ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինելու ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր, Երևանում օտարերկրյա լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում շեշտել է, որ վաղը բանակցելու է ոչ թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, այլ ՀՀԿ-ի հետ։ «Բանակցություններին ՀՀԿ-ից պետք է մասնակցեն Ազգային Ժողովի նախագահը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, վարչապետի պաշտոնակատարը, եթե այդպես չեղավ, իմաստ չեմ տեսնում առանձին մարդու հետ բանակցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ:

Հարցին, թե ինչ կլինի, եթե ՀՀԿ-ը չհամաձայնվի իրենց պահանջներին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Եթե մենք կարողացանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, մենք վստահ ենք, որ կկարողանանք հասնել նրան, որ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ը, համաձայնվի ժողովրդի կամքի հետ, այլապես մենք կշարունակենք մեր ակցիաները՝ նույնիսկ ավելի մեծ ծավալով»:

Նիկոլ Փաշինյանը շեշետեց, որ հնարավոր չէ, որ ՀՀԿ-ական որևէ թեկնածու լինի ՀՀ վարչապետ:  ՀՀ-ում ՀՀԿ  ժամկետը վերջացել է, ցանկացած փորձ՝ վերակենդանացնելու այդ կուսակցությունը, ոչ մի բանի չի բերի»,- ասաց Փաշինյանը: «Վաղվանից մենք վերսկելու ենք մեր գործողությունները և հույս եմ հայտնում, որ ՀՀԿ-ն կհասկանա, որ դիմադրելու իմաստ չկա և իրենք չեն փորձի պահել իշխանությունը»,- օտարերկրյա լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը և իր թիմը պատրաստ են ՀՀ-ն առաջնորդելու, և այս պահին դեռ խոսում են ժամանակավոր կառավարության մասին:«Կարծում եմ՝ ամենակարևոր ու միակ պատասխանատվությունը, որ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա, դա արդար ժողովրդավար ընտրությունների անցկացումն է: Այս թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ ու թիմ ունի դրան հասնելու համար: Բայց մենք կներառենք գուցե այլ գործիչների այլ ուժերից, նկատի ունեմ, օրինակ, քաղաքացիական հասարակությունից և այլն»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ այս պահին իրենք բաց են բանակցությունների համար. «Եթե մենք որևէ լավ առաջարկ ստանանք, մենք կքննարկենք այն»:

Իսկ մինչ այդ ըստ նրա՝ Հանրապետության հրապարակում ոչ մի դադար չի լինի, քանի իրենց «հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին չի հասնի»: Նա տեղեկացրեց, որ վաղը իրենք ևս հանրահավաք են իրականացնելու հրապարակում

«Մենք այսօր հնարավորություն ունենք մեկ ժամվա ընթացքում ցանկացած մարդաշատ միջոցառում անցկացնելու և մենք վայելում ենք ժողովրդի աջակցությունը, որևէ մեկը թող չկասկածի, որ ժողովրդի հաղթանակը մեր ձեռքից կարող ենք բաց թողնել, կամ իրադրություն փոխել, ոչ մեկը չպետք է փորձի»,-ասաց նա:

Նա ասաց, որ իրենք որևէ օտարերկրյա ուժերի հետ որևէ խոսակցություն, բանակցություն չեն ունեցել, ո՛չ ռուսական, ո՛չ ԵՄ կամ ԱՄՆ-ի հետ.«Սակայն դա չի նշանակում, որ մենք փակ ենք որևէ բանակցության համար: Ես ուզում եմ պնդել ևս մեկ անգամ, որ չկա որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ մեր հեղափոխության մեջ, և սա Հայաստանի մաքուր ներքին գործն է, չկա որևէ աշխարհաքաղաքական ուժ, որը ներգրավված է: Ես հույս ունեմ, որ աշխարհաքաղաքական ուժերը հասկանում են դա, այնպես որ մենք պատրաստ ենք խոսել Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունների, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Վրաստան հարաբերությունների ապագայի մասին խոսել»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝  չնայած հայ-ռուսական հարաբերությունները բարեկամական են, դրանցում կան նաև խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ։ Մասնավորապես, Փաշինյանը հիշատակել է Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին. «Այդ բոլոր հարցերը լուծելի են, պարզապես պետք է կառուցողական տրամադրվել»:

Հիշեցնենք, որ վաղը` ժամը 11։00-ին, «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, ինչպես ձևակերպված էր՝ իշխանության անցնցում փոխանցման մասին բանակցությունները: