ԱՄՀ-ն Նիգերիային 3,4 միլիարդ դոլար կհատկացնի` կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 3,4 միլիարդ դոլար կհատկացնի Նիգերիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այդ մասին նշվել է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«ԱՄՀ-ն համաձայնել է հրատապ օգնություն տրամադրել և 3,4 միլիարդ դոլարի չափով գումար հատկացնել Նիգերիայի իշխանություններին՝ COVID-19-ի պատճառով առաջացած լուրջ տնտեսական հետևանքների և նավթի գների կտրուկ անկման դեմ պայքարելու համար», – նշվել է մամուլի հաղորդագրության մեջ: 

«Նավթի գների անկումը և վիրուսի տարածումը զսպելու համար նախատեսված միջոցառումների հետաձգումը կարող է լրջորեն վնասել տարբեր ոլորտներին և առաջացնել երկրում ֆինանսավորման հետ կապված խնդիրներ»,- նույնպես նշվել է փաստաթղթում: Ըստ ԱՄՀ-ի, հատկացված միջոցները թույլ կտան Նիգերիային արտակարգ իրավիճակների ժամանակ հոգալ երկրի ընթացիկ կարիքները։

Ավելի վաղ, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ օգնություն են խնդրել ԱՄՀ-ից՝ կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարելու համար, և այդ դիմումների մոտ կեսն արդեն բավարարվել է: Հիմնադրամը պատրաստ է այդ նպատակով օգտագործել 1 տրիլիոն դոլար: