Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում չընդունեց Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթը:

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված էր ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Վահե Էնֆիաջյանի և Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական առաջարկի համահեղինակ Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է հիմնարար փոփոխություններին, որոնք մասնավորապես վերաբերել են ռեյտինգային ընտրակարգի վերացմանը, պարզ համամասնական ընտրակարգին անցմանը, խորհրդարան մուտք գործելու շեմի իջեցմանը, բոնուսային համակարգի վերանայմանը, ընտրագրավի գումարի նվազեցմանը:

Պատգամավորի համոզմամբ՝ բարեփոխված օրենսգիրքը կնպաստի նախընտրական պայքարում քաղաքական բաղադրիչի ուժեղացմանը և խորհրդարանում քաղաքական բազմակարծության ապահովմանը:

Գևորգ Կոստանյանը հարակից զեկույցում նշել է, որ փաթեթը ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: Խոսելով ռեյտինգային կամ համամասնական բաց համակարգերից՝ Գևորգ Կոստանյանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրական համակարգի կիրառում պայմանավորված է տվյալ երկրի քաղաքական նպատակահարմարությամբ: Զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկրում կուսակցական կայուն և կայացած համակարգի ստեղծմանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կառավարությունը փաթեթի վերաբերյալ չունի առաջարկություններ և դիտողություններ:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Ընտրական նոր օրենսգիրքն առաջարկում է ընտրական հարաբերությունների արդար և հավասարակշռված պահանջներ: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խորհրդարանական կառավարման երկրի համար կարեւորել է անցումը համամասնական ընտրական համակարգին: Նա նշել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Տիգրան Ուրիխանյանի դիտարկմամբ՝ նոր ընտրական օրենսգիրքն ընդունելուն կողմ են բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից:

Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ նոր օրենսգրքով ազգային փոքրամասնություններին վերաբերող կարգը մնացել է անփոփոխ:

Էդմոն Մարուքյանը կողմ է արտահայտվել նոր օրենսգրքի ընդունմանը՝ հույս ունենալով, որ գործարարությունը կտարանջատվի քաղաքականությունից, ինչը քաղաքական համակարգի առողջացման կարեւոր հիմքն է:

Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու: Պատգամավորի դիտարկմամբ՝ եպրոպական որեւէ երկրում ընտրություններից 40 օր առաջ չի փոխվում Ընտրական օրենսգիրք:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու փաթեթին՝ նպատակ ունենալով վերականգնել երկրի քաղաքական դաշտը: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ ՀՀ քաղաքացու կամքն արտահայտող ընտրություններ անցկացնելու համար:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ չկա փոխհամաձայնություն: ԱԺ փոխնախագահը դեմ է ընտրություններից 42 օր առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխմանը:

«Ընտրական օրենսգիրքը դռներից հանեցինք, ծխնելույզից նորից մտավ խորհրդարան։ Քաղաքական կոնսենսուս չկա, Հանրապետականը դեմ է քվեարկելու»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Եզրափակիչ ելույթում Գևորգ Պետրոսյանն ընդգծել է, որ պատգամավորներից ոչ ոք չի քննադատել օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների իրավաբանական որակը, ինչը կարևոր հանգամանք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու փաթեթին:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը չի ընդունվել: Կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 2-ը: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

ՀՅԴ խմբակցության երկու պատգամավոր քվեարկությանը ներկա չեն գտնվել։