Հայաստանում համացանցն ազատ է. Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցը: Freedom House-ի փորձագետների փոխանցմամբ` Հայաստանում ինտերնետն ազատ է:

Զեկույցում ազատ են համարվում 70-ից 100 միավոր վաստակած երկրները: Հայաստանն ունի 76 միավոր, հարևան Վրաստանը մեկ միավորով հետ է մնում՝ 75, բայց ազատ է:

Մասամբ ազատ երկրներն ունեն 40-ից 69 միավոր, այդ բաժնում են 61 և 56 միավորներ վաստակած Ղրղըզստանը և Ուկրաինան: Ոչ ազատներն ունեն 0-ից 39 միավոր: Հայաստանի մնացած երեք հարևանները ոչ ազատ են՝ Ադրբեջանն ունի 39 միավոր, Թուրքիան՝ 37, Իրանն` ընդամենը 15:

Համացանցի ազատության զեկույցն անդրադառնում է 65 երկրներին, որտեղ բնակվում է համացանցի օգտատերերի 87 տոկոսը: Զեկույցում ամփոփվում է 2018 թվականի հունիսից 2019-ի մայիս ընկած ժամանակահատվածը:

Նշենք նաև՝ 2018-ին Հայաստանը համացանցի առումով ազատ երկիր էր, իսկ 2017-ին՝ մասամբ ազատ: