Գայանե Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի․ՄԻԵԴ-ի որոշմամբ Հայաստանը կվճարի իր պատմության մեջ ամենամեծ փոխհատուցումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել, համաձայն որի՝ Հայաստանը պարտավոր է վճարել Դիմումատուին իր պատմության մեջ ամենամեծ փոխհատուցման գումարը:

Դիմումատուն՝ Գայանե Թադևոսյանը, ծնվել է 1966 թվականին, բնակվում է Երևանում։ 2004-2005թթ. Կառավարությունը Գայանե Թադևոսյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի օտարման մասին որոշում է կայացրել։ Նույն ժամանակահատվածում Դիմումատուին համապատասխան գումար է հատկացվել՝ ծրագրի իրականացումը վերահսկող Ընկերության կողմից։ Հետագայում, Ընկերությունը հայտնաբերել է, որ Թադևոսյանների ընտանիքը ստացել է ավելի մեծ չափով գումար, քան նախատեսվել է հատկացնել նրանց: Վերոհիշյալ Ընկերության աշխատակիցները Դիմումատուին ծանուցել են, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ անշարժ գույքի դիտավորյալ և կեղծ վերագնահատման մեղադրանքով, և պահանջել են Դիմումատուից վերադարձնել շուրջ 75 մլն դրամ։ Այս մասին հայտնել է Գայանե Թադևոսյանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող փաստաբան Արա Ղազարյանը։ Վերջինիս խոսքերով՝ իր վստահորդը ազնիվ մարդ է հանդիսացել, վստահել է Ընկերության աշխատակիցներին և վերադարձրել է գումարը՝ շուրջ 75 մլն դրամի չափով: Հետագայում, հանգամանքների բերումով, Դիմումատուն պարզել է, որ իրականում անշարժ գույքի վերագնահատման գործով քրեական գործ է հարուցվել ոչ թե իր, այլ՝ նույն պետական ​​ծրագրի իրականացման գործով զբաղվող Ընկերության աշխատակիցների դեմ:

Դիմումատուն պահաջել է Ընկերությունից վերադարձնել օրենքով իրեն պատկանող գումարը, սակայն նրան կտրականապես մերժել են։ Դիմումատուն բողոք է ներկայացրել Ընկերության աշխատակիցների դեմ և հաղթել է գործը Առաջին ատյանի դատարանում։ Սակայն, Ընկերությունը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ։ Ի վերջո, Վերաքննիչ դատարանը և Վճռաբեկ դատարանը բեկանել են Առաջին ատյանի կայացրած որոշումը և վճիռ են կայացրել Ընկերության օգտին։ Այնուհետև, Դիմումատուն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է իր սեփականության իրավունքին իրականացված անօրինական միջամտության մասին։ Դիմումատուն բողոքել է նաև ապօրինի կերպով շուրջ 75 մլն դրամի չափով դրամական միջոցներից իրեն զրկելու մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված նյութական վնասի համար վճարել 133․958 եվրո գումարի չափով փոխհատուցում, ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 2․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 3․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։