Կառավարությունները պետք է դադարեցնեն ատելության սերմանումը լրագրողների նկատմամբ. ՄԱԿ-ի փորձագետներ

Կառավարությունները պարտավոր են պաշտպանել լրագրողներին, վերացնել լրագրողների դեմ իրականացվող հանցագործությունների անպատժելիության երևույթը և դադարեցնել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թշնամանքի և ատելության սերմանումը: Ամեն տարի նոյեմբերի 2-ին նշվող Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրվա նախօրեին նման հայտարարությամբ հանդես են եկել ՄԱԿ-ի Խոսքի ազատության և անօրինական մահապատժի հարցերով հատուկ զեկուցողները և բռնի անհետացման խնդիրներով Աշխատանքային խմբի անդամները:

Հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ ամբողջ աշխարհում լրագրողները ենթարկվում են սպառնալիքների և հարձակումների, այդ թվում՝ նաև հանցավոր և ահաբեկչական խմբավորումների կողմից՝ հաճախ իշխանությունների թույլտվությամբ: «Քաղաքական գործիչներն ատելություն են սերմանում լրագրողների նկատմամբ՝ հայտարարելով, որ լրագրողները ժողովրդի թշնամիներն են: ԶԼՄ-ների հարյուրավոր ներկայացուցիչներ ձերբակալվում կամ առևանգվում են իրենց մասնագիտական գործունեության համար: Կառավարությունները լրտեսում են լրագրողներին՝ խոչընդոտելով ազատ և անկախ լրատվամիջոցների գործունեությանը»,- հայտարարել են ՄԱԿ-ի իրավապաշտպանները:

Ազատ մամուլի պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացրած զեկույցների համաձայն՝ միայն 2018 թվականին արդեն սպանվել են տասնյակ լրագրողներ: Լրագրողների պաշտպանության կոմիտեի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականին սպանվել է 45 լրագրող: 2017 թվականին ձերբակալվել է լրատվամիջոցների 62 ներկայացուցիչ և անհետացել է 59 լրագրող: Վերջիններիս ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

1992 թվականից սկսած Ռուսաստանում 58 լրագրող է սպանվել: Բացահայտված սպանության դեպքերից 33-ի դեպքում մեղավորները պատիժ չեն կրել: Ուկրաինայում այդ ցուցանիշները համապատասխանաբար 12 և 4 են, իսկ Տաջիկստանում՝ 17 և 14:

Փորձագետները նշում են, որ կառավարությունները հավուր պատշաճի չեն հետաքննում լրագրողների նկատմամբ կատարվող հանցագործությունները: «Պետությունները և միջազգային հանրությունը, այդ թվում` նաև ՄԱԿ-ը, չեն արձագանքել և քայլեր չեն ձեռնարկել` Թուրքիայում սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման և ենթադրյալ սպանության դեպքը քննելու համար: Պետք է անկախ և թափանցիկ հետաքննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: ՄԱԿ-ը նույնպես պետք է վերահսկի այդ գործընթացը»,-նշել են ՄԱԿ-ի փորձագետները:

Փորձագետները շեշտել են, որ լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությունը հանգեցնում է բռնության նոր դրսևորումների: Իրավապաշտպանները նաև պնդում են, որ հանցագործները, այդ թվում` նաև նրանց կարգադրություններ տվող իշխանությունները կամ նման հանցագործություններին այլ կերպ առնչվող բոլոր անձիք պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Նրանք կոչ են արել կառավարություններին հետևել լրագրողների անվտանգության ոլորտում միջազգային իրավական նորմերին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ընդունած վերջին բանաձևի դրույթներին: «Մենք կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին դադարեցնել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ատելության սերմանումը և բռնության կիրառումը»,-պահանջել են ՄԱԿ-ի փորձագետները: