ՀՀ-ում գործող տարբեր ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից խաբեությամբ հափշտակել են գումարներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է ՀՀ-ում գործող տարբեր ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից խաբեությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ-ում գործող ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից 2016թ. դեկտեմբերից 2017թ. մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում խարդախությամբ կատարված հափշտակություններին անմիջական մասնակցություն են ունեցել նաև ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներ։ Քրեական գործով ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ հափշտակությունների մեխանիզմը, դրանց անմիջական մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մասնավորապես, բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ խարդախությամբ հափշտակություններ կատարելու համար երկարատև ազատազրկման դատապարտված ամբաստանյալը՝ ծնված 1974թ., ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում  2016թ. դեկտեմբերից 2017թ. մարտն ընկած ժամանակահատվածում ծրագրել և  ՀՀ-ում գործող ընկերություններից, անհատ ձեռնարկատերերից խարդախությամբ  հափշտակել է տարբեր ապրանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ պատիժ կրելու ընթացքում վերջինս, մտերիմ հարաբերություններ հաստատելով նույն խցում պատիժ կրող երկու անձի հետ, ինչպես նաև բջջային հեռախոսի միջոցով կապ պահպանելով իր մտերիմ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պատժի կրումից ազատված մեկ այլ անձի հետ, ցանկացել է իրականացնել իր հանցավոր մտադրությունները:

Մասնավորապես, 1974թ. ծնված դատապարտյալը հեռախոսակապ է հաստատել ՀՀ-ում գործող մի շարք ընկերությունների և ձեռնարկատերերի հետ, առանձին դեպքերում ներկայանալով որպես ՀՀ-ում ճանաչում ձեռք բերած ընկերությունների աշխատակից՝  պայմանավորվածություն է ձեռք բերել՝ տարբեր տեսակի ապրանքներ գնելու վերաբերյալ: Ապա ազատության մեջ գտնվող իր ծանոթների միջոցով պատրաստել և ներկայացրել է ապրանքի դիմաց գումարի փոխանցման վերաբերյալ կեղծ փաստաթղթեր՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով ապրանքները՝ տարբեր տնտեսվարող սուբյեկտների պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով վնասներ:

Որոշ դեպքերում հափշտակություններն ավարտին չեն հասցվել դրանք իրականացնողների կամքից անկախ պատճառներով։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (4  դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (6 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ևս մեկի՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: