Գործի շրջանակներում Դիմումատուները հայց են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ, քանի որ նրանց արգելել են արտերկիր մեկնել այն պատճառաբանությամբ, որ աշխատելու ժամանակահատվածում նրանք նախկինում տիրապետել են պետական և ծառայողական գաղտնիքի։
Դիմումատուներն ազգությամբ ռուս են, ծնվել են 1950-ից 1987-ական թվականներն ընկած ժամանակաշրջանում և ապրում են Ռուսաստանում։
Իրենց աշխատանքային ժամկետի ավարտից հետո պետական մարմինները մերժել են վերադարձնել Դիմումատուներին իրենց անձնագրերը։ Դիմումատուներին տեղեկացրել են, որ առաջիկա 5 տարիներին նրանց իրավունքը լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը սահմանափակված է լինելու։ Բոլոր Դիմումատուները բողոքարկել են այս որոշումը, սակայն ապարդյուն։
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի (տեղաշարժի ազատություն) խախտում։ Դիմումատուները բողոքել են Ռուսաստանի իշխանությունների և նրանց կայացրած որոշման արդարացիության մասին՝ իրենց անձնագրերը չվերադարձնելու և Ռուսաստանի Դաշնության տարածքը չլքելու վերաբերյալ։ Դիմումատուներն իրենց հայցի մեջ նաև նշել են, որ իրենց նկատմամբ կիրառված որոշումը՝ արտերկիր մեկնելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ, չի եղել անհրաժեշտությամբ թելադրված և հիմնավորված, քանի որ աշխատելու ժամանակահատվածում նրանց թույլատրել են ճանապարհորդել՝ ծառայողական գործուղման, ամենամյա արձակուրդի կամ ծնողներին այցելելու նպատակով։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի (տեղաշարժի ազատություն) խախտում։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուներ Բերկովիչին, Իլչենկոյին, Լիտավրինին, Լյուտինին, Յենինին և Գարկուշային յուրաքանչյուրին վճարել 5․000 եվրո գումարի չափով փոխհատուցում։ Ռուսաստանը պարտավոր է նաև վճարել 3․538 եվրո Բուրնայեվին, 4․000 եվրո Սամասադկինին, 5․000 եվրո Իլչենկոյին, 106 եվրո Լյուտինին, 850 եվրո Լիտավրինին, 137 եվրո Յենինին, 2․500 եվրո Գարկուշային, 64 եվրո Բուրնայեվին և 42 եվրո գումարի չափով փոխհատուցում Սամասադկինին՝ դատական ծախսերի համար։
Հետևյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։