«Այս իշխանությունները բոլոր մարմիններում շատ նման են իրար՝ իրենք ատում են լրագրողներին». Արման Ղարիբյան

Վերջին շրջանում լրագրողների նկատմամբ իրականացվող սահմանափակումների, դատական նիստերի ժամանակ հանդիպող դժվարությունների և դրանց հնարավոր լուծումների մասին զրուցել ենք «Իրավունքի ուժ» ՀԿ-ի հիմնադիր Արման Ղարիբյանի հետ:

– Վերջերս որոշակի քայլեր են կատարվում լրագրողների աշխատանքը սահմանափակելու ուղղությամբ, մասնավորապես՝ այսուհետ Կառավարության և ավագանու նիստերն անցկացվելու են դռնփակ, ըստ ձեզ ինչո՞վ է սա պայմանավորված:

– Ընդհանուր տենդենցն այն է, որ Հայաստանը դառնում է փակ դռների երկիր և ավելի փակ հասարակության առաջ: Փակելով դռները մամուլի առաջ՝ նույնն է ինչ-որ փակես դռները հասարակության առաջ: Ես ենթադրում եմ, որ կառավարությունում փոփոխությունը պայմանավորված է նոր վարչապետի անձով՝ ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանի անձով, որը ենթադրաբար դառանալու է վարաչպետ: Մենք հիշում ենք նրա գործունեությունը`  որպես նախագահ, թե նա ինչքան փակ է եղել այսքան տարի լրագրողների համար, հիշում ենք նաև Բաղրամյան 26-ում իր հնչեցրած հայտնի միտքը, որ լրագրողներն են մեղավոր գաղջ մթնոլորտի և արտագաղթի համար: Եթե պարզ ասենք, այդ մարդը պարզապես ատում է ազատ, անկախ լրագրողներին և չի հանդուրժում լրագրողների ներկայությունն իր շուրջ: Թեև կառավարությունում լրագրողները ֆիզիկապես չէին լինելու, այլ հետևելու էին, բայց բաց ու թափանցիկ աշխատանքն իր համար չէ: Բացի այդ, մենք տեսել ենք որոշակի զրույցներ՝ իր և այլ պաշտոնյաների միջև, թե ինքն ինչպես է դիտողություններ անում նրանց: Որպեսզի այդ ամենը լրագրողների աչքերից ու ականջներից հեռու լինի, որոշեցին դռնփակ անցկացնել կառավարության նիստերը:

Երևանի ավագանիում ընդհանուր առմամբ մթնոլորտը նույնն է, բացառությամբ նրա, որ այնտեղ Սերժ Սարգսյանը չի լինելու, բայց կան իր մշակույթը կրող անձինք, որոնց համար ևս լրագրողների ներկայությունը խանգարող է: Քանի որ ավագանու նիստերը գրեթե միշտ անցկացվում են լարված մթոլորտում, նրանք հասկացան, որ լրագրողներն իրենց խանգարում են և որսում են այնպիսի պահեր, որոնք իրենց համար ցանկալի չեն։ Արդյունքում որոշեցին լրագրողներին դուրս հանել սենյակից:

– Ինչո՞ւ այս գործընթացն այսքան արագ տեղի ունեցավ, ո՞րն էր այս արագության պատճառը:

– Կառավարության դեպքում` փորձեցին այնքան արագ, որ նոր վարչապետը միանգամից իր համար ապահով միջավայրում մուտք գործի կառավարություն և տեսախցիկներն անջատված լինեն: Քաղաքապետարանի դեպքում էլ՝ իրենք դեռ նախորդ նիստին էին ուզում լրագրողների մուտքն արգելել, բայց, երբ մենք  փոքրիկ ակցիա իրականացրինք, և ես քաղաքապետարանի դիմաց անդադար շեշտում էի, որ սա, ըստ օրենքի, հակաօրինական քայլ է, նույն օրը՝ նիստի ժամանակ, Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ իրենք հակաօրինական ոչինչ չեն անելու, սակայն իրենք արդեն գիտեին, որ գնալու են այդ ճանապարհով: Այսինքն՝ ետնաբեմում իրենք այդ որոշումն արդեն  կայացրել էին: Փաստորեն, մենք իրենց օգնեցինք, հուշեցինք, ինչպես անել, որ հակաօրինական չլինի, և իրենք հասկացան, որ պետք է գնալ օրինական ճանապարհով, այդտեղից էլ եկավ այդ շտապողականությունը: Այդ հապճեպության մեջ կա որոշակի հանցավորություն, քանի որ իրենք մինչ այդ ունեին առաջին ընթերցմամբ անցած օրինագիծ, որը վերաբերում էր միանգամայն այլ դրույթի և բացարձակապես կապ չուներ ավագանու նիտերին լրագրողների հետ: Երկրորդ ընթերցման ժամանակ՝ դրա նախորդ գիշերը, լրացնում են այդ նախորդ նախագիծը, բայց միանգամայն նոր նախագիծ են բերում: Էսպես ասած ինչ-որ խուլիգանական գործելաոճ է տեղի ունեցել, գաղտագողի՝ հասարակությունից, լրագրողներից, նույնիսկ՝ պատգամավորներից թաքուն:

– Այստեղ հարց  է առաջանում, թե ինչո՞ւ  հենց  լրագրողները, գուցե հենց լրագրողների՞ կողմից են ինչ-որ սխալներ տեղի ունեցել։

– Ինձ թվում է ճիշտ հակառակը, լրագրողները շատ ճիշտ են արել ամեն ինչ, դրա համար էլ նման քայլի են դիմել: Եթե մի երկրում լրագրողների դեմ պայքարում են, ուրեմն լրագրողները շատ լավ են աշխատում, վատ աշխատող լրագրողի դեպքում ոչ ոք չի մտածի՝ ո՛չ ճնշում գործադրելու, ո՛չ բռնության ենթարկելու, ո՛չ էլ իրավունքները սահմանափակելու մասին: Ականհայտ է, որ եթե լրագրողը ֆիզիկապես ներկա չլիներ այսքան ժամանակ, շատ բաներ հանության ուշադրությանը չէին արժանանա։ Իրենք դրանից են շատ բորբոքված, որ լրագրողները վեր են  հանում իրենց ամբողջ կեղտը և դրա համար էլ փոձում են հնարավորինս արագ դռները փակել լրագրողների առաջ:

– Նախատեսվում է, որ ավագանու նիստերի ժամանակ լրագրողները կկարողանան առցանց տարբերակով հետևել նիստերին։ Արդյո՞ք այս դեպքում նրանք կունենան հնարավորություն լուսաբանելու այն ամենն, ինչը տեղի է ունենում  նիստի ժամանակ։

Միանշանակ չեն կարողանա, եթե ամեն դեպքում այդպես լինի, ապա առնվազն պետք է պարտադրել, որպեսզի Երևանի ավագանու նիստին հեռարձակվի նույն ծավալով ինֆորմացիա, որը լրագրողը կարող էր տեսնել ու լսել, եթե լիներ ներսում: Այսինքն՝ լիարժեք լուսաբանում պետք է լինի տարբեր ռակուրսներից, ձայնի բացարձակ անխափան հեռարձակում, որպեսզի խնդիր չլինի: Վստահ եմ, որ այս նույն ծավալով գրեթե անհնար է լինելու ապահովել տեղեկատվությունը, փաստորեն այնուամենայնիվ սահմանափակում են  տեղեկատվություն ստանալու մեր իրավունքը:

– Ի՞նչ եք կարծում այս երևույթը  կկրի շարունակական բնույթ

– Կարծում եմ, որ շատ հնարավոր է, որ այդպիսի տենդենց լինի: Նաև կարող է այս երևույթը վարակիչ լիել՝ հաշվի առնելով, որ ուրիշ քաղաքի ավագանիում ևս իշխող կուսակցությունն է մեծամասնություն կազմում: Նրանք կարող են ասել՝ մենք ինչով ենք պակաս մեր ‹‹եղբայրներից ››,  մենք էլ այդպես անենք և որոշեն փակել դռները: Եթե այդ քաղաքներում էլ ավագանու որոշակի անդամներ ընդդիմադիր կեցվածք ցուցաբերեն և որոշակի խնդիրներ առաջացնեն, շատ հանարավոր է, որ դա էլ փակվի: Եթե հիմա լրագրողական համայնքը պատշաճ չարձագանքի, չդիմադրի այս տենդենցին, այո՛ հնարավոր է տարածվի:

– Մի փոքր խոսեք նաև դատական նիստերի լուսաբանման ընթացքում տեղի ունեցող սահմանափակումների մասին: Այդտեղ  ի՞նչ խնդիրների են հանդիպում լրագրողները:

– Այդ խնդիրները նոր չեն: Մենք հանդիպում ենք քմահաճ դատավորների, որոնք նույն գործելաոճն ունեն: Այս իշխանությունը բոլոր մարմիններում շատ նման է իրար՝  իրենք ատում են լրագրողներին,  հատկապես տեսախցիկով, որովհետև նրանք արձանագրում են իրենց չիմացությունը, հաճախ լկտի կեցվածքը, նույնիսկ դատավորների դեպքում է այդպես: Որոշ դատավորներ ուղղակի որպեսզի խուսափեն այդ հանրային ամոթանքից, լրագրողներին պարզապես արգելում են տեսանկարահանելը կամ լուսանկարահանելը, ինչը հաճախ բացարձակ անհիմն է լինում, այն առումով, որ նույնիսկ կողմերից որևէ մեկը չի առարկում: Դատավորն անգամ չի քաշվում ասել, որ ես կաշկանդվում եմ տեսախցիկից: Մեր երկրում նիստերը հիմնականում եղել են հրապարակային և այդ դատավորը, իսկզբանե՝ դատավոր նշանակվելիս, չի՞ ենթադրել, որ դատավոր նշանակում է նաև լրագրողների ներկայություն, նկարահանում և այլն: Ինչո՞ւ են այդպես անում, նաև որովհետև անազատ են  և հաճախ իրենք էլ գիտեն, որ իրենք կայացնելու են ապօրինի վճիռներ, քանի որ ուղիղ կախում ունեն իշխանությունից, և նրանք չեն ցանկանում, որ դա էլ տեսագրվի: Արդարության համար պետք է ասեմ, որ կան բազմաթիվ դատավորներ, որոնք դարձյալ կատարում են վճիռներ իշխանության պատվերով, բայց բացարձակ խնդիր չունեն նկարահանման հետ:   Նաև մեր օրենսդրությունն ունի բացեր և այս քմահաճույքը, որը թողնված է դատավորներին  հենց  օրենսդրության բացի պատճառով է:

– Շատ են դեպքերը, երբ դատավորն է լրագրողից պահանջում ներկայացնել լրագրողական վկայական, արդյո՞ք դատավորն ունի նման իրավունք։

Տեսականորեն ունի նման իրավունք, եթե այդ անձը  որևէ խախտում է կատարել դատական նիստի ժամանակ և դատավորն ուզում է սանկցիա կիրառել, այդ դեպքում դատավորը կարող է նրա անձը ճշտել, որպեսզի սանկցիան հասցեագրված լինի: Բայց առհասարակ զուտ լրագրողից որևէ փաստաթուղթ ճշտելու խնդիր չկա, քանի որ դա հրապարակային դատական նիստ է, և ես կարող եմ դրան ներկա լինել անկախ նրանից փաստաթղթով լրագրող եմ, թե ոչ, անկախ նրանից լրագրող եմ, թե ոչ:  Ես կարող եմ անել այդտեղ այն բոլոր գործողությունները, ինչը թույլատրված է օրենքով՝ ձայնագրություն, որը թույլատված է բոլորին՝ անկախ նրանից լրագրող է, թե ոչ, իհարկե կարող եմ նաև նշումներ անել: Իսկ լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը, քանի որ թողնված է դատավորի հայեցողությանը, եթե նա թույլ է տալիս որևէ մեկին անկախ նրանից լրագրող է, թե ոչ, ապա բոլորին է դա թույլատված: Նայել լրագրողի փաստաթուղթը և ասել դու չունես փաստաթուղթ, ուրեմն չես կարող լուսաբանել, ապա սա ուղղակի իրավաբանական տգիտություն է:

Դուք՝ որպես  ՀԿ  ներկայացուցիչ, ի՞նչ քայլեր եք նախատեսում իրականացնել առաջիկայում՝ լրագրողների նկատմամբ սահմանափակումները վերացնելու ուղղությամբ:

– Առաջիկայում  մենք պատրաստվում ենք գնալ Սահմանադրական  դատարանի ճանապարհով, գուցե նամակով դիմենք նաև ՀՀ նախագահին: Մեր կազմակերպությունն առաձին 2 այլ ուղղություններով է աշխատում: Մեկն այն է, որ երիտասարդ լրագրողներին դասընթացի միջոցով ավելի լավ սովորեցնենք իրենց իրավունքները, հատկապես հենց  դատական նիստերը լուսաբանելու առումով և հնարավորություն տանք փաստաբանների հետ հարց ու պատասխանի միջոցով իրենց հուզող բոլոր պատասխանները ստանալու: Բացի այդ պատրաստելու ենք տեսանյութեր, նախատեսում ենք մոտ 10 տեսանյութ պատրաստել, որտեղ լրագրողները կխոսեն՝ իրենց իրավունքների սահմանափակումների հետ կապված, և դա հնարավորինս լայնորեն տարածել սոցիալական ցանցերի միջոցով, որպեսզի հասարակությունն էլ ընկալի, որ լրագրողի աշխատանքը զուտ այդ անձին չի վերաբերվում, դա մասնագիտական իրավունք է, որից տուժում է ամբողջ հասարակությունը: Կարծում եմ, որ հասարակությունն էլ պետք է թիկունք կանգնի իր համար աշխատողների իրավունքների պաշտպանությանը և գիտակցի այդ կարևորությունը: