Ընտրվել է Վճռաբեկ դատարանի դատավորնեի 3 թեկնածու

Օգոստոսի 6-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը:

Խորհրդում տեղի ունեցավ հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանի, Էդգար Սեդրակյանի և ՀՀ վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Արծրուն Միրզոյանի հետ:

Խորհուրդը դիտարկեց նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների անձնական գործերը, Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց գաղտնի քվեարկություն, որի արդյունքում Խորհրդի կողմից բավարար ձայներ ստացան Արգիշտի Ղազարյանը, Արծրուն Միրզոյանը և Էդգար Սեդրակյանը: Օրենքով սահմանված կարգով ընտրված թեկնածությունները կներկայացվեն Ազգային ժողովին: