Սերգեյ Րյաբովն ընդդեմ Ռուսաստանի

Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերաբերյալ։

Դիմումատուն՝ Սերգեյ Րյաբովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1980 թվականին։ Դիմումատուն դատապարտվել է ազատազրկման՝ կանխամտածված սպանություն գործելու համար։ Ներկայումս Դիմումատուն կրում է իր պատիժը Ռուսաստանի Տվեր մարզի Բեժեցկ շրջանում։

2005 թվականի հուլիսի 11-ին Դիմումատուն ձերբակալվել է՝ ոստիկանության Ռուզայի շրջանի բաժնի աշխատակցին սպանելու կասկածանքով։ Այնուհետև, ոստիկանության աշխատակիցները Դիմումատուին տեղափոխել են ոստիկանության Ռուզայի շրջանի բաժնի նախնական կալանավայր։ Դիմումատուն խոստովանել է իր մեղքը և իր կամքով ներկայացել է սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին։ Քրեական գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է նախնական կալանավայրում գտնվելու ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին, սակայն, ապարդյուն։

Հիմք ընդունելով Դիմումատուի կատարած խոստովանությունը՝ 2006 թվականի ապրիլին Ռուսաստանի Ներպետական դատական ատյանները ոստիկանության աշխատակցի սպանության համար մեղավոր են ճանաչել Դիմումատուին և դատապարտել են վերջինիս 18 տարվա ազատազրկման։ Դիմումատուն բողոք է ներկայացրել համապատասխան մարմիններին՝ իր նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու և նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։ 2008 թվականին Դիմումատուի ներկայացրած բողոքը մերժվել է, և նրա գործով դատավարությունն ավարտվել է։ Դիմումատուն բողոքել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել ձերբակալման ժամանակ, նախնական կալանավայրում, ինչպես նաև՝ դատական նիստի ժանանակ։ Հետագայում, Դիմումատուի ներկայացրած բողոքների հիման վրա նախնական հետաքննություն է սկսվել, որի շրջանակներում բժշկական փորձաքննություն է իրականացվել։ Բժշկական փորձաքննության արդյունքում Դիմումատուի մարմնին վնասվածքներ և կապտուկներ են հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, տեղի իրավապահ մարմինները որոշել են, որ Դիմումատուի մարմնին առկա վնասվածքներն առաջացել են ձերբակալման ժամանակ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցուցաբերելու հետևանքով։

Ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելու մասին Դիմումատուի ներկայացրած բոլոր բողոքները մերժվել են, սակայն ոստիկանության վերադաս մարմինները երկու աշխատակիցների նկատմամբ խիստ նկատողություն են հայտարարել։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին և հարկադրանքի ներքո կատարած խոստովանության հիման վրա իրեն ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ Ներպետական դատական ատյաններն իր գործով որոշում կայացնելիս հաշվի չեն առել ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումների արդյունքում ձեռք բերված ապացույցները։ Դիմումատուն  իր բողոքի մեջ նաև նշել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն իրականացրել  իր գործով հետաքննությունը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 10․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։