Գասպարին ընդդեմ Հայաստանի

Դիմումատուն՝ Վարտգես Գասպարին, ծնվել է 1957 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն 10 ամսվա ազատազրկման դատապարտելու մասին 2008 թվականին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն բողոքել է նաև իր կալանավայրի վատ պայմանների մասին։

2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Քաղաքացիները բողոքել են ընտրությունների ընթացքում կատարված խախտումների դեմ և աջակցություն են ցուցաբերել նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նույն թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում ՀՀ ոստիկանության ուժերի և քաղաքացիների միջև բախումներ են տեղի ունեցել: Դիմումատուն նույնպես մասնակցել է ցույցերին և կալանավորվել է 2008 թվականի մարտին՝  ոստիկանության աշխատակցի վրա հարձակում գործելու կասկածանքով։ Այնուհետև, նրա նկատմամբ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։ Գործի շրջանակներում Հայաստանի ներպետական դատական ատյանները բավարարել են նախաքննության փուլում Դիմումատուին նախնական կալանավայր տեղափոոխելու մասին քննիչների ներկայացրած միջնորդությունը։ Դիմումատուն բողոքել է իրեն նախնական կալանավայր տեղափոխելու մասին կայացված որոշման դեմ և իր բողոքի մեջ նաև նշել է, որ իր մշտական բնակության վայրում գրանցում և անչափահաս երեխա ունի՝ խոստանալով իր գործով դատավարության ընթացքում չլքել երկիրը և լավ վարքագիծ դրևորել։ Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը՝ հիմնավորելով, որ Դիմումատուն իր ինքնության մասին մոլորեցնող ցուցմունք է տվել քննչական մարմիններին։ Բացի այդ, Դիմումատուի ձերբակալման մասին արձանագրության մեջ նրա անունը և ազգանունը գրանցված է եղել և՛ որպես Վարդգես Գասպարյան, և՛ որպես Վարտգես Գասպարի։ Հետևաբար, իրավապահ մարմինները կասկածել են, որ Դիմումատուն կարող է չներկայանալ Դատարան, խուսափել պատասխանատավությունից կամ խոչընդոտել արդարադատության իրականացմանը։ Հետագայում, Դիմումատուն մի քանի հայց է ներկայացրել Դատարան իրեն ազատ արձակելու պահանջի մասին, սակայն, ապարդյուն։

2008 թվականի նոյեմբերին Դատարանը Դիմումատու Գասպարին ոստիկանության սպայի վրա հարձակում գործելու համար մեղավոր ճանաչելու և նրան 1 տարվա ազատազրկման դատապարտելու մասին վճիռ է կայացրել։ 2009 թվականի փետրվարին Դիմումատուն ազատ է արձակվել։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Վերջինս բողոքել է 2008 թվականի մարտի 6-ից մինչև դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրեն Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի 6 տարբեր բանտախցերում պահելու որոշման մասին։ Դիմումատուն բողոքել է բանտախցերի գերբնակեցման, լուսավորության անբավարար մակարդակի և կալանավայրում հիգիենայի վատ պայմանների մասին։ Գասպարին իր բողոքի մեջ նշել է, որ բանտի գերբնակեցման պատճառով բանտակիցները երբեմն ստիպված են եղել հերթականությամբ քնել, և բանտակիցների օգտագործած ծխախոտի ծուխը բացասական ազդեցություն է թողել իր առողջության վրա։  Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է օրինական հիմքերի բացակայության պայմաններում իրեն կալանավորելու որոշման մասին։ Դիմումատուն նաև բողոքել է, որ Վերաքննիչ դատարանը մերժել է նախնական կալանավայրից ազատվելու պահանջի մասին իր ներկայացրած հայցը հիմնավոր պատճառների բացակայությամբ, քանի որ իրեն ձերբակալելու մասին արձանագրության մեջ իր անունը գրանցվել է որպես Վարդգես Գասպարյան, սակայն նա ծնվել և մեծացել է Իրանում, ինչի պատճառով նշվել է նաև իր անվան իրանական տարբերակը` որպես Վարտգես Գասպարի։ Դիմումատուն նաև հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ անօրինական կալանավորման և ազատազրկման հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասը 60․258 եվրո գումարի չափով փոխհատուցելու պահանջի մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Գասպարիի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում և 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 4․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։