«Պապաս որտեղից գիտի, որ ստեղ սենց դեպքա տեղի ունեցել». Կայացավ Հայկազ Բարսեղյանի գործով հերթական նիստը

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը սկսվեց մոտ 1 ժամ ուշացումով և ընդմիջումներով: Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը դեռևս չի ներկայացել դատարան և խնդրել է մի փոքր հետաձգել նիստը: Բացի այդ դատարան չէին եկել գործով վկա զինվորները:

Վկաների և պաշտպանի ներկայանալուց հետո դատավորը ընթերցեց  ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի նախկին պաշտպան Ինգա Ավագյանի դիմումը, համաձայն որի վերջինս հայտնում է, որ այլևս չի պաշտպանելու Սաֆարյանի շահերը: Իսկ Վարազդատ Սաֆարյանի ներկայիս պաշտպան Ազատ Շահբազյանը հայտնեց, որ Սաֆարյանի շահերը շարունակելու են պաշտպանել ինքը և Հովհաննես Սարգսյանը:

Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ Վարազդատ Սաֆարյանը հայտնել էր, որ հրաժարվում է իր պաշտպան` Ինգա Ավագյանից:

Այնուհետև նիստի ժամանակ ցուցմունք տվեց գործով վկա Գարիկ Հարությունյանը, ով պատմեց, որ ճանաչել է և՛ Հայկազ Բարսեղյանին, և՛ ամբաստանյալներին, սակայն նրանց հետ մոտ հարաբերությունների մեջ չի եղել: Նրա խոսքերով Հայկազը եղել է շատ շփվող մարդ և ոչ մի վատ բան նրանից չի նկատել: Ամբաստանյալների հետ ևս ունեցել է լավ հարաբերություններ և նրանց հետ երբեք խնդիրներ չի ունեցել: Վկայի խոսքերով սպանության գիշերն ինքը Գնելին տեսել է միջանցքում, բայց պառկելուց հետո արդեն քնել է և ոչինչ չի նկատել: Իսկ առավոտյան իմացել է, որ Հայկազը անհետացել է, և բոլորով գնացել են նրան փնտրելու, որից հետո իմացել են, որ Հայկազին գտել են մարզահրապարակում՝ պտտաձողից կախված վիճակում: Վկայի խոսքերով նա միայն լսել է, թե ինչպես է Գնելը հեռախոսով խոսելուց հետո ասել. «Պապաս որտեղից գիտի, որ ստեղ սենց դեպքա տեղի ունեցել»: Վկան նաև պատմեց, որ Գնելը իրեն խնդրել է գնալ և սպայական սենյակից դանակ և իր սենյակից էլ վերնաշապիկ բերելու:

«Սպայական սենյակի հեռուստացույցի տակ բացովի դանակ կար, իսկ ննջասենյակից վերնաշապիկ եմ վերցրել և դուրս եկել, որը հանձնել եմ Գնելին, իսկ, թե ինչ է արել դրանք, չգիտեմ»,- ցուցմունքում նշեց  վկան:

Վկայի ցուցմունքից հետո մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց` հրապարակելու վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, քանի որ ներկայիս ցուցմունքում կան հակասություններ: Ըստ դատախազի վկան նիստի ժամանակ իր խոսքում նշեց, որ լսել է, թե Հայկազը ինքնասպանություն է գործել, իսկ նախաքննության ընթացքում նշել է, որ դեպքերից հետո տեղեկացել է, որ Հայկազին ամբաստանյալներն են սպանել: Սակայն պաշտպանական կողմն առարկեց միջնորդությունը: Դատարանը բավարարեց միջնորդությունը, որից հետո հրապարակեց վկայի նախկին ցուցմունքը:

Այնուհետև ցուցմունք տվեց գործով մյուս վկան` Հովհաննես Ադամյանը: Վերջինս էլ իր ցուցմունքում նշեց, որ դեպքի գիշերը Նորիկ Սահակյանը 1:30-ի կողմերը արթնացրել է իրեն, և ինքը դուրս է եկել միջանցք, որից հետո օգնել է Նորիկին հրաձգության խնդիրը լուծելու, այնուհետև գնացել է քնելու:

«Դաս պարապելու ընթացքում Նորիկը չի բացակայել իսկ, թե ինչ է եղել հետո, չեմ կարող ասել»,- նշեց վկան:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Նյութը՝ Ելենա Արամյանի