արժեթղթերի գների կտրուկ անկում, որը ավելի հայտնի է «Wall street crash» անանմամբ:  4 տարի անց ընդունվեց «Արժեթղթերի մասին ակտը»: Ակտը հաճախ անվանում են նաև «ճշմարտությունը արժեթղթերում», որը ունի երկու հիմնական նպատակ՝ պահանջել, որպեսզի ներդրողները ստանան ֆինանսական և այլ կարևոր տեղեկատվություն, որը վերաբերում է հրապարակային վաճառքի համար առաջարկված արժեթղթերին, և արգելել խաբեությունը, խեղաթյուրումը և այլ խարդախություններ արժեթղթերի շուկայում: Ակտում բացահայտված են մի շարք հասկացություններ, կարգավորված է արժեթղթերի գրանցման ընթացակարգը: Գրանցման ձևաթուղթը պետք է ներառի տեղեկատվություն ընկերության գույքի և գործունեության մասին, արժեթղթի նկարագրությունը, որը առաջարկվում է վաճառքի համար, ընկերության կառավարման մասին տեղեկատվություն, ֆինանսական հաշվետվություն՝ հաստատված անկախ հաշվապահների կողմից: Գրանցման նպատակը ֆինանսական տեղեկատվության բացահայտումն է հավանական գնորդին, որով նա հնարավարություն է ստանում որոշելու գնել արժեթուղթը, թե ոչ: 1934 թվականին ընդունվեց «Արժեթղթերի բորսայի մասին ակտը»: Այն ունեցավ մեծ դերակատարում, քանի որ ակտով ստեղծվեց «Արժեթղթերի և Բորսայի հանձնաժողովը»։ Ակտով հանձնաժողովին ընձեռվեցին լայն լիազորություններ արժեթղթերի շուկայի նկատմամբ, որոնք ընդգրկում էին բրոքերային ընկերությունների, գործակալների, վճարումը միջնորդող գործակալությունների, ազգային արժեթղթերի ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցումը, կարգավորումը և վերահսկողությունը:

Այսպիսով` ԱՄՆ-ն ստեղծեց մի մարմին, որը զբաղվում է արժեթղթերի շուկայում իրականացվող գործընթացների վերահսկողությամբ: Նման լիազորություններով ՀՀ-ում օժտված է Կենտրոնական բանկը: Սակայն ի տարբերություն ԱՄՆ-ի, ՀՀ-ում գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները և դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների առավել մանրամասն նկարագրությունը սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից: ԱՄՆ-ում վերը նշված չափանիշները և հանգամանքները սահմանվում են «Արժեթղթերի բորսայի մասին ակտ»-ով, որը ընդունվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: ԱՄՆ-ն որդեգրեց ճիշտ քաղաքականություն՝ ընձեռելով այդ մարմնին լայն լիազորություններով, ինչը ԱՄՆ-ի նման գերտերության համար անհրաժեշություն է, քանի որ ԱՄՆ-ն ունի արժեթղթերի մեծ և զարգացած շուկա: ՀՀ-ն, նման լիազորություններով օժտելով Կենտրոնական բանկին, նաև ընձեռեց իրավաստեղծ գործառույթ՝ սահմանել գնային չարաշահման համար հիմք հանդիսացող չափանիշները և դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները, ինչը ավելի նպատակահարմար է ՀՀ-ի նման արժեթղթերի փոքր շուկա ունեցող պետության պարագայում, իսկ երբ արժեթղթերի շուկան զարգացում ապրի ՀՀ-ում, կարելի է մտածել նաև որևէ անկախ մարմին ստեղծելու մասին, որը կզբաղվի բացառապես արժեթղթերի շուկայի վերահսկողությամբ:

Նշենք նաև, որ Եվրոպական միության իրավական ակտերի ցանկում նույնպես կա համանման ակտ: Այն փոխարինեց «Շուկայի չարաշահման» դիրեկտիվին և մի քանի դիրեկտիվների նույնպես, որոնք ուժը կորցրած ճանաչվեցին, և կոչվեց «Շուկայի չարաշահման» Կարգավորում[: Այն ի տարբերություն «Շուկայի չարաշահման» դիրեկտիվի, ավելի լայն ոլորտներ և գործիքներ ունի շուկան կարգավորելու համար:

Վերադառնալով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշների և դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների մանրամասն նկարագրությանը` կարող ենք արձանագրել, որ ՀՀ Կենտրոնական բանկի Կանոնակարգով գնային չարաշահման չափանիշները դասակարգվել են հետևյալ խմբերի՝

  1. գործարքներ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել որոշակի հետևանքների,
  2. գործարքներ, որոնք չունեն հետևանքներ,
  3. տեղեկությունների տարածում,
  4. այլ գործողություններ:

Սույն աշխատության շրջանակներում անդրադարձ է կատարվելու առաջին խմբի չափանիշներին:

Առաջին խմբի բոլոր չափանիշների համար հետևանքները միևնույնն են՝ այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել շուկայում արժեթղթի գնի, դրա պահանջարկի կամ առաջարկի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծման կամ ազդակների հաղորդման կամ հանգեցնում է արժեթղթի գների ոչ օրինաչափ շեղումների կամ արհեստական մակարդակի սահմանմանը: Կենտրոնական բանկը սահմանել է ոչ միայն չափանիշները, այլև դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներ: Այդ հանգամանքները տարբեր են, և յուրաքանչյուր չափանիշի համար սահմանված է մեկ կամ մի քանի հանգամանք:

Առաջին չափանիշով սահմանված է որոշակի արժեթղթով մեկ կամ մի քանի փոխհամաձայնեցված գործարքների` առանց արժեթղթի իրական սեփականատիրոջ փոփոխության կնքում, իսկ գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանք է մեկ կամ մի քանի հաջորդական գործարքների կնքման արդյունքում արժեթղթի կրկին վերադարձը  նախկին սեփականատիրոջը կամ արժեթղթերի փոխանցման իրականացումը միմյանց հետ փոխկապակցված անձանց միջև: Մեկ կամ մի քանի հաջորդական գործարքների կնքման արդյունքը պետք է լինի արժեթղթի հետ վերադարձը սկզբնական, (նույն) սեփականատիրոջը, իսկ փոխկապակցված անձանց միջև արժեթղթերի փոխանցումը հասկանալու համար նախ պետք է հասկանանք, թե ովքեր են համարվում փոխկապակցված անձիք: Օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետով սահմանվում է, որ փոխկապակցված են համարվում երկու և ավելի անձինք, եթե՝

ա. նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի քսան և ավելի տոկոսին,

բ. նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների) տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ,

գ. նրանցից մեկը հսկում է մյուսին, կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում, կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի,

դ. նրանք միևնույն ընտանիքի անդամներ են կամ տվյալ դեպքում գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից։

Այսինքն` Կենտրոնական բանկը նման անձանց միջև կնքած գործարքը դիտարկել է որպես գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանք:

ԱՄՆ-ի «Ներդրումային ընկերությունների մասին ակտը» նույնպես տալիս է փոխկապակցված անձանց[ հասկացության ձևակերպումը.

ա) ցանկացած անձ, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում, կառավարում է կամ ունի 5 տոկոս կամ ավելի քվեարկելու իրավունք տվող շրջանառության մեջ գտնվող այդպիսի այլ անձի բաժնետոմսեր,

բ) ցանկացած անձ, որի 5 տոկոս կամ ավելի քվեարկելու իրավունք տվող շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերը տիրապետում, կառավարում կամ պահում է այդպիսի այլ անձ,

գ) ցանկացած անձ, ով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կառավարում, կառավարվում կամ գտնվում է ընդհանուր վերահսկողության տակ այդպիսի այլ անձի կողմից,

դ) այդպիսի այլ անձի ցանկացած պաշտոնյա, տնօրեն, գործընկեր կամ աշխատող,

ե) եթե այդպիսի այլ անձ է ներդրումային ընկերությունը, դրանց ցանկացած ներդրումային խորհրդատու, դրա խորհրդատվական խորհրդի ցանկացած անդամ, և

զ) եթե այդպիսի այլ անձ է չկորպորացված ներդրումային ընկերությունը, որը չունի տնօրենների խորհուրդ, դրա ավանդատուն[:

Ինչպես նկատում ենք, ԱՄՆ-ի օրենսդրությունը այս առումով տարբերվում է ՀՀ օրենսդրությունից, քանի որ փոխկապակցված անձանց ձևակերպման մեջ է ներառել ավելի լայն շրջանակ: Բացի այդ նկատում ենք նաև, որ ԱՄՆ-ի օրենսդրությունը փոխկապակցված անձանց շարքին չի դասել ընտանիքի անդամներին:

Կենտրոնական բանկը սահմանել է գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները: Դրանք են՝

1) ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքները,

2) արժեթղթով փոխառության գործարքները,

3) այն գործարքները, որոնց դեպքում արժեթղթերի փոխանցումը պայմանավորված է գրավի իրավունքի իրականացմամբ կամ դատարանի որոշմամբ:

Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 570.2 հոդվածի՝ ռեպո պայմանագրով կողմերից մեկը՝ վաճառողը, պարտավորվում է մյուս կողմին՝ գնորդին, պայմանագրով սահմանված ժամկետում որպես սեփականություն փոխանցել արժեթղթեր, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար, այնուհետև պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողին հետ վաճառել ձեռք բերված արժեթղթերին համարժեք արժեթղթեր, վաճառողն էլ պարտավոր է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար: Իսկ հոդվածի իմաստով արժեթղթերը համարվում են համարժեք, եթե թողարկվել են միևնույն թողարկողի կողմից, միևնույն թողարկման մաս են կազմում, ունեն նույն տեսակը, անվանական արժեքը, բնութագրիչ հատկանիշները և նույն քանակի կամ ծավալի են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Ստացվում է, որ ռեպո պայամանգրի դեպքում հետ են վերադարձվում համարժեք արժեթղթեր, մինչդեռ փոխառության պայամանագրի դեպքում համարժեքության մասին խոսք չկա: Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Այսինքն` վերադրաձվող արժեթղթերը կարող են թողարկված չլինել նույն թողարկողի մոտ, սակայն ունենան նույն տեսակը, քանակը և որակը:

    Համեմատելով ԱՄՆ-ի «Արժեթղթերի բորսայի մասին ակտ»-ը Կանոնակարգի առաջին չափանիշի հետ՝ կարող ենք զուգահեռ անցկացնել այն դրույթի հետ, ըստ որի անօրինական է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ցանկացած անձի համար էլեկտրոնային փոստի կամ միջպետական առևտրի ցանկացած այլ միջոցների կամ գործիքների կամ ազգային բորսայի ցանկացած հաստատության օգտագործմամբ  կամ ազգային բորսայի ցանկացած անդամի համար պետական արժեթղթերից բացի այլ արժեթղթերի ակտիվ առևտրի կեղծ կամ ապակողմնորոշիչ տեսք ստեղծելու կամ շուկայի ցանկացած արժեթղթերի վերաբերյալ կեղծ կամ ապակողմնորոշող տեսք ստեղծելու նպատակով իրականացնել ցանկացած գործարք, որը չի ենթադրում դրա շահեկան սեփականության փոփոխություն[:

    Նման դրույթ է պարունակում նաև Եվրոպական միության «Շուկայի չարաշահման» Կարգավորումը: Մասնավորապես՝ հետևյալ ոչ սպառիչ չափանիշները, որոնք պարտադիր կերպով hաշվի չեն առնվում, ինքնին, շուկայի մանիպուլյացիան կազմելու համար պետք է հաշվի առնվեն, երբ առևտրի համար գործարքները կամ պատվերները ուսումնասիրված են շուկայի մասնակիցների կամ իրավասու մարմինների կողմից` պարզելու, թե արդյո՞ք գործարքը չի հանգեցնում ֆինանսական գործիքների, արագ կատարվող ապրանքայի գործարքների կամ աճուրդի արտադրանքի վրա հինված էմիսիոն վճարների սեփականության փոփոխության[:

Երկրորդ չափանիշն է որոշակի արժեթղթով գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որն իրականացվում է փոխկապակցված անձանց միջև` գնման և վաճառքի համընկնող պատվերների տրման միջոցով, իսկ գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանք է դիտարկվում այն, որորոշակի արժեթղթի գնման և վաճառքի հանդիպակաց պատվերները ներկայացվում են տվյալ առևտրային օրվա առևտրային ժամանակաշրջանի էապես նույն ժամանակահատվածում, նույն արժեթղթի էապես նույն ծավալի համար, էապես նույն գնով, և առկա է համաձայնեցված գործարքի կնքման կամ շուկայում արդար գնագոյացման խաթարման կասկած:

    Նախ հասկանանք՝ ինչ է համընկնող պատվերը: Այս հասկացությունը բացահայտելու համար անհրաժեշտ է հղում կատարել գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքին, որտեղից եզրակացնում ենք, որ համընկնող պատվեր կարող է համարվել առևտրային օրվա առևտրային ժամանակաշրջանի էապես նույն ժամանակահատվածում, նույն արժեթղթի էապես նույն ծավալի համար, էապես նույն գնով պատվեր ներկայացնելը արժեթղթերի գնման և վաճառքի համար: Այստեղ կարևոր է ՙէապես նույն՚ եզրույթը: Էապես նշանակում է ըստ էության, բուն էությամբ, իրապես, իսկ նույն նշանակում է դարձյալ այն, առաջվանը, միևնույն:[ Այսինքն Կենտրոնական բանկը ցանկացել է նշել, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ պատվերները ամբողջությամբ համընկնեն: Պատվերները պետք է համընկնեն ըստ էության: Սակայն դրանով չի սահմանափակվում գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքը: Նաև պետք է առկա լինի համաձայնեցված գործարքի կնքման կամ շուկայում արդար գնագոյացման խաթարման կասկած, իսկ չափանիշի հետ համադրելով պարզ է դառնում, որ այդ գործարքները պետք է կնքվեն փոխկապակցված անձանց միջև: Համաձայնեցված գործարք ասելով հասկանում ենք կողմերի նախապես պայմանավորվածությունը այդպիսի գործարք կնքելուն, շուկայում արդար գնագոյացման խաթարում ասելով հասկանում ենք շուկայում սովորական պայմաններում առաջացած գների շեղումը, իսկ փոխկապակցված անձանց հասկացությունը արդեն բացահայտվել է: Վերը նշված երեք պայմաններն անհրաժեշտ են, որպեսզի առկա լինի գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքը:

    ԱՄՆ-ի «Արժեթղթերի բորսայի մասին ակտ»-ը նույնպես պարունակում է այդպիսի կարգավորում, մասնավորապես՝ տալ արժեթղթերի գնման պատվեր կամ պատվերներ՝ իմանալով, որ էապես նույն չափի, էապես նույն ժամանակի և էապես նույն գնի պատվեր կամ պատվերներ այդպիսի արժեթղթի վաճառքի համար եղել են կամ մուտքագրվելու են նույն կամ տարբեր կողմերի կողմից: Նույնը վերաբերում է նաև արժեթղթերի վաճառքի պատվերին[: Ստացվում է, որ ԱՄՆ-ի օրենսդրությունը առանձնացրել է գնման և վաճառքի պատվերները, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է գնման և վաճառքի պատվերներ: Այստեղ ավելի ճիշտ մոտեցում է ցուցաբերել ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը, քանի որ պետք է համընկնեն գնման պատվերները, ոչ թե գնման և վաճառքի: Գնման և վաճառքի պատվերները հաընկնելու դեպքում տեղի կունենա գործարք, մինչդեռ եթե ներկայացվում են գնման պատվեր կամ պատվերներ՝ իմանալով, որ ներկայացվել է նման այլ պատվեր կամ պատվերներ, այն կարող է խախտել պատվիրատուի՝ նախապես պատվիրված արժեթուղթը գնելու իրավունքը:

Կենտրոնական բանկը սահմանել է նաև գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները: Դրանք այն գործարքները կամ գործարքի կնքման պատվերներն են, որոնք կդիտարկվեն իրավաչափ Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով: Այստեղ Կենտրոնական բանկը չի սահմանել, թե կոնկրետ որ դեպքերը կամ գործողություններն են համարվում գնային չարաշահում` տալով լայն ձևակերպում և տեղավորելով Կանոնակարգի 6-րդ կետի սահմաններում: Հնարավոր չարաշահումներից խուսափելու համար, կարծում ենք, Կենտրոնական բանկը պետք է հստակ սահմանի գնային չարաշահում չհամարվող դեպքերը և գործողությունները:

Կանոնակարգի 6-րդ կետով նշվում է, որ Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 1-3 Հավելվածներով սահմանված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշների և գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների, ինչպես նաև գնային չարաշահում չհամարվող դեպքերի ու գործողությունների իրավաչափությունը գնահատելիս, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի է առնում հետևյալ հանգամանքների առկայությունը`

1) գործարքը կամ գործարքի կնքման պատվերն իրականացվել է` հաշվի առնելով շուկայի արդար և արդյունավետ գործունեության չափանիշները,

2) գործարքը կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձի գործողություններով այլ անձանց համար չի նվազել գործարքներ կնքելու հնարավորությունը կամ չի պատճառվել վնաս, կամ իրեն բարենպաստ ուղղությամբ չի փոփոխվել կամ պահպանվել այն արժեթղթի գինը, որի գծով անձն ունի երկար կամ կարճ դիրք,

3) գործարքը կնքող անձը շուկա ստեղծող է, որը գործում է սույն կանոնակարգի Հավելված 4-ի պահանջներին և կարգավորվող շուկայի օպերատորի կողմից սահմանված շուկա ստեղծողի գործունեության վերաբերյալ կանոնին համապատասխան, որն առնվազն ներառում է.

ա. շուկա ստեղծողի կարգավիճակի շնորհման, կասեցման և դադարեցման հիմքերը և կարգը, ներառյալ՝ վաղաժամկետ դադարեցման դեպքում շուկայի օպերատորին տեղեկացման կարգը,

բ. շուկա ստեղծողի կողմից երկկողմանի գնանշման ապահովման կարգն ու պայմանները, շուկա ստեղծողի սպրեդի չափը և հաշվարկման կարգը,

գ. շուկա ստեղծողի գործունեությանը ներկայացվող պահանջները, սահմանափակումները և արտոնությունները,

դ. շուկա ստեղծողի և նրա գործունեության նկատմամբ սահմանված պահանջների և սահմանափակումների պահպանման և վերահսկման կարգը,

ե. շուկա ստեղծողի գործունեության պատասխանատվությունը՝ իր գործունեության նկատմամբ սահմանված պահանջների խախտման համար։

    Առաջին ենթակետում արդար և արդյունավետ չափանիշներ նշելով՝ Կենտրոնական բանկը չի բովանդակել դրանց սահմանները՝ արդյունավետության և արդարության չափանիշների մեկնաբանությունը թողնելով շուկայի այլ մասնակիցներին: Իսկ շուկայի մասնակիցների հնարավոր չարաշահումները արդարության և արդյունավետության նկատմամբ յուրաքանչյուր դեպքում կստիպեն սահմանել, թե այդ տերմիններն օգտագործելով ինչ է նկատի ունեցել Կենտրոնական բանկը:

    Երկրորդ ենթակետում օգտագործված են երկար կամ կարճ դիրք հասկացությունները: Արժեթղթերի առուվաճառք իրականացնող անձը միջազգային շուկաներում կոչվում է թրեյդեր[: Արժեթղթերի շուկայում իրականացվում է արժեթղթերի առք ու վաճառք (թրեյդինգ) 2 հիմնական եղանակներով: Միջազգային թրեյդինգում օգտագործվում են 4 տերմիններ, որոնք, ըստ էության, բնութագրում են այդ եղանակները: Դրանք են going long-ը, going short-ը, bullish-ը և’ bearish-ը: Ըստ Կանոնակարգի մեջ տրված ձևակերպման՝ երկար դիրք է համարվում այն իրավիճակը, երբ անձը ձեռք է բերել տվյալ դասի արժեթղթերը (տիրապետում է տվյալ դասի արժեթղթերի) կամ կնքել է այնպիսի գործարք, որի համաձայն անձն իրավունք ունի կամ պարտավոր է նախապես համաձայնեցված գնով ձեռք բերել տվյալ դասի արժեթղթերը և անձի համար տնտեսապես շահավետ է այդ արժեթղթերի գների աճը, որը համընկնում է ”going long”-ի ”bullish”-ի հետ, քանի որ այս տարբերակով թրեյդինգը իրենից ներկայացնում հետևյալը. թրեյդերը գնում է ցածր գնով արժեթղթեր և վաճառում է այն ավելի բարձր գնով՝ գնելու և վաճառելու տարբերությունը դարձնելով իր եկամուտը: Իսկ կարճ դիրք է համարվում այնպիսի իրավիճակը, երբ անձն իրականացրել է կարճ վաճառք (փոխառնված արժեթղթերի վաճառք) կամ կնքել է այնպիսի գործարք, որի համաձայն անձն իրավունք ունի կամ պարտավոր է նախապես համաձայնեցված գնով վաճառել տվյալ դասի արժեթղթեր և անձի համար տնտեսապես շահավետ է այդ արժեթղթերի գների նվազումը, որը համընկնում է ”going short” և ”bearish” հասկացությունների հետ: Այս տարբերակով թրեյդերը ռեպո պայմանագրով կամ փոխառության պայմանագրով բրոքերից ձեռք է բերում արժեթղթեր և վաճառում դրանք արժեթղթերի շուկայում:  Կանխատեսելով արժեթղթերի գնի նվազելը՝ թրեյդերը նվազած գնով հետ է գնում արժեթղթերը՝ նախկինում վաճառված և նոր գնված արժեթղթերի տարբերությունը դարձնելով իր եկամուտը և բրոքերին հետ վերադարձնելով արժեթղթերը ու պայմանագրով սահմանված այլ վճարներ: Իհարկե, նման պայման նախատեսելը շատ կարևոր է, քանի որ արժեթղթերի ձեռք բերումը և վաճառքը կապված է նման հանգամանքների հետ, և որևէ ազդեցությունը նման հանգամանքի վրա, անշուշտ, կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների:

    Երրորդ ենթակետը շուկա ստեղծողի մասին է: Ըստ Կանոնակարգի` շուկա ստեղծող է համարվում ներդրումային ծառայություններ մատուցող անձը, որը, համաձայն կարգավորվող շուկայի օպերատորի կանոնների, կարգավորվող շուկայում շրջանառվող որևէ դասի արժեթղթի իրացվելիությունն ապահովելու նպատակով իրականացնում է շարունակական երկկողմանի գնանշումներ և իր անունից ու իր հաշվին կնքում է տվյալ դասի արժեթղթերով գործարքներ: Սպրեդի չափ ասելով հասկանում ենք արժեթղթերի առուվաճառքի տարբերությունը: Ենթակետում նշված հանգամանքներից յուրաքանչյուրը կարևոր նշանակություն ունի շուկայի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից:

Երրորդ չափանիշն է որոշակի արժեթղթով գործարքի կնքման պատվեր տալը` նպատակ չունենալով այն բավարարել, իսկ գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներ են որոշակի արժեթղթի գնման (վաճառքի) պատվեր տալը, որի գինն ավելի բարձր է (ցածր է) նախորդ գնման (վաճառքի) պատվերի գնից, այնուհետև տվյալ պատվերի հեռացումը առևտրային համակարգից` նախքան դրա բավարարումը: Ընդ որում` նման պատվերները կարող են ներկայացվել փոքր ծավալով` դրանք առևտրային համակարգից հեռացնելու ձախողման դեպքում փոքր ծավալով բավարարելու նպատակով: Համանման կարգավորւմներ պարունակում է Եվրոպական Միության «Շուկայի չարաշահման» Կարգավորումը: Նշվում է, որ շուկայի մասնակիցների և իրավասու մարմինների կողմից ուսումնասիրված չափանիշները հաշվի են առնվում, այնքանով, որքանով տրված պատվերները փոխում են ֆինանսական գործիքի մեջ լավագույն հայտի կամ առաջարկի գների ներկայացումը, արագ կատարվող ապրանքայի գործարքների կամ աճուրդի արտադրանքի վրա հինված էմիսիոն վճարների, իսկ ավելի ընդհանրական՝ շուկայի մասնակիցներին հասանելի պատվերների գրքի ներկայացումը, և հեռացվում են մինչև բավարարվելը:ԵՄ կարգավորման մեջ նշվում է, որ շուկայի մանիպուլյացիան կամ մանիպուլյացիայի փորձը կարող է դրսևորվել նաև պատվերներ տալով, որոնք կարող են չբավարարվել: Ավելին, ֆինանսական գործիքը կարող է մանիպուլացվել կարգավորվող շուկայից դուրս կատարվող գործողություններով: Անձիք, որոնք մասնագիտորեն կազմակերպում կամ բավարարում են գործարքները, պարտավորված կլինեն ստեղծել և պահպանել արդյունավետ պայմանավորվածությունները, համակարգերը և գործընթացները տեղում, որպեսզի հայտնաբերեն և հաղորդեն կասկածելի գործարքների մասին: Նրանք պետք է հաղորդեն նաև կասկածելի պատվերների և գործարքների մասին, որոնք տեղի են ունենում կարգավորվող շուկայից դուրս: Դրանց մասին մասնագիտացված անձինք պետք է հայտնեն իրավասու մարմիններին առանց հապաղելու[:

Ըստ Կանոնակարգի` պատվեր է համարվում Օրենքի 159-րդ Հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արժեթղթերով գործարքների կնքման նպատակով ներկայացվող հանձնարարականը, ինչպես նաև ներդրումային ծառայություն մատուցող անձի կարգադրությունը, հանձնարարությունը, հայտը կամ առաջարկը: Այսինքն` ըստ չափանիշի` ստացվում է, որ գործարքի կնքման պատվեր տալը նպատակ չի հետապնդում իրականացնելու գործարքը, իսկ ըստ գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների` այդպիսիք  են դիտարկվում նախորդ գնման պատվերի գնից բարձր կամ ցածր գնով պատվեր տալը, այնուհետև պատվերի հեռացումը առևտրային համակարգից՝ նախքան դրա բավարարումը:

Փաստորեն ԵՄ կանոնակարգը ավելի առաջադիմական կարգավորումներ է պարունակում՝ պարտավորեցնելով շուկայի մասնագիտացված մասնակիցներին կասկածելի գործարքների կամ պատվերների առկայության պարագայում հաղորդել իրավասու մարմիններին, ինչը բացակայում է ՀՀ օրենսդրական կարգավորումներում: Դրա փոխարեն նախատեսվում է այլ կարգավորում: Ըստ Օրենքի 218-րդ հոդվածի 1-ին մասի՝ յուրաքանչյուր անձ, որը բաժնետոմսերի սեփականության, պայմանագրի կամ համաձայնության ուժով (միջոցով) կամ այլ կերպ (ինքնուրույն կամ այլ անձանց հետ համատեղ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է (հսկող անձ) սույն օրենքի համաձայն քաղաքացիական պատասխանատվություն կրող որևէ անձի (հսկվող անձ), նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատասխանատվություն է կրում հսկվող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հսկող անձը գործել է բարեխղճորեն և տեղյակ չի եղել այդ խախտման փաստին, իսկ տեղեկանալու դեպքում անմիջապես հայտնել է Կենտրոնական բանկին և հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկել խախտումը կամ դրա ընթացքը կանխելու համար:

Կենտրոնական բանկը սահմանել է նաև գնային չարաշահում չհամարվող դեպքերը ու գործողությունները: Դրանք են այն գործարքները կամ գործարքի կնքման պատվերները, որոնք կդիտարկվեն իրավաչափ սույն Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով:

Չորրորդ չափանիշն է որոշակի արժեթղթով գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որոնք կենտրոնացված են առևտրային նստաշրջանի որոշակի ժամանակահատվածում (երբ հաշվարկվում են փակման կամ այլ հաշվարկային գներ): Սա կատարվում է միայն այն պատճառով, որպեսզի առաջանան առաջին խմբին յուրահատուկ հետևանքները: Գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներ են առևտրային օրվա փակման պահին որոշակի արժեթղթով էական քանակի կամ ծավալի կամ որոշակի արժեթղթի գնի էական փոփոխությամբ գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվերների ներկայացումը: ԵՄ Կարգավորումը պարունակում է նման դրույթ, որտեղ նշվում է, որ առանց հոդված 14-ի և 15-ի խախտման` անձը, ով թողարկողի ներսում իրականացնում է կառավարչական պարտականություններ, չպետք է կնքի ցանկացած գործարք իր հաշվից կամ երրորդ կողմի հաշվից, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է թողարկողի բաժնետոմսերին կամ պարտատոմսերին կամ դրանց հետ կապված ածանցյալ կամ այլ ֆինանսական գործիքներին 30 օրացույցային օրվա փակ ժամանակահատվածում միջանկյալ ֆինանսական հաշվետվության կամ տարեվերջի հաշվետվության հայտարարությունից առաջ, որը թողարկողը պարտավոր է հրապարակել: Բայց դա չի նշանակում, որ փակ ժամանակահատվածի համար չի կարող իրականացվել գործարք: Մասնավորապես՝ առանց հոդված 14-ի և 15-ի խախտման` թողարկողը կարող է թույլ տալ իր ներսում կառավարչական պարտականություններ կատարող անձին արժեթղթերի առևտուր անել իր հաշվից կամ երրորդ կողմի հաշվից 11-րդ պարագրաֆում նշված փակ ժամանակահատվածի համար]: Դեռ ավելին, համաձայն 35-րդ հոդվածի՝ Եվրոպական հանձնաժողովը իրավասու է ընդունել պատվիրակված ակտեր՝ հստակեցնելով հանգամանքները, որոնց պարագայում արժեթղթերի առևտուրը կարող է թույլատրվել թողարկողի կողմից, ինչպես նշված է պարագրաֆ 12-ում՝ ներառյալ հանգամանքները, որոնք կդիտարկվեն որպես բացառություն և գործարքների տեսակներ, որոնք կարդարացնեն առևտրի թույլտվությունը:

Նման մոտեցում տեսնում ենք նաև Կանոնակարգում, որտեղ սահմանված է գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները՝ գործարքները կամ գործարքի կնքման պատվերները, որոնք կդիտարկվեն իրավաչափ սույն Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով: Այստեղ նույնպես ՀՀ Կենտրոնական բանկը սահմանել է իրավասությունների լայն շրջանակ: Հետևելով ԵՄ Կարգավորման օրինակին՝ ՀՀ Կենտրոնական բանկն այս ոլորտում կարող էր ավելի հստակ չափանիշներ սահմանել, որով ավելի պարզ և ակներև կլիներ չարաշահման դեպքեր չհամարվող հանգամանքները:

Հինգերորդ չափանիշն է որոշակի արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղումների կամ արհեստական մակարդակի սահմանումը` դրա հետ կապված մեկ այլ արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղման կամ արհեստական մակարդակի սահմանման նպատակով: Այսինքն մեկ արժեթղթի գնի օրինաչափ չհանդիսացող շեղման կամ արհեսական մակարդակի սահմանման համար պայման է հանդիսանում մյուս արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղումների կամ արհեստական մակարդակի սահմանումը: Այս պարագայում Կենտրոնական բանկը սահմանել է գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող երկու հանգամանք: Դրանք են՝

1) որոշակի արժեթղթով մեկ կամ մի քանի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվերների ներկայացումը տվյալ արժեթղթի հետ կապված այլ արժեթղթի կամ դրա հետ կապված ածանցյալ գործիքի գնի վրա ազդելու նպատակով,

2) մի կարգավորվող շուկայում որոշակի արժեթղթով մեկ կամ մի քանի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը մեկ այլ կարգավորվող շուկայում տվյալ արժեթղթի կամ դրա հետ կապված ածանցյալ գործիքի գնի վրա արհեստականորեն ազդելու նպատակով:

Հասկանանք ինչ է ածանցյալ գործիք հասկացությունը: Մինչև 27.10.16 համար ՀՕ-189-Ն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումը Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ածանցյալ գործիք էր համարվում ժամկետային իրականացման (կատարման) իրավունքը և (կամ) պարտավորությունը հավաստող արժեթուղթը, որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է՝

ա. արժեթղթի շուկայական (բորսայական) գնից,

բ. տոկոսադրույքից կամ այլ հատուցումից,

գ. արժեթղթերի ինդեքսից,

դ. արտարժույթի փոխարժեքից,

ե. վարկային կամ այլ ռիսկից,

զ. ապրանքի կամ թանկարժեք մետաղի շուկայական (բորսայական) գնից,

է. գնաճի մակարդակից կամ պաշտոնական տնտեսական վիճակագրության այլ ցուցանիշներից:

    Սակայն փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո հոդվածում օգտագործվել է ոչ թե ածանցյալ գործիք, այլ ածանցյալ ֆինանսական գործիք հասկացությունը և տրվել է նոր ձևակերպում[:

Ստացվում է, որ Կենտրոնական բանկը սահմանել է չարաշահման դեպքը ածանցյալ գործիքների համար, իսկ Օրենքի փոփոխություններով և լրացումներով սահմանվել է նոր հասկացություն և տրվել է նոր ձևակերպում, որը էականորեն տարբերվում է նախորդ ձևակերպումից: Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

Այիսնքն` օրենքը փոխվել է, իսկ Կենտրոնական բանկը կանոնակարգը չի համապատասխանեցրել օրենքին, ինչի արդյունքում ունենք չկարգավորված հարց։ Այս տրամաբանական շղթան շարունակելով` ստացվում է, որ Կենտրոնական բանկը սահմանել է գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները, սակայն ձևակերպման մեջ օգտագործել է հասկացություն, որը ուժը կորցրել է, հետևաբար պետք է սահմանվեն նոր հանգամանքներ: Այսինքն` ստացվում է, որ չկան սահմանված նման հանգամանքներ, իսկ քանի որ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից, ապա չկա սահմանված նման հանգամանք։

Հաջորդ չափանիշն է որոշակի արժեթղթով հաջորդաբար փոխկապակցված անձանց կողմից արժեթղթով գործարքների կնքումը՝ նպատակ հետապնդելով յուրաքանչյուր անգամ սահմանել տվյալ արժեթղթի առավել բարձր (ցածր) գին, քան նախորդ գործարքով սահմանված գինն է: Գնային չարաշահման դեպքի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքներն են մեկ կամ մի քանի հաջորդական առևտրային օրերի ընթացքում որոշակի արժեթղթով գործարքների կնքումը, որոնց գնման (վաճառքի) գները յուրաքանչյուր հաջորդ գործարքի կնքման արդյունքում ավելի բարձր (ցածր) են, քան տվյալ արժեթղթով կնքված նախորդ գործարքի կնքման արդյունքում: Արժեթղթեր գնելու կամ վաճառելու յուրաքանչյուր դեպքում ավելի են բարձրացվում կամ նվազեցվում դրանց գները: Սակայն դա որպես առանձին հագմանանք դիտարկել չի կարելի, քանի որ արժեթղթերի շուկայում սովորական երևույթ է, երբ արժեթղթեր ձեռք են բերվում հետագայում ավելի բարձր գնով վաճառելու համար: Այստեղ կարևոր է փոխկապակցված անձանց միջև գործարքներ կնքելու հանգամանքը, իսկ թե ովքեր են փոխկապակցված անձիք, արդեն բացահայտվել է աշխատության մեջ: Կենտորանական բանկը սահմանել է նաև գնային չարաշահում չհամարվող դեպքերը ու գործողությունները՝ գործարքներ, որոնք կդիտարկվեն իրավաչափ Կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով:

Գիտական հոդվածի հեղինակ՝ Հրաչ Սարգսյան
(ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատի ուսանող)