Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անօրինական են. ՄԱԿ-ի փորձագետ

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անօրինական են։ Նա հիշեցրել է, որ պատժամիջոցները պետք է արդարացի և օրինական լինեն և չպետք է խախտեն հասարակ քաղաքացիների իրավունքները։ Հատուկ զեկուցողը մեկնաբանել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը։ ՄԱԿ-ի փորձագետը կոչ է արել միջազգային հանրությանը միավորել ուժերը՝ «տնտեսական պատերազմը» կանխելու համար։

Իր ելույթի ժամանակ փորձագետը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն միակողմանիորեն դադարեցրել է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը, որը միաձայն աջակցում է նաև Անվտանգության խորհուրդը: Հատուկ փորձագետը հիշեցրել է, որ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և նրանց մյուս միջազգային գործընկերները հրաժարվել են նմանատիպ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ի կայացրած որոշումը և նրա ձեռնարկած միջոցները անօրինական բնույթ են կրում։ «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ պատժամիջոցները կարող են սահմանվել միան Անվտանգության խորհրդի որոշումով։ ԱՄՆ-ն նման քայլ է կատարել՝ այլ երկրների կողմից ճնշման ենթարկվելու հավանականությունից խուսափելու նպատակով»,- շեշտել է Իդրիս Ջազաիրին։ Վերջինիս խոսքերով՝ միջազգային պատժամիջոցները պետք է օրինական նպատակներ հետապնդեն և չխախտեն խաղաղ բնակչության իրավունքները, սակայն ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն համապատասխանում վերոգրյալ չափանիշներին։ Բացի այդ, անօրինական պատժամիջոցները բացասական են ազդում Իրանի տնտեսության զարգացման գործընթացի վրա, թուլացնում են ազգային արժույթը և հանգեցնում են միլիոնավոր մարդկանց աղքատացմանը, քանի որ նրանք այլևս չեն կարող արտերկրից ապրանքներ ստանալ և զբաղվել առևտրով։ ՄԱԿ-ի հատուկ փորձագետը հեգնանքով հետաքրքրվել է, թե մտադի՞ր է, արդյոք, ԱՄՆ-ն դեղամիջոցներ և սնունդ հատկացնել միլիոնավոր իրանցիներին, որոնք զրկվել են այդ հնարավորությունից։ Նա իր անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ և ընդգծել է, որ սահմանված պատժամիջոցների կիրառման հետևանքով դադարել է դեղամիջոցների մատակարարման գործընթացը։ Դրա արդյունքում, Իրանի քաղաքացիները շարունակում են ապրել սոցիալական ծանր պայմաններում, իսկ միջազգային հանրությունը ձևացնում է, թե չի նկատում այդ իրավիճակը։

Փորձագետը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների ցանկից բացառել գյուղմթերքը, սննդամթերքը, դեղորայքը և բժշկական սարքավորումները: Նա նաև կոչ է արել տեղեկացնել միջազգային բանկերին այդ փոփոխությունների մասին, որպեսզի նրանք կարողանան նման գործարքներ իրականացնել։

Իր ելույթի ավարտին փորձագետը ողջունել է Իրանին աջակցություն ցուցաբերելու միջազգային հանրության դիրքորոշումը։ «Ես երախտապարտ եմ Եվրամիությանը՝ անարդարության դեմ պայքարի և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից եվրոպական ընկերություններին պաշտպանելու գործընթացում նրա ձեռնարկած դիվանագիտական և օրենսդրական միջոցների համար»,- շեշտել է Իդրիս Ջազաիրին: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը լուրջ քայլեր կձեռնարկի՝ «տնտեսական մեծ պատերազմից» խուսափելու ուղղությամբ:

Ներկայումս Իդրիս Ջազաիրին զբաղեցնում է ՄԱԿ-ի՝ ազատությունների և իրավունքի դեմ ստիպողական միակողմանի միջոցների բացասական ազդեցության հարցերով հատուկ զեկուցողի պաշտոնը։

Մեկնաբանություններ