ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի շրջապատից 9 հոգու։

Նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում հայտնված մարդիկ ներգրավված են արտերկրում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների, ինչպես նաև Իրանի քաղաքացիների սպանությունների և խոշտանգումների մեջ:

Պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում են Խամենեիի որդին՝ Մոջթաբան, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամադ Բաղերին, Խամենեիի վարչակազմի ղեկավար Մոհամադ Գոլպայեգանին, ինչպես նաև Վահիդ Հաղանիանը, ով համարվում է Իրանի առաջնորդի «աջ ձեռքը»:


Ինչպես նախկինում հայտարարվել է, ԱՄՆ-ն զգուշացրել էր, որ է՛լ ավելի է խստացնելու պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Պետքարտուղար Մայք Փամփեոն հայտարարել է, թե նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Վաշինգտոնը վերացնում է արտոնությունը, որով Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան կարող էին նավթ գնել Իրանից առանց որևէ սահմանափակման:

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ սահմանել և հետևել դրանց իրագործմանը: Ցանկացած պետություն կամ կազմակերպություն, որն աշխատում է Իրանի հետ, պետք է ճշգրտումներ անի և զգուշավորություն ցուցաբերի», – նշել է այս կապակցությամբ Փոմփեոն:

Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները կրկին հայտնվեցին ճգնաժամում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, ով վստահ է, որ Թեհրանը շարունակում է միջուկային ծրագիրը, ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս: