Արդյունավետ սահմանադրական զարգացումն անհնար է մակերեսային, հատվածական մոտեցումներով և լուծումներով. Անահիտ Մանասյան


Զրույցը՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ ի.գ.թ., Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, դոցենտ Անահիտ Մանասյանի հետ:

-Արդյոք ռազմական դրության ընթացքում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը շարունակե՞լ է իր ընթացիկ աշխատանքները:

Ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակը փոխել էր հանրային իշխանության, հանրային կառավարման և սահմանադրականության բնագավառում առկա մարտահրավերները: Պատերազմական իրավիճակի առաջնահերթություններով պայմանավորված՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստերը ռազմական դրության պայմաններում չեն կայացել: Հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին:

-Պատերազմական վիճակը որևէ անդրադարձ կունենա՞ Հանձնաժողովի կողմից սահմանադրական բարեփոխումների ուղղությունների փոփոխության առումով:

Բնականաբար, տեղի ունեցածն ու ստեղծված իրավիճակը չեն կարող ազդեցություն չունենալ  մեր հասարակական համակարգի առաջնահերթությունների վերաիմաստավորման տեսանկյունից: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, և իմ անձնական մոտեցումները չեն նույնանում վերջինիս դիրքորոշումներին: Կարծում եմ՝ կոլեգիալ մարմինների գործունեության առանձնահատկություններին համապատասխան՝ Հանձնաժողովը կհստակեցնի իր գործունեության հետագա տեսլականը և այդ առնչությամբ կլինի նաև պաշտոնական տեղեկատվություն:

-Իսկ Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է, ի՞նչ ուղղությամբ պետք է ընթանան հետագա սահմանադրական բարեփոխումները Հայաստանում:

Տեղի ունեցածն ու ստեղծված իրավիճակը ինձ համար ոչ այնքան երևույթների վերաիմաստավորման, որքան դրանց առնչությամբ իմ ունեցած պատկերացումների ու գաղափարների վերահաստատման առիթ են դարձել: Մշտապես եմ շեշտել, այժմ էլ կրկնում եմ՝ արդյունավետ սահմանադրական զարգացում իրականացնել հնարավոր է միայն բացառիկ պրոֆեսիոնալիզմի պայմաններում: Այդ հանգամանքը ցանկացած միջավայրում, այդ թվում՝ Հայաստանյան, ենթադրում է աշխարհում առկա զարգացումների, հասարակական համակարգերի և սահմանադրական զարգացումների օրինաչափությունների խորը իմացություն, դրանց պրոֆեսիոնալ վերլուծություն և գնահատում: Իսկ դա անհնար է երևույթների վերաբերյալ մակերեսային, կիսապրոֆեսիոնալ, այսրոպեական, հատվածական մոտեցումներով և լուծումներով: Ավելին, այս փուլում աշխարհում առկա սահմանադրականության զարգացման մակարդակը ենթադրում է, որ նշված ոլորտում մեր ասելիքն աշխարհի համար կարող է պահանջարկ ունեցող դառնալ սոսկ ներկայացված չափանիշները պահպանելու դեպքում: Հետևաբար, անկախ ձևաչափից, եթե կարողացանք մեր հասարակական համակարգում նման միջավայր ստեղծել և գործընթաց իրականացնել, կհաջողենք: Եթե չհաղթահարեցինք նեղ, կիսապրոֆեսիոնալ ու մակերեսային մտածողությունը, հետևանքները բացասական առումով անդառնալի են լինելու: