ԱՄՆ նախագահը Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Պատժամիջոցները սահմանվել են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է անել անհապաղ զինադադար հաստատել Սիրիայում։ Փենսը վստահեցրել է, որ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում խիստ է խոսել Էրդողանի հետ: ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ շուտով մեկնելու է տարածաշրջան՝ միջնորդելու ճգնաժամի հանգուցալուծման նպատակով։

Թուրքիան հոկտեմբերի 9-ին սկսել է ռազմական գործողություններ ծավալել Սիրիայի հարավ-արևելքում: Այդ տարածաշրջանում արդեն ավելի քան 160 հազար քաղաքացիներ լքել են իրենց տները:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս չի պատրաստվում հանդուրժել Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Մենք կոչ ենք անում Թուրքիային կանգ առնել, վերջ տալ բռնություններին և նստել բանակցությունների սեղանի շուրջ», – հավելել է Փենսը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որոշում է ընդունելու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտոնատար անձանց նկատմամբ, դադարեցնել 100 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և 50 տոկոսով բարձրացնել Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքը։