Ամուսինը խանդի հողի վրա կտրել է կնոջ ձեռքերը․ ՄԻԵԴ վճիռը ռեկորդային փոխհատուցման մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է ավելի քան 370 հազար եվրո փոխհատուցում հատկացնել ազգությամբ ռուս Դիմումատու Մարգարիտա Գրաչովային, ով ենթարկվել է ընտանեկան բռնության ամուսնու կողմից։

2017 թվականի նոյեմբերին Դմիտրի Գրաչովը խանդի հողի վրա կնոջը տարել է անտառ, խլել բջջային հեռախոսը և կացնով կտրել նրա ձեռքերը՝ հարվածելով առնվազն տասն անգամ։ Գրաչովայի մեկ ձեռքը վերականգնվել է վիրահատության ժամանակ, իսկ մյուս ձեռքին նա պրոթեզ է կրում։

2019 թվականի վերջին դատարանը Գրաչովին դատապարտել է 14 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և պարտավորեցրել է տուժողին վճարել ավելի քան երկու միլիոն ռուբլի։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ռուսաստանի իշխանությունները անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել Գրաչովային պաշտպանելու համար։ Դատարանը նշել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների պահվածքը պասիվ է՝ «կառուցվածքային կողմնակալության» պատճառով։ Դիմումատուն մինչև պատահարը դիմել է ոստիկանությանը՝ տեղեկացնելով ամուսնու սպառնալիքների մասին, սակայն դիմումը ընթացք չի ստացել։ Դիմումն ընդունած ոստիկանապետի նկատմամբ հետագայում պաշտոնեական անգործության և անփութության մասին գործ է հարուցվել, բայց կարճվել է։

Փաստաբանները նշում են, որ սա ՄԻԵԴ վճիռների պատմության մեջ ընտանեկան բռնության վերաբերյալ առաջին պիլոտային որոշումն է, քանի որ մինչ այդ դատարանը դեռ պիլոտային որոշումներ չի կայացրել նման գործերով։ Այս գործը «պիլոտային» են անվանում, քանի որ ՄԻԵԴ-ը իր վճռում հստակ նշել է, թե կոնկրետ ինչ գործողություններ պետք է ձեռնարկի Ռուսաստանի Դաշնությունը։ ՄԻԵԴ-ը կարգադրել է Ռուսաստանին հնարավորինս շուտ ընտանեկան բռնության մասին օրենսդրությունը կարգավորել, ձեռնարկել անհապաղ միջոցներ նման գործերով դիմումներին ընթացք տալու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ընտանեկան բռնության զոհերի վերականգնողական միջոցառումների կապակցությամբ և ֆինանսավորել նման ծրագրերը, կանխարգելել նման դեպքերը։

Փորձագետները կարծում են, որ ինչ-որ իմաստով այս վճիռը պատիժ է Ռուսաստանի իշխանությունների համար, որոնք անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել ընտանեկան բռնության վերաբերյալ ՄԻԵԴ նախորդ վճիռները իրագործելու համար։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Վալերիա Վոլոդինայի գործով ՄԻԵԴ վճռին, որը ընտանեկան բռնության և վրեժխնդրության, պոռնոգրաֆիայի, կիբերհանցագործության վերաբերյալ էր։ Այսպես, փոխհատուցման գումարի ռեկորդային չափը, ըստ փորձագետների, նախատեսված է նրա համար, որպեսզի այն «չանցնի երկրի ղեկավարության կողքով»։

Այսպիսով, դատարանը որոշել է Ռուսաստանի և այլ երկրների ուշադրությունը հրավիրել նման կարևոր խնդրի վրա։ Դրանով ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է Ռուսաստանին, որ եթե չձեռնարկվեն իրավական հստակ միջոցներ, ապա հետագայում փոխհատուցման չափը նման գործերով ավելանալու է։